10.19.2025
Կատեգորիա
Կրոն
պատարագ

Կիրակի առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում տիրում էր խաղաղություն։ Զանգերի ձայները հնչում էին մեկը մյուսի հետևից՝ կանչելով հավատացյալներին տաճար։ Քարե կամարների տակ, խունկի բույրի մեջ, մարդիկ կանգած էին հանգիստ, խաղաղ։ Տարբեր դեմքեր, տարբեր մտորումներ, բայց նույն լռությունը՝ աղոթքի մեջ միավորված։

Սկսվեց պատարագը, հոգևորականների երգեցողությունը լցրեց տաճարը։ Ձայները բարձրանում էին դեպի գմբեթը՝ խառնվելով լռությանը։ Հավատացյալներից ոմանք խաչակնքվում էին, մյուսները՝ լուռ աղոթում։ 

Հայր Շահան Մելքոնյանը ներկայացրեց օրվա պատգամը. «Այսօրվա Ճաշու ընթերցումը Պողոս առաքյալի թուղթն է ուղղված Գաղատացիներին։ Առաքյալն ասում է. «Ուստի ծառա չես, այլ որդի, և եթե որդի ես, ապա և ժառանգորդը Աստուծո»։ Մկրտությամբ Աստծո որդիները լինելով, արժանանում ենք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի եղբայրները և քույրերը դառնալու շնորհին։ Երկնքի արքայության ժառանգորդները լինելով, Աստուծո զավակները կոչվելով, պարտավորված ենք Տիրոջ կամքը կատարել և մեզ խոստացված ժառանգությունը ստանալու փափագով, ապրել մեր երկրային կյանքը»։ 

Քահանայի քարոզը հնչում էր պարզ ու հասկանալի։ Նա խոսում էր ներելու, համբերելու և միմյանց հանդեպ սիրո մասին՝ հիշեցնելով, որ հավատքը սկսվում է ոչ թե խոսքերից, այլ վերաբերմունքից։ Մարդիկ լսում էին լուռ, ոմանք՝ գլխիկոր, մյուսները՝ հայացքով դեպի խորանը։

Հավատացյալներից մեկը՝ տիկին Լուսինեն, ով ամեն կիրակի գալիս է պատարագի, ասում է․ «էստեղի էներգիան ուրիշ է։ Երբ մտնում ես տաճար, թվում է՝ բոլոր խնդիրներդ դուրսն ես թողնում՝ դռան մոտ։ Էստեղ մարդու հոգին հանգստանում է, ու նա գիտակցում է, թե ինչքան բան ունի շնորհակալ լինլու համար»։

Զանգերի ղողանջն ազդարարեց պատարագի ավարտը։ Մարդիկ դուրս եկան տաճարից՝ հանգիստ, առանց աղմուկի։ Մայր Աթոռի բակում լույսը փոխվել էր՝ դարձել ավելի պայծառ, իսկ օդում դեռ կանգնած էր խունկի բույրը։ Թվում էր, թե յուրաքանչյուրն իր հետ տանում է այդ առավոտվա խաղաղության, լռության ու հավատքի մասնիկը։

Նկարները՝ հեղինակի

Անահիտ Իսրայելյան