Հայաստանում սովորող բազմաթիվ ուսանողներ փորձում են համատեղել դասերն ու աշխատանքը՝ անձնական կարիքները հոգալու, ինքնադրսեւորման կամ անձնական աճի նպատակով։ Բայց քննական շրջանում աշխատող ուսանողները բարդ խնդրի առաջ են՝ ինչպես պատրաստվել քննություններին, եթե աշխատանքից հետո հոգնած ես կամ ժամանակ չունես։
ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 174-րդ հոդվածի համաձայն՝
- Միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու նպատակով քննություններին նախապատրաստվելու համար աշխատողներին յուրաքանչյուր քննության համար տրամադրվում է եռօրյա արձակուրդ:
- Հանրակրթական, միջնակարգ մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող աշխատողներին ուսումնական հաստատության միջնորդությամբ տրամադրվում է ուսումնական արձակուրդ՝
- ընթացիկ քննություններին նախապատրաստվելու և հանձնելու համար՝ յուրաքանչյուր քննության համար՝ երեք օր,
- ստուգարքներին նախապատրաստվելու և հանձնելու համար՝ յուրաքանչյուր ստուգարքի համար՝ երկու օր,
- դիպլոմային աշխատանքի նախապատրաստման համար՝ երեսուն օր,
- պետական (ավարտական) յուրաքանչյուր քննության նախապատրաստվելու և հանձնելու համար՝ վեց օր։
- ընթացիկ քննություններին նախապատրաստվելու և հանձնելու համար՝ յուրաքանչյուր քննության համար՝ երեք օր,
Իրավաբան Գ. Կարապետյանի խոսքով ՝ Աշխատանքային օրենսգրքի ուսումնական արձակուրդի վերաբերյալ դրույթը 2024 թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել։ Օրենքի նպատակն է ապահովել աշխատող երեխաների և ուսանողների սոցիալական բարեկեցությունը, ինչպես նաև հնարավորություն ընձեռել կրթությունը համատեղել աշխատանքի հետ:
Արդյոք գործատուները հետևում են օրենքի պահանջներին ու քննաշրջանում արձակուրդ տալիս իրենց ուսանող աշխատողներին։
Արևիկ Սարգսյանը սովորում է երկու համալսարանում՝ ՀՀ-ում և ՌԴ-ում, միաժամանակ աշխատելով որպես բրենդ-մենեջեր։ Նա առաջին մասնագիտությամբ տնտեսագետ է, երկրորդով՝ իրավաբան։ «Թվում է, թե իմ զբաղվածությամբ չեմ կարողանա աշխատել, քանի որ սովորում եմ Պոլիտեխնիկական համալսարանում, իսկ օնլայն տարբերակով՝ նաև ՌԴ-ում։ Բայց ամեն ինչ հնարավոր է, երբ գործատուները հասկանում են, որ որակյալ կրթությունը պահանջում է կայուն ֆինանսական վիճակ։ Շատ աշխատանքներ փոխելուց հետո վերջապես հայտնվեցի մի վայրում, որտեղ ուսանողների իրավունքները հարգվում են։ Քննական շրջանը մեզ համար հանգիստ է անցնում՝ արձակուրդի ընթացքում աշխատավարձը պահպանվում է»,- ասում է Արեւիկը։
Մարգարիտա Սարգսյանը Հայաստանի ամերիկյան համալսարանի «Բիզնես կառավարում» բաժնի ուսանող է։ «Աշխատում եմ իմ մասնագիտությամբ՝ խոշոր կազմակերպություններից մեկում, որը համագործակցում է ՀՀ բոլոր բանկերի հետ։ Օրենքին ծանոթ եմ, բայց ընդունվելիս ինձ հստակ ասացին, որ նման արձակուրդի չսպասեմ։ Քննական շրջանը շատ ծանր է․ հիմնականում այն անցկացնում եմ անքուն և գերհոգնած։ Եթե այս աշխատանքը մասնագիտական չլիներ, վաղուց արդեն կհեռանայի»,- ասում է նա։
Ակնհայտ է, որ աշխատանքը և ուսումը համատեղելը հեշտ չէ։ Սակայն, եթե օրենքն ընդունված է, անհրաժեշտ է ապահովել դրա կիրառումը։
Աշխատանքային իրավունքների պաշտպանության համար պատասխանատու պետական մարմինը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է: Մենք հարցում էինք ուղարկել նախարարություն պարզելու՝ արդյոք արձանագրվել են այս հոդվածի խախտումներ, հարուցվե՞լ են համապատասխան վարույթներ։ Արդյոք կան ուսումնասիրություններ, թե ինչպես է իրականացվում ուսումնական արձակուրդի մասին դրույթը:
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 174-րդ հոդվածով սահմանված է, որ հանրակրթական, մասնագիտական կամ բարձրագույն կրթության կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող աշխատողներին ուսումնական հաստատության միջնորդությամբ տրամադրվում է ուսումնական արձակուրդ՝ օրինակ, ընթացիկ քննություններին նախապատրաստվելու և հանձնելու համար, կամ ստուգարքներին նախապատրաստվելու և հանձնելու համար, կամ այլ դեպքերում՝ սահմանված տևողություններով։
Միևնույն ժամանակ նախարարությունը նշում է, որ ընդունելության քննություններ հանձնող կամ անձնական նախաձեռնությամբ հանրակրթական, մասնագիտական կամ բարձրագույն կրթության կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող աշխատողների ուսումնական արձակուրդի վճարման հարցը կարող է կարգավորվել կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ։
Ուսանողների աշխատանքային իրավունքների պաշտպանությունը իրավական դաշտում ամրագրված է, սակայն դրանց իրագործումը կախված է ինչպես գործատուների, այնպես էլ պետական կառույցների հետևողականությունից: