Հոկտեմբերի 24-ին Tashir Arena-ի բեմը լցվեց լույսերով, երաժշտությամբ և հիացմունքով։ Երևանի կրկեսային դահլիճի պաշտոնական բացումը խորհրդանշեց հայկական կրկեսի նոր ժամանակաշրջանի սկիզբը։
Բացման արարողությանը ներկա էին մշակույթի և բիզնեսի, բարեգործական կազմակերպությունների և մեդիա ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև շոու-բիզնեսի աստղեր, արտիստներ ու բլոգերներ։
Տոնական երեկոյի սկիզբը խորհրդանշական էր․ արենայի ստեղծագործական թիմի ղեկավար Տաթևիկ Կարապետյանը բացեց արենայի դռները՝ հրավիրելով առաջին հյուրերին նոր դահլիճ։
«Այսօր մենք բացում ենք Tashir Arena-ի դռները։ Սա ոչ թե պարզապես նոր հարթակ է, այլ վայր, որը դառնալու է Հայաստանի մշակութային կյանքի կենտրոնը։ Այստեղ միաձուլվում են արվեստը, ներշնչանքը, բացառիկ տաղանդը և սերը մեր երկրի հանդեպ։ Այս նախագիծը հնարավոր դարձավ թիմի անսահման նվիրումի շնորհիվ, և ես հպարտ եմ, որ մեր երազանքը իրականություն դարձավ։ Չնայած բոլոր դժվարություններին՝ մենք հավատում ենք արվեստի ուժին, բարությանը, որը միշտ հաղթում է», — ասաց Տաթևիկ Կարապետյանը։
Այս անգամ, կենդանիներ չկային, բեմ բարձրացան մարդիկ, լույսերն ու տեխնոլոգիան․ կրկեսը փոխվել է։ Լուսաձայնային շոուները, օդային ակրոբատիկ համարներն ու հատուկ էֆեկտները ստեղծում էին հեքիաթային մթնոլորտ՝ ընդգծելով ժամանակակից արվեստի և տեխնոլոգիայի միաձուլումը։
Շրջանաձև դահլիճի գունային անցումները, երաժշտական ձևավորումը և ներկայացումների ռիթմը ներդաշնակորեն համադրված էին՝ ապահովելով դիտարժան ներկայացում։ Մի քանի համարների ընթացքում բեմում կիրառվեցին նորարարական լուծումներ․ դրանցից առանձնանում էր ռոբոտ շունը, որը իր շարժումներով ու հրամանները կատարելու կարողությամբ գրեթե չէր տարբերվում իրականից։
Երեխաներից մեկը՝ Դանիելը, մեզ հետ կիսեց իր տպավորությունները. «Ես ոչ մի անգամ կրկեսում չէի եղել։ Մամայիս ասեցի, որ ինձ ամեն օր բերի կրկես, ինքն էլ ասեց՝ եթե դասերս լավ սովորեմ՝ կբերի»։
Tashir Arena-ն նոր սերնդի մշակութային և ժամանցային ինքնատիպ համալիր է, որը կառուցվել է միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան։
Երեկոյի ամենավառ պահը դարձավ ETERNIA շոուի պրեմիերան՝ մեծամասշտաբ թատերական ու երաժշտական ներկայացում, որը խորհրդանշում է Երևանի կրկեսի նոր դարաշրջանը։ Ներկայացումը տպավորեց իր բեմադրական լուծումներով, տեխնիկական հագեցվածությամբ և հնչյունային ճշգրտությամբ՝ ցույց տալով, որ նորագույն հայկական արենան այսօր չի զիջում աշխարհի առաջատար դահլիճներին։
Երեկոն ավարտվեց պայթող փայլերի հրավառությամբ և ուրախ երաժշտությամբ։ Կրկեսը վերադարձավ՝ ավելի վառ, ավելի ժամանակակից ու ավելի բեմական, քան երբևէ։
Նկարները՝ KamoBlog-ի