Հոկտեմբերի 21-29-ին Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում հյուրընկալվեց «Հայ պարբերական մամուլը` որպես պատկերաբանական գործիք (19-րդ դարի երկրորդ կես-20-րդ դարասկիզբ)» թեմայով գիտական դրամաշնորհի արտասահմանյան խորհրդատու, Տոմսկի պետական համալսարանի պրոֆեսոր Նատալյա Նիկոնովան։
Գիտական խմբի անդամներ՝ ժուռնալիստիկայի պատմության, տեսության ու պրակտիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Դ․ Պետրոսյանը, խմբի ղեկավար, դոցենտ Տ․ Դանիելյանը, բ.գ.թ. Լ․ Մարտիրոսյանը և Ս․ Պետրոսյանը Ն. Նիկոնովայի հետ քննարկեցին առաջիկա անելիքները։
Հանդիպում եղավ նաև դեկան Ն. Մարտիրոսյանի հետ: Դեկանը կարևորեց նման փոխգործակցությունը՝ հաշվի առնելով կրթության զարգացման արդի միտումները:
«Հեռավար շփումները որքան էլ կարևոր լինեն, չեն կարող փոխարինել անմիջական հանդիպումներին,- նշեց Ն. Նիկոնովան,- ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ մեր թիմը պահում է դրամաշնորհով նախատեսված պայմանները և կազմակերպում նման հանդիպումներ, որոնք հնարավորություն են տալիս ավելի արդյունավետ պլանավորելու անելիքները»։
Խմբի անդամները հնարավորություն ունեցան ամփոփելու վերջերս Տոմսկի պետական համալսարանում տեղի ունեցած գիտաժողովի արդյունքները․ «Մեր զեկուցումների թեմաները բավականին հետաքրքրել էին գիտաժողովի մասնակիցներին,- ասում է խմբի անդամ Լ. Մարտիրոսյանը,- Երևանում Ն. Նիկոնովայի հետ քննարկեցինք դրանք հետագայում գիտական հոդվածներ դարձնելու հեռանկարները»։
Գործուղումն իրականացվել է «Հայ պարբերական մամուլը` որպես պատկերաբանական գործիք (19-րդ դարի երկրորդ կես- 20-րդ դարասկիզբ)» թեմայով գիտական դրամաշնորհի շրջանակներում։ Խմբի աշխատանքները մեկնարկել են 2024թ․ հուլիսից։ Արդեն պատրաստ է վեց գիտական հոդված, որոնք ներառված են վարկանիշային գիտական հանդեսներում։