11.10.2025
Կատեգորիա
Հասարակություն
Տնտեսություն
կարմիր գիծ

Երևանի Կենտրոն վարչական շրջանում կարմիր գծանշումով կայանատեղերում կայանելու վճարը 2024 թվականին կտրուկ բարձրացավ՝ տարեկան 12000 դրամի փոխարեն՝ 160.000 դրամ։ 2024 թվականի հունվարի 1-ից՝ ըստ Երևանի ավագանու որոշման, քաղաքը բաժանվեց «Ա» և «Բ» գոտիների, որոնցից «Ա»-ի՝ փոքր կենտրոնի համար վարորդները պարտավոր են տարեկան վճարել մի քանի անգամ բարձր՝ 160 հազար դրամ, իսկ «Բ» գոտու համար՝ տարեկան 24 հազար դրամ։

«Համայնքային վճարովի ավտոկայանատեղերի թանկացման հիմնական նպատակը և շարժառիթը հանդիսացել է հասարակությանն ուղղորդել՝ անձնական փոխադրամիջոցի փոխարեն նախընտրությունը տալ հասարակական տրանսպորտից օգտվելուն`դեպի Երևանի կենտրոն ուղղորդվելիս»,- ի պատասխան մեր հարցման՝ նշում է տրանսպորտի վարչության պետի պարտականությունները կատարող Հայկ Էվոյանը։ 

Առաջադրված նպատակին պետք է հաջորդի նաև Կենտրոն համայնքի հնարավոր բեռնաթափումը՝ փորձելով այն ազատել խցանումներից։

Որքանո՞վ է վճարների բարձրացումը նպաստել հասարակական տրանսպորտից օգտվելուն՝ սեփական փոխադրամիջոցի փոխարեն և Կենտրոնում խցանումների նվազեցմանը։

2024 թվականի ընթացքում, ըստ տրանսպորտի վարչության, հասարակական տրանսպորտի աշխատանքը բարելավելու նպատակով Երևան քաղաքի որոշ փողոցներում առանձնացվել է ավտոբուսների համար երթևեկելի գոտի, որը նպաստում է ավտոբուսների աշխատանքին, իսկ ավտոբուսներով տեղափոխվել է շուրջ 102․0 մլն ուղևոր, ինչը, 2023 թվականի համեմատ, ավելի է 10․7 մլն․-ով։ 2025 թվականի վերաբերյալ տվյալներ դեռ չկան։ 

Հեղինե Սարգսյանը սեփական փոխադրամիջոց ունի, ուսանող է, ամեն օր դասի է գնում իր ավտոմեքենայով։ Ասում է՝ իր շրջապատում քչերն են հանրային տրանսպորտը գերադասում սեփական փոխադրամիջոցից։ 

«Համալսարան գնում եմ սեփական մեքենայով, մինչ այդ գնում էի հանրային տրանսպորտով։ Նկատել եմ, որ մարդկանց մեծ մասը, ես՝ ևս, նախընտրում է տնից ավելի շուտ դուրս գալ՝ խցանումներից խուսափելու համար, քան տեղաշարժվի հանրային տրանսպորտով, քանի որ տրանսպորտում անձանց քանակը բավականին մեծ է, հատկապես, եթե խոսքը պիկ ժամերի մասին է»,- հավելում է զրուցակիցը։

Մենք հարցում կատարեցինք 50 վարորդի շրջանում՝ պարզելու, թե ինչպես է փոխվել իրավիճակը Երեւանի կենտրոնում կայանման վճարը բարձրացնելուց հետո։ Հարցվածների 57․1 տոկոսը չի նկատում վարորդների տեղաշարժման նախընտրության մեջ էական փոփոխություն, իսկ 28․6-ը՝ որոշ չափով։ Նրանցից միայն 14 տոկոսն է տեսնում նկատելի շարժ։

