11.07.2025
Կատեգորիա
Կրթություն
Մշակույթ
Առլեկին թատերական խմբակ

Journalist.am-ի զրուցակիցն է Դանիել Վարուժանի թիվ 89 հիմնական դպրոցի փոխտնօրեն, «Առլեկին» թատրոնի հիմնադիր Օֆելյա Հովհաննիսյանը: Օ. Հովհաննիսյանը դպրոցի ներսում ստեղծել է բեմական արվեստի մի փոքրիկ աշխարհ աշակերտների համար:

-Մոտ 20 տարի է, ինչ «Առլեկին» թատրոնը գործում է և ունի բազմաթիվ շրջանավարտներ: Կպատմե՞ք՝ ինչպես ստեղծվեց դպրոցում թատրոն բացելու գաղափարը:

-Մինչ թատրոնի պաշտոնապես հիմնադրումը, մենք 20 տարուց ավել ներկայացումներ էինք բեմադրում դպրոցում և որոշեցինք այդ ամենը համախմբել մեկ անվան շուրջ և ստեղծենք թատրոն, որը կունենա շատ սերունդներ: Հենց այդպես էլ ծագեց «Առլեկինը» ստեղծելու միտքը:

-Ինչու՞ որոշեցիք թատրոնը անվանակոչել հենց «Առլեկին», ի՞նչ գաղափար ունի այն:

-Որոշեցի Առլեկինի կերպարի միջոցով ցույց տալ կյանքը իր բոլոր գույներով:

-Ի՞նչ չապանիշներով եք ընտրում թատրոնի ապագա սաներին:

-Լինում է քասթինգ, որին մասնակցում են աշակերտները, այդ քասթինգի արդյունքում ընդունվում են թատրոն՝ սկզբում ռեզեռվային խումբ, աշխատում ենք նրանց հետ, այնուհետև՝ սերնդափոխությունից հետո գալիս են հիմնական խումբ:
Առաջին հերթին բնականաբար կարևոր է տեսքը բեմական, քիչ թե շատ խոսքը, հետո բնականաբար, մենք շատ ենք աշխատում խոսքի վրա, շարժը, համարձակությունը: Կան երեխաներ, որ ունենում են կոմպլեքսներ, բայց մենք փորձում ենք ձերբազատել նրանց այդ կոմպլեքսներից: Եվ այս ամենը գումարելով դառնում են «Առլեկինի» սաներ:

-Այս տարիների ընթացքում «Առլեկինի» բազմաթիվ ներկայացումներ են կյանքի կոչվել, և այդ ներկայացումների սցենարական աշխատանքով բացառապես Դուք եք զբաղվում: Հետաքրքիր է, ինչպե՞ս եք կարողանում այդքան տարբեր ներկայացումներ բեմադրել, որ այս 20 տարիների ընթացքում երբեք մեկը մյուսին նման չի եղել: Կխոսե՞ք Ձեր ստեղծագործական գատնիքի մասին:

-Այո՛, ճիշտ եք, իմ սցենարական աշխատանքները գերակշռում են, բայց նաև շատ ենք խաղում մեր հայ դասականների, արտասահմանյան հեղինակների գործերը: Ստեղծագործական գաղտնիք երևի չունեմ, հետաքրքիր է, երբևէ չէի մտածել այդ մասին; Ես ուղղակի բեմադրում եմ այն, ինչ այդ պահին սիրտս է թելադրում, միտքս է թելադրում, ինչպես տեսնում է աշխարհը այդ պահին իմ աչքը:

-Իսկ Դուք ինչպե՞ս եք տեսնում աշխարհը: Ո՞րն է այն յուրահատկությունը, որ Դուք տեսնում եք, իսկ ուրիշները՝ ոչ:

-Ես բնույթով լավատես մարդ եմ, և դա ինձ օգնում է աշխարհը ընկալել ավելի գունեղ ու ավելի պարզ: Շատ կարևոր է տեսնել և զգալ սերը. սեր ընտանիքի, երեխաների, հայրենիքի, սովորական ծաղկի հանդեպ: Ես ամեն ինչում սեր եմ տեսնում, և կարող եմ ասել, որ իմ գույնը սերն է;

-Կհիշե՞ք «Առլեկին» թատրոնում Ձեր բեմադրած առաջին ներկայացումը, ինչի՞ մասին էր:

-Իհարկե, առաջին բեմադրության սցենարը գրել եմ ես, կոչվում րէ «Աշխարհում արև կա»: Թատրոնի 20 ամյակին մենք այս բեմադրությունը կրկնեցինք: Սցենարը հավաքել էի Լեոնիդ Ենգիբարյանի, տարբեր փիլիսոփաների ստեղծագործությունների հիման վրա: Ներկայացումը մի աղջկա մասին էր, ով փորձում էր գտնել իր արևը, այսինքն՝ իր երջանկությունը՝ անցնելով կյանքի տարբեր ճանապարհներով և վերջում հասկանում է՝ որն է իրական երջանկությունը իր համար:

-Տիկի՛ն Հովհաննիսյան, ո՞րն է «Առլեկին» թատրոնի հիմնական առաքելությունը, որը տարնիեր շարունակ փորձում եք փոխանցել Ձեր սաներին:

-Հիմնական առաքելություններից մեկն է՝ երեխաներին ցույց տալ կյանքի գեղեցկությունը, նրանց ձերբազատել կոմպլեքսներից, վախերից, ցույց տալ նրանց կյանքը իր բոլոր դրսևորումներով: Շատ կարևոր է, որ երեխաները ոչ միայն խաղան բեմի վրա, ընթերցեն, այլև ձևավորեն լավ ընկերություն: Այստեղ մեր սաները նաև հոգեպես են հարստանում: «Առլեկին» թատրոնը մեր դպրոցի աշակերտների համար գեղեցիկ կյանքի սկիզբ է:
 

Հասմիկ Շահինյան