10.30.2025
Կատեգորիա
Կրթություն
ուսանողականFest2025

Հոկտեմբերի 26-ի առավոտյան Երևանի հյուրանոցներից մեկի բակը մարդաշատ էր․ Հայաստանի տարբեր բուհերի ավելի քան 300 ուսանող եկել էր մասնակցելու ՈւսանողականFest2025-ին։ Միջոցառումը կազմակերպել էր «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» թիմը՝ Ամերիա բանկի աջակցությամբ։ 

Ուսանողները գրանցվում էին բակային տարածքում։ Սեղաններին դրված էին փոքրիկ զամբյուղներ, ներսում՝ թերթիկներ։ Յուրաքանչյուր ուսանող մոտենում էր, քաշում թերթիկը և այդպես որոշվում էր՝ նա որ դահլիճում է մասնակցելու սեմինարներին․ «Առաջնորդի՛ր հանուն Հայաստանի» կամ «Ոգեշնչի՛ր հանուն Հայաստանի»։ Ըստ ընտրված խմբի՝ ստանում էին կապույտ կամ կարմիր բեյջեր։ Ոմանք արդեն հասցրել էին նոր ծանոթություններ գտնել։ Հնչում էին առաջին «բարև»-ներն ու հումորները։ Մյուսները շփոթված հայացքով փորձում էին գտնել իրենց խմբակիցներին։ Թեթև աղմուկի մեջ ժամանակ առ ժամանակ հնչում էին բարձր ձայներ՝ «Վայ, դու էլ ես իմ խմբից», «Ինչ լավա, միասին կլինենք»։

Ներսում՝ հյուրանոցի երկու տարբեր դահլիճներում, մեկնարկեցին սեմինարները։ Յուրաքանչյուրի աթոռին դրված էին նվերներ՝ էկո պայուսակներ, նոթատետրեր, գրիչներ, հուշանվերներ։ Սեմինարները ինտերակտիվ բնույթ ունեին։ Բանախոսները պատմում էին իրենց կյանքի մասին, իսկ ուսանողները՝ հարցեր տալիս։ Բանախոսներից մեկը գործարար Արեգ Գևորգյանն էր, ով պատմեց իր հաջողությունների ու ձախողումների մասին՝ շեշտելով փորձի կարևորությունը․

-Հաջողակ պատմությունների մասին բոլորը պատմում են։ Դուք լսեք ձախողումների մասին, որովհետև հենց դրանք են ձեզ ավելի լավը դարձնելու ու ուժեղացնելու։

Խոսքի վերջում նա հավելեց․

ս հույս ունեմ, որ մի օր հենց ձեր պատմությունները կլսեմ այս բեմից։

Օրվա երկրորդ հատվածը կրկին տեղափոխվեց հյուրանոցի բակային տարածք։ Սեղանների վրա արդեն պատրաստ էր հյուրասիրությունը։ Բակում տեղադրված էին նաև ֆոտոխցիկներ, որտեղ յուրաքանչյուրը կարող էր լուսանկարվել և տեղում ստանալ նկարը։ Ոմանք մոտենում էին միայնակ, ոմանք՝ ընկերների հետ։

Ավելի ուշ հերթն ազգային պարերինն էր։ Ուսանողները բռնեցին միմյանց ձեռքերը և արագ ձևավորեցին մեծ շրջան։ Երբ սկսեց անձրևը, ոչ ոք չէր շտապում ներս մտնել։ Պարն ու երաժշտությունը շարունակվում էին։ Օրվա ավարտին ուսանողները շարունակում էին լուսանկարվել, փոխանակել կոնտակտներ և քննարկել օրվա տպավորությունները։ 

ՈւսանողականFest2025-ին տարբեր բուհերից եկած երիտասարդները հավաքվել էին մեկ վայրում ՝ սովորելու, հարցեր տալու, ու պարզապես օրը վայելելու համար։

 

Լուսանկարները՝ հեղինակի 

Մանե Ասատրյան