11.04.2025
Կատեգորիա
Մշակույթ
Դիմանկար
Gev Mart
«Արվեստը կեղծ ժպիտներ չի սիրում. անկեղծությունն ու ընկալումը նկարչի համար առաջնային են»:

Գևորգ Մարտիրոսյանը՝ «Gev Mart» բրենդի հիմնադիրն ու նկարիչը, շուրջ հիսուն տարի է, ինչ նվիրումով ապրում է արվեստով։ 2008 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ 1998 թվականից ակտիվ մասնակցում է ցուցահանդեսների։ Նրա կտավները ներկայացված են և՛ Հայաստանում, և՛ արտերկրում (Ռուսաստան, Նյու Յորք, Բոստոն)։ Գնորդների մեծ մասը՝ մոտ 60%-ը, օտարերկրացիներ են։ 

-Ինչպե՞ս սկսվեց Ձեր կապը նկարչության հետ։ 

-Նկարչությունը ինձ հետ է դեռ մանկուց։ Հայրս առաջինն էր, ով սովորեցրեց գծել և սիրել գույնը։ Դա միշտ եղել է իմ կյանքը, ոչ միայն հոբբին։ 

-Ձեր ստեղծագործություններում գերակշռում է հայկականը։ Ինչո՞վ է պայմանավորված թեմատիկ ընտրությունը:

-Իմ նկարների հիմնական թեմաներն են ընտանիքները, մայրերն ու երեխաները, հարսնացուները։ Զարդանախշերում հաճախ ներառում եմ հայոց այբուբենը՝ որպես ազգային ինքնության և արմատների խորհրդանիշ։ Յուրաքանչյուր կտավ իմ խոսքն է, և յուրաքանչյուր դիտող այն տեսնում ու մեկնաբանում է իր ձևով։ 

-Ձեր աշխատանքները ցուցադրվում են արտասահմանում։ Որտե՞ղ են դրանք առավել ճանաչված։

-Գործերս ներկայացվել են Նյու Յորքի «Z Gallery»-ում, Ռուսաստանում, Բոստոնում։ Հայաստանում հիմնականում Վերնիսաժում եմ ցուցադրում։ Գնորդներս տարբեր երկրներից են, հիմնականում՝ ռուսներ։

-Դուք հաճախ չեք մասնակցում կազմակերպված ցուցահանդեսներին. ինչո՞ւ։ 

-Չեմ սիրում կեղծ ժպիտները, երբ մարդիկ չեն հասկանում նկարը, բայց մասնակցում են և շնորհավորում։ Նախընտրում եմ, որ իմ աշխատանքները խոսեն իմ փոխարեն, ոչ թե ես դրանք ցուցադրեմ մարդկանց։ 

-Նկարների ստեղծման գործընթացը հիմնված է նախապես մտածված գաղափարի՞, թե՞ ներշնչման վրա։

-Նկարելը պատահականություն է՝ ըստ տրամադրության։ Երբեմն հանկարծակի պահը հանգեցնում է ամբողջական կտավի ստեղծմանը։ 

-Կցանկանայի՞ք, որ Ձեր երեխաները ևս զբաղվեն նկարչությամբ։

-Չեմ ստիպում, բայց եթե ցանկություն ունենան՝ անպայման կաջակցեմ։ Կարևոր է, որ սեր լինի արվեստի հանդեպ, ոչ թե պարտադրանք։ 

-Ձեր աշխատանքները ոգեշնչում են և երբեմն հայտնվում տարբեր հագուստների վրա՝ առանց թույլտվության։ Ինչպե՞ս եք վերաբերվում դրան։ 

-Այո, երբեմն իմ նկարները հայտնվում են առանց իմ թույլտվության տարբեր հագուստների, հեռախոսի պատյանների վրա, նկարչական ալբոմներում։ Չեմ կարող սահմանել ամբողջական վերահսկողություն այդ գործընթացի վրա։ Մի կողմից դա ցույց է տալիս, որ աշխատանքները տարածում ունեն, բայց մյուս կողմից՝ մարդիկ չգիտեն, թե ով է հեղինակը։ Դա փոքր-ինչ ցավալի է:

-Ինչու՞ հաճախ չեք վերնագրում Ձեր աշխատանքները։

-Քանի որ յուրաքանչյուր կտավ յուրօրինակ է, և յուրաքանչյուր դիտող այն տեսնում է իր տեսանկյունից, մեկնաբանում իր ձևով։ Նշում եմ միայն անունը՝ ազատ թողնելով մեկնաբանման համար, դա կարծում եմ ամենագեղեցիկն մասն է արվեստի։
 

Աստղիկ Պողոսյան