10.31.2025
Կատեգորիա
Կրոն
կապույտ մզկիթ

Մաշտոցի պողոտայի ամենամարդաշատ հատվածում, որտեղ խանութների աղմուկն ու մեքենաների հոսքը երբեք չեն դադարում, մի ակնթարթում փոխվում է իրականությունը։ Կապույտ ու սպիտակ դարպասից ներս մտնելուն պես քաղաքային աղմուկը մարում է, և քեզ ընդունում է խաղաղ լռությունը։ Այստեղ է գտնվում Կապույտ մզկիթը՝ Երևանի հնագույն և միակ գործող մզկիթը, որտեղ ամեն ուրբաթ հնչում է ազանի ձայնը:

Կապույտ մզկիթը կառուցվել է 1766 թվականին՝ Երևանի սարդար Հուսեյն Ալի Խանի օրոք։ Գմբեթը՝ կապույտ հախճապակե զարդանախշերով, տեսանելի է դեռ փողոցից։ Ավելի քան երկու դար անց այն շարունակում է պահպանել իր գոյությունը՝ որպես խաղաղության խորհրդանիշ։

Խորհրդային տարիներին, երբ կրոնական կառույցները զանգվածաբար քանդվում էին, մզկիթը ևս վտանգի տակ էր։ Սակայն մի խումբ հայ մտավորականներ՝ նրանց թվում Եղիշե Չարենցը, պայքարեցին դրա պահպանման համար։

Ժամը վեցն անց կես է։ Մզկիթի բակում սկսում են հավաքվել մարդիկ՝ հիմնականում Հայաստանում ապրող իրանցի ընտանիքներ, ուսանողներ և դիվանագիտական ներկայացուցիչներ։ Նրանց համար Կապույտ մզկիթը ոչ միայն աղոթավայր է, այլև հոգևոր կապ հայրենիքի հետ։

Ազանի մեղմ ձայնը բարձրանում է մինարեից ու տարածվում բակով։ Լռությունը դառնում է ամբողջական։ Կանայք մտնում են աջ դռնից, տղամարդիկ՝ ձախից․ սա ավանդույթ է՝ հարգանքի և աղոթքի մաքրության նշան։

Մուտքի մոտ կանայք հանում են կոշիկները, ուշադիր դասավորում կողքի դարակներին։ Նրանք մտնում են աջ դռնից և բարձրանում նեղ քարե աստիճաններով՝ երկրորդ հարկ։

Տղամարդիկ մտնում են ձախ՝ հարավային մեծ դռնից։ Կապույտ գմբեթից ներքև՝ գորգերով ծածկված ընդարձակ դահլիճում 40-50 հոգի են։ Օդում տարածվում է խունկի և հին գորգերի բույրը։

Ներսում՝ գորգերով ծածկված դահլիճում, աղոթողները շարժվում են ներդաշնակությամբ․ միաժամանակ խոնարհվող մարմիններ, համաչափ շունչ, մեկ ուղղություն դեպի հավատը։ Մոլլայի ձայնը մեղմորեն ուղեկցում է նրանց՝ ստեղծելով խաղաղության պատկեր, որը, ինչպես ասում են այցելուները, հազվադեպ է զգացվում քաղաքի կենտրոնում։ Աղոթքը տևում է 25 րոպե։

Աղոթքից հետո մզկիթի բակը կրկին լցվում է կյանքի ձայներով․ մարդիկ զրուցում են, երեխաները վազում են ջրավազանի շուրջ, իսկ ծառերի ստվերում խմում են տաք պարսկական թեյ։

«Կապույտ մզկիթում մենք ոչ միայն աղոթում ենք, այլև սովորում տարբեր բաներ մեր կրոնի և լեզվի մասին», — ասում է զբոսաշրջիկ Մարիամը։ 

Երբ դարպասից դուրս ես գալիս, քաղաքային աղմուկը նորից շրջապատում է քեզ։ Բայց ներսում զգացած խաղաղությունը չի մարում՝ թվում է, այն շարունակում է ապրել քեզ հետ։ Կապույտ մզկիթը մնում է իր տեղում՝ Մաշտոցի պողոտայի աղմուկոտ հոսքի մեջ, որպես հիշեցում, որ տարբեր հավատքներ ու մշակույթներ կարող են ապրել կողք կողքի՝ փոխադարձ հարգանքով ու լռության խաղաղությամբ։

Լիանա Թեհմուրյան