Սոցցանցերում ոչինչ պատահական չի լինում․ բովանդակության հետևում կանգնած է SMM մասնագետը՝ մարդ, ով հաշվում է արձագանքները, ընտրում ճիշտ բառը և ամեն like-ի հետևում տեսնում ռազմավարություն։ Ոլորտի առանձնահատկությունների մասին խոսել ենք այդ աշխարհի մասին Սուսաննա Մելիքյանի հետ, ով արդեն հինգ տարի աշխատում է թվային հաղորդակցման ոլորտում։
-Սուսաննա, ինչպե՞ս հայտնվեցիք SMM ոլորտում։ Դա գիտակցված ընտրությո՞ւն էր։
-Իմ դեպքում ամեն ինչ սկսվեց շատ առօրյա հետաքրքրությունից․ սիրում էի նկարել, մոնտաժել, աշխատել սոցիալական ցանցերում։ Սկզբում ղեկավարում էի փոքրիկ էջ պարզապես հոբբիի համար, հետո նկատեցի, որ իրականում սա կարող է նաև մասնագիտություն լինել։ Այդ պահին արդեն գիտակցված որոշեցի խորանալ ոլորտի մեջ։
-Շատերը կարծում են, թե SMM-ը պարզապես հրապարակումներ անելն է։ Իրականում ինչի՞ մասին է այս մասնագիտությունը։
-Դա ամենատարածված միտքն է։ Իրականում SMM-ը մի խաչմերուկ է՝ մարքեթինգ, վերլուծություն, հոգեբանություն, դիզայն և հաճախորդներ։ Պետք է ոչ թե պարզապես հրապարակումներ անել, այլ հասկանալ՝ ում, որ ժամին և ինչ ձևով ասել, որպեսզի ստանալ արձագանք:
-Իսկ ո՞րն է այս աշխատանքի ամենագրավիչ կողմը։
-Ամեն օր նույնը չէ։ Կարող ես այսօր աշխատել սրճարանի էջով, վաղը՝ տեխնոլոգիական ստարտափով։ Յուրաքանչյուր անգամ տեղափոխվում ես նոր աշխարհ և փորձում ես այդ լեզվով խոսել լսարանի հետ։ Այդ փոփոխականությունն է, որ ինձ մշտապես հետաքրքրված է պահում։
-Ձեր ասածից հետևում է, որ այստեղ կարևորը նաև մարդկանց հասկանալն է։ SMM մասնագետը մի քիչ հոգեբան էլ պետք է լինի՞։
-Միանշանակ։ Լավ SMM մասնագետը չի գրում պարզապես տեքստ․ նա փորձում է հասկանալ, թե ինչ է ուզում լսարանը ստանալ։ Երբեմն ճիշտ է նույնիսկ ոչինչ չասել, քան ասել սխալ բան։ Լեզուն, տոնը, հումորը՝ այդ ամենը հաշվարկված է։
-Ի՞նչ նախագծեր կամ էջեր եք վարել, որոնք ձեզ համար առանձնահատուկ են եղել։
-Տարբեր ոլորտներում եմ աշխատել. եղել են սրճարաններ, ուսումնական հարթակներ, տեխնոլոգիական ստարտափեր։ Ամենից հիշվողներից մեկը, թերևս, մի փոքրիկ բրենդ էր, որը սկզբում ուներ ընդամենը 200 հետևորդ։ Մենք ճիշտ բովանդակությամբ ու պլանով հասցրինք այն մի քանի ամսում դարձնել ճանաչելի։
-Կարծիք կա, որ առանց բարձրագույն կրթության էլ կարելի է հաջողել այս ոլորտում։ Համաձա՞յն եք։
-Ես ինքս չունեմ մասնագիտացված բարձրագույն կրթություն մարքեթինգի ոլորտում, բայց դա չի խանգարել աճել։ Այստեղ կարևոր է ոչ թե դիպլոմը, այլ՝ արդիական գիտելիքը։ Ունեմ ընկերներ, ովքեր ավարտել են համալսարան, բայց աշխատում են հին մեթոդներով, և ունեմ ընկերներ, ովքեր սովորել են առցանց դասերով ու հիմա ղեկավարում են թիմեր։
-Իսկ ինչպե՞ս կարող է ինքնակրթվել մեկը, ով ուզում է այս ոլորտ մտնել առանց դիպլոմի։
-Նախ պետք է սկսել փոքրից՝ փորձել այնպես, ինչպես ես. վարել փոքր էջեր, ստեղծել բովանդակություն, վերլուծել ուրիշների աշխատանքները։ Այսօր կան անվճար հարթակներ, պատրաստ case-եր, նույնիսկ TikTok-ում կարող ես շատ բան սովորել, եթե ճիշտ աղբյուրներ գտնես։ Սովորելը պետք է դառնա առօրյա սովորություն։
-Եթե ձեր մասնագիտությունը մի բառով ներկայացնեիք ոչ թե լսարանին, այլ հենց ձեզ, որ բառը կլիներ դա, և ինչո՞ւ։
-Ես կընտրեի «շարժում» բառը։ Որովհետև այս ոլորտում ոչինչ կանգնած չէ․ ալգորիթմները փոխվում են, մարդիկ փոխում են վարքը, բիզնեսները փոխում են լեզուն։ Եթե կանգ ես առնում, սկսում ես հետ մնալ։ Շարժումը ոչ միայն աշխատանքային ռիթմ է, այլ նաև մտածողության ձև․ միշտ հետաքրքրվել, չկաշկանդվել փորձելուց, նույնիսկ եթե առաջին անգամը չի ստացվելու։
-Եվ եթե այդ նույն բառը մի օր կորցնի իր նշանակությունը ձեր համար, կհասկանա՞ք, որ ժամանակն է փակել էջը ու բացել նոր մեկը։
-Այո, և դրա մեջ վախեցնող բան չեմ տեսնում։ Եթե մի օր հասկանամ, որ այլևս շարժում չեմ զգում, որ իմ աշխատանքն այլևս ինձ չի զարմացնում ու չի պահանջում աճել, այդ օրը կհամարեմ ոչ թե ավարտ, այլ հաջորդ էջի սկիզբ։ Ի վերջո, SMM-ը հենց դա է սովորեցնում՝ ամեն ինչ ունի իր սկիզբն ու ավարտը։ Կարևորը ժամանակին նկատել, որ նոր շրջափուլ է եկել։