11.12.2025
Կատեգորիա
ՏՏ
կիբերհանցագործություն

«Մտածում էի՝ հրաշքներ լինում են, ու ես վերջապես գտել եմ մեկին, ով ինձ սիրում է․ պարզվեց ես պատմության զոհն եմ»։

Ա․Ս.-ն (անվան եւ ազգանվան սկզբնատառերը փոխված են) մեկ ամիս WhatsApp-ով շփվում էր մի տղամարդու հետ, ով ներկայացել էր գերմանացի և ասել, թե ապրում է Գերմանիայում։ Խոստացել էր երջանիկ կյանք, ամուսնություն, տուն։

«Ասում էր՝ տուն ենք գնելու, իբր կգա Հայաստան, կամուսնանանք, երջանիկ կապրենք»,- պատմում է Ա․Ս.-ն։

Ա.-ն ամուսնալուծված է, ունի դուստր, այդ մասին նամակագրությունում հայտնել էր գերմանացի երկրպագուին։ Մեկ ամիս անց Ա․Ս․-ի մայրը մահանում է, այդ մասին հայտնում է գերմանացի սիրեցյալին։ «Իբրեւ հոգատար մարդ վերջինս մի քանի օր անց Ա.Ս.-ին գրում է, թե ուղարկել է 100,000 դոլար, սակայն Ա․Ս.-ն պետք է մաքսատանը վճար կատարի՝ 300,000 դրամի չափով։ 

Գումարը, ըստ գերմանացու, պետք է փոխանցվեր բանկային հաշվեհամարին, որը պատկանում է CHIDERA OPARAOCHA անունով անձի, որն այդքան էլ գերմաներեն չէր հնչում։ Բանկը Armeria Bank-ն էր, որը գոյություն չունի, իսկ WhatsApp-ի համարը սկսվում է +1-ով, որը Հյուսիսային Ամերիկայի հեռախոսազանգերի կոդն է։

«Ասում էր՝ դա մաքսատուրքի գումարն է, որ արկղը կարողանան վերցնել օդանավակայանում ու հասցնել մինչև մեր տուն։ Ասում էր՝ ոչ ոք չգիտի դրա մասին, դա գաղտնի է։ Ասաց՝ ինքնաթիռը վաղը կժամանի, ես պիտի շուտ վճարեմ»։

Ա․Ս.-ն չվճարեց 300 000 դրամը։ Փաստացի, ոչ մի արկղ, ոչ մի գումար գոյություն չուներ։ Դա կիբերհանցագործության սցենար էր, որի միջոցով գումար պետք է շորթվեր։

Ըստ տարբեր երկրներում տարածված սցենարների` «հանցագործը» ձևավորում է վստահելի հարաբերություններ եւ օգտագործում անձնական թեմաներ՝ ցավ, մահ, ամուսնալուծություն, մենություն, արժանի սեր և այլն։ Խաբեության վերջնական փուլում առաջարկում է փոքր գումարի փոխանցում՝ իբր ինչ-որ «վերջին քայլ», տվյալ դեպքում՝ մաքսատուրք։
«Երբ կիբերհանցագործության զոհ են դառնում, և գումար է ուղարկվում, մենք հորդորում ենք դիմել բանկ, որովհետև փոխանցումը կարող է Unistream-ով կամ այլ վճարային միջոցով իրականացրած լինել, որը հնարավորություն է տալիս գումարի փոխանցումը կանգնեցնել։ Բանկային փոխանցման ժամանակ մի քանի միջնորդ բանկերի միջոցով ուղարկված գումարը կարող է լինել միջնորդ բանկի ճանապարհին, ինչը թույլ է տալիս կասեցնել փոխանցումը և կիբերհանցագործությունը»,խորհուրդ է տալիս ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Հայկ Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ քննության ընթացքում վերցվում են քաղաքացու բոլոր հնարավոր շփման միջոցները՝ հաշվեհամարներ, էլ․ փոստեր, բջջային ծրագրեր։ Երբ հանցագործները շատ տեխնոլոգիաներ են կիրառում, հետքերը շատանում են։

«Այն մեզ թույլ է տալիս պարզել, թե կապի միջոցները որ երկրներում են գտնվել, համագործակցում ենք արտերկրյա իրավապահ մարմինների հետ՝ հասկանալու, թե ով է կանգնած դրանց հետևում։ Եթե հանցագործը Հայաստանում է, շատ արագ ենք պարզում։ Որքան փորձեն քողարկել, այնքան ավելի շատ են հետքերը։ Մենք հենց դրանցից էլ օգտվում ենք»,- նշում է Մկրտչյանը։

«Չէի ասի, որ միամիտ էի, ուղղակի ուզում էի հավատալ։ Նա ամեն օր գրում էր, հարցնում՝ ինչպես եմ։ Պարզվեց՝ սուտ էր ամեն ինչ»,- ասում է Ա․Ս.-ն։

Հայաստանում կիբերհանցագործությունների վիճակագրությունը վերջին տարիներին աճել է։ 4-5 տարի առաջ նման հանցագործությունների զոհ էր դառնում տարեկան 300 մարդ, 2022-2023 թվականներին տուժածների թիվն անցել է 1000-ը, իսկ 2024-2025 թվականներին այդ թիվն աճել է 50 %-ով։ Նման դեպքերը հաճախ չեն լուսաբանվում, քանի որ մարդիկ ամաչում են պատմել, հատկապես, երբ խոսքը սիրային կիբերհանցագործությունների մասին է։

ՆԳՆ-ն զգուշացնում է

Եթե ձեզ խոստանում է գումար, նվեր կամ մեծ սեր մի մարդ, որին չեք տեսել իրական կյանքում, իսկ հետո պահանջում գումար որևէ պատճառաբանությամբ, հիշեք՝ դա դասական կիբերհանցագործության սխեմա է։ Այդ դեպքում՝

  • Պահպանե՛ք բոլոր նամակները։
  • Մի՛ փոխանցեք գումար։
  • Անմիջապես դիմե՛ք ոստիկանություն կամ կիբերհանցագործությունների բաժին։

Ոստիկանություն 1-02

ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գիծ՝ 011-52-52-52։

Հեղինե Սարգսյան