Հոկտեմբերի 19-ին Հայաստանում նշվեց Քրեակատարողական ծառայության 106-ամյակը և ծառայողի մասնագիտական օրը։ Այդ կապակցությամբ կայացավ հանդիսավոր նիստ։
Նիստին ներկա էին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Պարսիլյանը, ինչպես նաև մի շարք միջազգային գործընկերներ։
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն, որի ընթացքում Քրեակատարողական ծառայության մի շարք աշխատակիցներ խրախուսվեցին իրենց օրինակելի ծառայության և նվիրված աշխատանքի համար։ Պարգևները հանձնեցին արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը և ծառայության գլխավոր քարտուղար Տիգրան Իգիթյանը։
Հանդիսավոր նիստից հետո անցկացվեց «Քրեակատարողական համակարգ․ բարեփոխումներ և մարտահրավերներ» խորագրով գիտաժողովը։ Բանախոսները անդրադարձան Քրեակատարողական ծառայության բարեփոխման ծրագրերին, որոնք ներառում են ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանությունը, հոգեբանական աջակցությունը, ինչպես նաև վերասոցիալականացման ծրագրերի ներդրումն ու զարգացումը։
Գիտաժողովի ընթացքում Քրեակատարողական ծառայության աշխատակիցները, հարակից ոլորտների մասնագետներն ու ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալու միջազգային փորձին, հայաստանյան վիճակագրական տվյալներին, ինչպես նաև վերասոցիալականացման և կրթական ծրագրերի ազդեցությանը ազատազրկված անձանց վարքային փոփոխությունների վրա։
Բանախոսություններով հանդես եկան թե՛ Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչներ, թե՛ միջազգային գործընկերներ և ոլորտային մասնագետներ։
Գիտաժողովի ընթացքում ելույթ ունեցավ նաև «Արմավիր» Քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկը, որը սեփական օրինակով ներկայացրեց կրթության կարևորությունը և կրթություն ստանալու հնարավորությունները քրեակատարողական հիմնարկներում։
Գիտաժողովը եզրափակվեց հարց ու պատասխանի ձևաչափով քննարկմամբ, որի ընթացքում անդրադարձ կատարվեց քրեակատարողական հիմնարկներում իրականացվող բարեփոխումներին, դրանց դրական արդյունքներին, առկա խնդիրներին և վերասոցիալականացման ծրագրերի հետագա զարգացման հեռանկարներին։
Լուսանկարները՝ Քրեակատարողական ծառայության կայքից