Նման մի հարցում իրականացրել էինք  2024 թվականի աշնանը՝ 45 վարորդների շրջանակներում։ Այն ժամանակ քաղաքացիների 85․7 տոկոսը արդարացի չէր համարում Կենտրոն համայնքում կարմիր գծերով կայանատեղերի թանկացումը՝ խցանումների նվազեցման նպատակով, իսկ այս տարի երթևեկության դրական փոփոխության վերաբերյալ ստացել ենք նմանատիպ  պատասխաններ՝ «Ոչ այնքան, բայց կարմիր գծերում համեմատաբար քիչ են կայանում», «Միակ փոփոխությունը նկատվում է դպրոցական արձակուրդների ժամանակ», «Մի փոքր», «Որևէ փոփոխություն չի եղել», «Պիկ ժամերին համեմատաբար ծանրաբեռնված է»։

Վարորդ Ս․Ա-ն (զրուցակիցը չի ցանկացել նշել անուն-ազգանուն) ամեն օր գնում է Կենտրոն համայնք աշխատանքի՝ սեփական փոխադրամիջոցով, սակայն նա ևս կայանման և խցանումներից խուսափելու համար փորձում է տնից հնարավորինս շուտ դուրս գալ։

«Եթե արտաքնապես ուշադրություն դարձնենք առավոտյան ժամը 8։00-9։30 ընկած ժամանակահատվածում մի քանի գծանշված կայանատեղերի, հնարավոր է՝ տեսնենք ազատ կայանատեղեր, չնայած, որ Կենտրոն համայնքում աշխատող քաղաքացիները, եթե սեփական մեքենաներով են հասնում աշխատանքի, պետք է որ կայանեին հենց գծանշված հատվածներում։ Սակայն, ազատ կայանատեղերը հաճախ պայմանավորված են նրանով, որ քաղաքացիները փորձում են շրջանցել դրանք։ Օրինակ, կայանում են շենքերի բակային հատվածներում կամ չգծանշված հատվածներում, որտեղ արդեն կայանման տեղ գտնելը գրեթե անհնար է լինում, հատկապես՝ առավոտյան ժամերին»,- մանրամասնում է Ս. Ա.-ն։

Երեւանի քաղաքապետարանին խնդրել էինք գնահատել, թե կայանման վճարի բարձրացումից հետո որքանով է բեռնաթափվել քաղաքի  կենտրոնը։ 

«Հաշվի առնելով, որ օրենքի ընդունումից հետո զգալիորեն նվազել է վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար սահմանված տարեկան տեղական վճար վճարողների թիվը, կարելի է եզրակացնել, որ երթևեկողների քանակը որոշակիորեն նվազել է, ինչը դրական ազդեցություն է ունեցել Կենտրոն վարչական շրջանի բեռնաթափման վրա, իսկ Կենտրոնի բեռնաթափման համար որոշ փողոցներում երթևեկությունը կազմակերպվել է միակողմ, իսկ մի շարք փողոցներում արգելվել է մեքենաների կանգառը»։

Ըստ քաղաքապետարանի՝ Երթևեկության ծանրաբեռնվածության նվազեցման և դրական տեղաշարժի վերաբերյալ որոշման ընդունումից մինչև 2025 թ․-ի սեպտեմբեր ամիս ընկած ժամանակահատվածում հստակ վիճակագրություն դեռ կատարված չէ։

2024 թվականի փետրվարի դրությամբ կարմիր գծերում կայանման համար կատարվել է շուրջ 7100 վճարում, որից քաղաքային բյուջե է փոխանցվել 646 մլն 400 հազար դրամ, իսկ 2023-ի նույն ամսվա դրությամբ՝ մինչ նոր որոշման ուժի մեջ մտնելը, կատարվել էր 45 հազար 900 վճարում, որի արդյունքում 550 մլն 800 հազար դրամ էր փոխանցվել քաղաքային բյուջե։ (Ըստ՝ hetq.am-ի) 

Թեև նոր որոշումից հետո կայանատեղիների վճարից ավելի մեծ գումար է մուտք արվել Երեւանի բյուջե, դժվար է միանշանակ ասել, որ քաղաքի կենտրոնը բեռնաթափվել է, եւ բնակիչները հանրային տրանսպորտը նախընտրում են անձնական փոխադրամիջոցից։ 

Անի Սայադյան