10.22.2025
Կատեգորիա
Մշակույթ
Լիլիթ Մանարյան

Հոկտեմբերի 4-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի ներքնահարկում բացվեց Լիլիթ Մանարյանի «12 ամիս Երևանում» ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված են նկարներ, որոնք պատկերում են Երևանը տարվա տարբեր եղանակներին։ 

Ցուցահանդեսի մասին խոսեցինք հենց նկարչուհու հետ:

-Ինչպե՞ս ծնվեց «12 ամիս Երևանում» ցուցահանդեսի գաղափարը։

-Գաղափարները սովորաբար մեկ օրվա մեջ չեն ծնվում։ Ես միշտ նկարել եմ Երևանը՝ իր բակերով, փողոցներով, գեղեցիկ ու ոչ այնքան գեղեցիկ անկյուններով։ Բայց այս տարի այդ թեման ինձ մի տեսակ տենդի պես կլանեց․ զգում էի, որ ամենուր պետք է Երևան տեսնեմ ու պատկերեմ՝ անգամ մի փոքր սկետչ, որ հետո դառնում էր ամբողջական նկար։ Այդպես էլ ձևավորվեց իմ այս տարվա ամփոփիչ ցուցահանդեսը։

-Դուք նկարել եք Երևանը տարվա տարբեր եղանակներին: Ձեր սրտին ամենամոտը ո՞ր եղանակն է։

-Ես ամռանն եմ ծնվել և շատ եմ սիրում ջերմությունն ու արևը։ Իմ նկարներում դեղինն ու նարնջագույնը գերիշխում են․ նույնիսկ երբ բացիկներն եմ տպում, հենց այդ գույներն են առաջինը վերջանում։ Այդքան շատ եմ սիրում այդ ջերմ ու պայծառ գույները։

-Նկարները նաև ներկայացրել էիք օրացույցի ձևաչափով։ Ինչպե՞ս ծնվեց այդ գաղափարը։

-Ի սկզբանե ես ու համադրող Լիան Պետրոսյանը մտածում էինք պարզապես կատալոգ ստեղծելու մասին։ Բայց այդ գաղափարը «սրտիս չնստեց»։ Հետո հանկարծ մտածեցի՝ ինչո՞ւ չլինի օրացույց։ Այդպես մարդիկ կարող էին ամբողջ տարվա ընթացքում տեսնել Երևանի պատկերները՝ ամիս առ ամիս։ Քանի որ ունեի տարբեր եղանակների նկարներ՝ և՛ ձմեռային, և՛ աշնանային, ամեն ամիս ներկայացրեցի համապատասխան նկարով։ Իսկ հետաքրքրության համար ամեն էջին ավելացրինք QR կոդ՝ ոչ ծեծված երևանյան երգերով։ Այդ երգերի հեղինակներն են հայրս՝ Քրիստ Մանարյանը, Տիգրան Աբգարյանը, Աշոտ Գասպարյանը և Դավիթ Հովհաննիսյանը, ով նաև օրացույցի առաջին տպաքանակի հովանավորն էր։

-Ձեր աշխատանքներում կան Երևանի տարբեր շրջաններից նկարներ` Քանաքեռից, Աբովյանից, Մոնումենտից։ Ո՞ր վայրն է Ձեր սրտին ամենամոտը։

-Ես կենտրոնից եմ․ մեր ընտանիքը՝ ծնողներս, տատիկ-պապիկներս, անգամ նրանց ծնողները, բոլորը ապրել են Երևանի կենտրոնում: Բայց ինձ շատ գրավում են արվարձանները։ Նախորդ ցուցահանդեսս անգամ կոչվում էր «Անվերջ արվարձան»։ Շատ եմ սիրում այնտեղի խաղաղությունն ու անկատարությունը՝ լի մարդկային ջերմությամբ և անկեղծությամբ։

-Դուք նշել եք, որ Ձեր աչքերում Երևանը պերսոնաժ է՝ հետպատերազմյան, հետխորհրդային, բայց միաժամանակ ժամանակակից: Ինչպե՞ս է դա արտահայտված Ձեր նկարներում:

-«Հետպատերազմյան» ասելով ես նկատի ունեմ ոչ միայն 90-ականների տարիները, այլև վերջին պատերազմների ազդեցությունը։ Թեպետ ուղիղ ակնարկներ չկան, բայց այդ տրամադրությունը զգացվում է որոշ նկարներում։ Օրինակ՝ «Հիշողություն զորամասից» ստեղծագործության մեջ պատկերված է զորամասի մատուռը, որտեղ հաճախ եմ լինում։ Նկարի մեջ կարծես արտացոլված է փոփոխված իրականությունը, և այնտեղ կարելի է նկատել խորհրդանշական դետալներ՝ սիմվոլների տեսքով։

-Ծրագրեր ունե՞ք ապագայում:

-Այո, ծրագրեր ունեմ։ Ապրիլին նախատեսվում է իմ նոր ցուցահանդեսը «Ամառ» ցուցասրահում, որը գտնվում է Զվարթնոց օդանավակայանում։ Այն նվիրված է Հայաստանին։ Դեռևս ծրագրերս այսքանն են։

Կիմա Սարգսյան