Երևանի քաղաքապետարանը մեկ ծառի համար վճարում է 20,000- 90,000 դրամ՝ կախված տեսակից ու չափից։ Բայց երբ ծառը ապօրինաբար հատվում է, այդ արժեքը ոչ ոք չի փոխհատուցում։
2023-ին, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տվյալներով, արձանագրվել է ապօրինի ծառահատման մոտ 1000 դեպք։ Սակայն Համաշխարհային բանկի տվյալներով՝ ծառահատումների իրական թվերը կարող են լինել 20–30 անգամ ավելի, քանի որ պաշտոնապես գրանցված վառելափայտի ծավալը տարեկան 4,000 մ³ է, մինչդեռ օգտագործումը հասնում է շուրջ 1.55 միլիոն մ³-ի։ Ըստ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տվյալների՝ ընդհանուր ֆինանսական կորուստը կարող է կազմել 20- 90 միլիոն դրամ, իսկ եթե հաշվի առնենք, որ ապօրինի ծառահատման իրական ծավալը կարող է լինել 20–30 անգամ ավելի մեծ, ապա այդ գումարը կարող է հասնել 465–930 միլիոն դրամի։
Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը 2024 թվականի հոկտեմբերի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է. «Ապօրինի ծառահատումները էկոհամակարգերի խախտման, հողերի էրոզիայի և կլիմայական փոփոխությունների արագացման պատճառ են դառնում։ Դրանք նվազեցնում են ծառերի կենսական դերը՝ օդի մաքրում, կենսաբազմազանության պահպանում և հողերի կայունություն։
Մեծ են ֆինանսական կորուստները, և սա ավելացնում է համայնքների սոցիալ-տնտեսական խնդիրները։ Բացի այդ, խախտվում են բնապահպանական նորմերը, ինչը բերում է երկարաժամկետ վնասներ, որոնց հետևանքները կարող են զգացվել ոչ միայն այսօրվա, այլ նաև վաղվա սերունդների համար»։
Ապօրինի ծառահատման համար նախատեսված են վարչական տուգանքներ՝ 50,000–300,000 դրամի սահմաններում, իսկ խոշոր չափերով վնասի դեպքում՝ քրեական պատասխանատվություն՝ ազատազրկում մինչև 5 տարի (ՀՀ ՔՕ 296-րդ հոդված)։
Մեզ հետ զրույցում «Հայկական բնապահպանական ճակատ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը նշեց. «Քաղաքի որոշ ծայրամասային հատվածներում ծառահատումների խնդիրը սուր է դրսևորվում։ Նոր Նորք, Ավան և Դավթաշեն վարչական շրջաններում արձանագրվել են կանաչ գոտիների նպատակային կամ ինքնակամ ոչնչացման դեպքեր՝ կառուցապատման կամ կոմունալ նպատակներով։ Այս հատվածներում ծառահատումները երբեմն իրականացվում են թույլատրվածից ավելի՝ անբավարար վերահսկողության կամ իրավական բացերի պատճառով»։
Արբանյակային համակարգով դիտելով տարբեր տարիների պատկերներ՝ կարող ենք համեմատել և հասկանալ, թե օրինակ Նոր Նորք վարչական շրջանում ինչ փոփոխություններ են տեղի ունեցել մեկ տարվա տարբերությամբ։ Պատկերից պարզ է դառնում, որ դպրոցի տարածքը մեծացնելու համար գրեթե ամբողջ տարածքը շրջապատող ծառերը վերացվել են։ Տարածքի ընդլայնման նպատակով ծառերի հատումը ներկայացվում է որպես առաջնային խնդիր, մինչդեռ դրա օրինական կամ ապօրինի լինելը մղվում է երկրորդ պլան։
Եվս մեկ օրինակ Նոր Նորք վարչական շրջանից՝ կրկին նույն նկարագրությամբ։
Այս նույն տարածքը երեք տարվա ընթացքում փոփոխություններ է կրել, և այստեղ նույնպես երևում է ծառերի հատումը՝ կառույցը ամբողջացնելու համար։
Այս մեկն էլ Ջրվեժ համայնքից։ Արբանյակային տարբերակով նոր թարմացում չկա տարածքից, սակայն ունենք իրական լուսանկար։ Այս ամբողջ կանաչապատ տարածքը այլևս չկա․ հիմա այդտեղ նորակառույց է բարձրանում։
Այսպիսով, տարբեր պատճառներով իրականացվող ծառահատումներն ուղեկցվում են կրկնակի վնասով՝ ինչպես հողերի էրոզիա և թթվածնի պակաս, այնպես էլ շինարարական աղբ ու փոշի։
Լուսանկարները՝ Google map-ի և Անի Իսկանդարյանի