Հայաստանում 1988-2024 թթ․ գրանցվել է ՄԻԱՎ վարակի 6076 դեպք, որոնցից շուրջ 70%-ը՝ արական սեռի ներկայացուցիչների շրջանում։ Մասնագետների խոսքով՝ իրական թիվը կարող է ավելի մեծ լինել, քանի որ շատերը խուսափում են հետազոտվելուց։
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բժիշկ-վարակաբան Ելենա Սիլկան շեշտում է, որ հիվանդության վաղ հայտնաբերման լավագույն միջոցը տարին մեկ անգամ հետազոտվելն է․ «Շատերը կարծում են, թե պետք է միայն ախտանշանների դեպքում ստուգվել, բայց անգամ գանգատ չունեցող անձը կարող է վարակակիր լինել։ Հետազոտությունը անվճար է, անանուն և արագ․ 15-20 րոպեում տրվում է պատասխանը։ Ինչքան շուտ հայտնաբերվի վարակը, այնքան ավելի հավանական է, որ հնարավոր կլինի կանխել բարդությունները»։
Հայաստանում հիմնական ռիսկային խմբի մեջ են միգրանտները (հատկապես Ռուսաստան մեկնող անձինք), կոմերցիոն սեռական ծառայություններ մատուցողները, ներարկային թմրանյութեր օգտագործողները, ինչպես նաև տղամարդու հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդիկ։ Դրական արդյունքի դեպքում հիվանդներին ոչ միայն բուժում է առաջարկվում, այլև սոցիալական ու իրավական աջակցություն։ Սակայն խտրական վերաբերմունքը շարունակում է խնդիր մնալ․ «Ցավոք, Հայաստանում անգամ ընտանիքի անդամների կողմից ՄԻԱՎ վարակով մարդը կարող է ճնշման ու մեկուսացման ենթարկվել։ Մինչդեռ պետք է իմանալ, որ դեղամիջոցներ ընդունող անձը ապրում է լիարժեք կյանքով. հիվանդությունը չի փոխանցվում համատեղ կենցաղ վարելիս, ձեռք սեղմելիս, համբուրելիս կամ նույնիսկ հազի և փռշտոցի միջոցով։ Վարակման ուղիները սահմանափակվում են սեռական ճանապարհով, արյան միջոցով և մորից երեխային»։
Վարակաբան Ելենա Սիլկան նշում է, որ կանխարգելման նպատակով Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը պարբերաբար այցելում է մարզային կլինիկաներ՝ արագ թեստավորում իրականացնելու համար։ Այդպես հնարավոր է հիվանդներին ընդգրկել դիսպանսեր հսկողության տակ։ Բացի այդ, ոլորտում ակտիվորեն ներգրավված են առողջապահական և հասարակական կառույցներ։ Կիրառվում է նաև «հավասարը՝ հավասարին» մոտեցումը, երբ ՄԻԱՎ վարակով անձը իր փորձով ու խորհրդով աջակցում է նոր ախտորոշում ստացած մարդկանց՝ խթանելով բուժման շարունակականությունը։
Վերջին տասնամյակներին Հայաստանում գրանցվել է երեխաների շրջանում ՄԻԱՎ վարակի 87 և մահվան 12 դեպք։ Մասնագետի խոսքով՝ մորից երեխային վարակի փոխանցումը հնարավոր է կանխել․ «Եթե հղի կինը հատուկ բուժում անցնի հակառետրովիրուսային դեղերով, ապա վիրուսի քանակը կնվազի, և բալիկը չի վարակվի։ Դրա համար կարևոր է կանանց պարբերաբար հետազոտվելը, հատկապես հղիության ժամանակ»։
Մասնագետը վստահ է՝ որքան բարձր լինի հանրային իրազեկվածությունը, այնքան կնվազի խտրական վերաբերմունքը․ «ՄԻԱՎ վարակով ապրող մարդը, ստանալով անհրաժեշտ բուժում, կարող է ապրել նույնքան լիարժեք կյանքով, որքան մյուսները։ Հասարակությունը պետք է հստակ իմանա հիվանդության փոխանցման իրական ուղիները, որպեսզի վարակված մարդը չդառնա մեկուսացման ու անհարկի վախերի զոհ»։