Ինչպես է ReEducate-ը փոխում սովորելու ձևը՝ կրթությունը դարձնելով տեխնոլոգիական և անհատականացված:
Հարութ, կպատմե՞ք՝ ինչպես ծնվեց ReEducate-ի գաղափարը։
-ReEducate-ի գաղափարը ծնվեց այն ժամանակ, երբ Հայաստանում միաժամանակ COVID-19 համավարակն ու պատերազմը լուրջ ազդեցություն ունեցան կրթական համակարգի վրա։ Այդ շրջանում պարզ դարձավ, որ առկա են խորքային բացեր․ դասերը օֆլայն ձևաչափից արագ տեղափոխվեցին օնլայն հարթակ, և այդ գործընթացը ցույց տվեց համակարգի խոցելի կողմերը։ Սկզբում մեր ծրագիրը կոչվում էր ARBooks, և նպատակն էր հեքիաթային գրքերը դարձնել թվային՝ AR տեխնոլոգիայի օգնությամբ, որպեսզի երեխաների համար ընթերցանությունը դառնա ավելի հետաքրքիր։ Սակայն առաջին ներկայացման ժամանակ հասկացանք, որ կարող ենք շատ ավելի մեծ խնդիր լուծել։ Ուսուցիչների և աշակերտների հետ շփվելով` պարզեցինք իրական կարիքները, և այդ պահից սկսեցինք մշակել ReEducate հարթակը։
-Ինչպե՞ս կբնութագրեիք ReEducate-ի հիմնական գաղափարը։
-Մեր նպատակն է փակել այն բացը, որը գոյություն ունի ավանդական կրթական համակարգի և ժամանակակից տեխնոլոգիաների միջև։ Մինչ այս բոլորին նույն ձևով էին սովորեցնում՝ ուսուցիչը պատմում էր, աշակերտը` լսում։ Սակայն յուրաքանչյուր աշակերտ ունի իր ընկալելու ձևը։ ReEducate-ը ստեղծվել է ոչ թե ուսուցիչներին փոխարինելու, այլ նրանց նոր գործիքներ տրամադրելու համար, որպեսզի կրթությունը դառնա ավելի անհատականացված, իսկ ուսուցիչները կարողանան պատրաստ լինել նոր սերնդի մարտահրավերներին։
-Ինչպե՞ս եք կիրառում AR և VR տեխնոլոգիաները հարթակում։
-Այս պահին հիմնականում օգտագործում ենք AR տեխնոլոգիաներ։ Դրանք հնարավորություն են տալիս աշակերտներին իրական 3D միջավայրում տեսնել ուսուցողական մոդելներ՝ օրինակ՝ քիմիական փորձեր, մարդու սիրտ և այլն։ Քանի որ մարդիկ ինֆորմացիայի շուրջ 70 տոկոսը ստանում են տեսողական ձևով, այս մեթոդը գիտելիքը դարձնում է ավելի մնայուն և հասկանալի։ Մենք իրականացրել ենք փորձ երկու դասարաններում։ Մեկը սովորել է ReEducate-ի միջոցով, մյուսը՝ առանց դրա։ Արդյունքում մեր ծրագրով աշխատած աշակերտները ցույց են տվել ավելի բարձր առաջադիմություն, նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար դժվարանում էին դասերում։
-Ինչպե՞ս արձագանքեցին ուսուցիչները, երբ առաջին անգամ ներկայացրիք ծրագիրը։
-Սկզբնական շրջանում որոշ ուսուցիչներ թերահավատորեն էին մոտենում։ Երբ լսում էին, որ դասի ընթացքում պետք է օգտագործվեն հեռախոսներ կամ տեխնոլոգիաներ, միանգամից ասում էին՝ «ոչ, աշակերտները կշեղվեն»։ Սակայն երբ փորձեցին ծրագիրը, հասկացան, որ այն ոչ միայն չի շեղում, այլև օգնում է դասավանդման գործընթացին։ Դասերը դառնում են ավելի արդյունավետ, ժամանակը՝ խնայող, իսկ աշակերտները՝ ավելի մոտիվացված։
-Որո՞նք են այն հիմնական մարտահրավերները, որոնց բախվում եք Հայաստանում։
-Մեր հիմնական մարտահրավերը թվային կրթության ներմուծումն է կրթական համակարգ։ Կրթությունը շատ նուրբ ոլորտ է, և սկզբում դպրոցները խուսափում են փոփոխություններից։ Սակայն ժամանակի ընթացքում, երբ տեսնում են արդյունքները, իրենք են սկսում առաջարկություններ անել և համագործակցել մեզ հետ։
-Ինչո՞վ է ReEducate-ը տարբերվում մյուս կրթական հարթակներից։
-Շատ հարթակներ առաջարկում են արդեն պատրաստի բովանդակություն, որը ուսուցիչները պարզապես կարող են օգտագործել։ Մենք այլ մոտեցում ենք ընտրել․ մենք տալիս ենք գործիքներ, որպեսզի ուսուցիչները կարողանան իրենց աշակերտների կարիքներին համապատասխան ստեղծել կրթական բովանդակություն։ Այսինքն՝ մենք չենք սահմանում՝ ինչ սովորեցնել, այլ օգնում ենք հասկանալ՝ ինչպես սովորեցնել։
-Արդյոք նախատեսում եք դուրս գալ միջազգային շուկա։
-Այո՛, վաղուց ենք մտածում այդ ուղղությամբ և արդեն անում ենք հստակ քայլեր։ Ներկայում բանակցում ենք Միացյալ Արաբական Էմիրությունների դպրոցների հետ, և հաջորդ տարվա սկզբին այնտեղ կանցկացվի դեմո-փորձարկում, որպեսզի նրանք նույնպես կիրառեն մեր հարթակը իրենց կրթական համակարգում։
-Ի՞նչն է, Ձեր կարծիքով, ReEducate-ի հաջողության գաղտնիքը։
-Մարդկային մոտեցումն ու շարունակական զարգացումը։ Մենք մշտապես լսում ենք ուսուցիչներին և աշակերտներին՝ հասկանալու նրանց իրական կարիքները։ Այդ երկկողմ կապն է, որ պահում է ReEducate-ին կենդանի ու զարգացող հարթակ։
-Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդներին, ովքեր ցանկանում են տեխնոլոգիական ստարտափ սկսել կրթության ոլորտում։
-Կրթությունը բարդ, բայց շատ շնորհակալ ոլորտ է։ Պետք է մեծ համբերություն ունենալ և չվախենալ փորձել։ Կարևորը՝ խոսել մարդկանց հետ, հասկանալ իրական խնդիրները և միայն հետո ստեղծել լուծումներ։ Տեխնոլոգիան ինքնին արժեք չունի, եթե այն չի ծառայում մարդուն։
-Եվ վերջում՝ եթե մեկ նախադասությամբ պետք է ձևակերպեք ReEducate-ի առաքելությունը, ինչպե՞ս կասեք։
-Մեր առաքելությունն է փակել ավանդական կրթության և տեխնոլոգիաների միջև եղած բացը, ապահովել, որ յուրաքանչյուր աշակերտ՝ անկախ գտնվելու վայրից կամ սոցիալական վիճակից, ստանա բարձր որակի, անհատականացված կրթություն՝ հավասար հնարավորություններով։