Օլգա Շալախովան 90 տարեկան է, նա սոցիալական ծրագրի շահառու է, արդեն մի քանի տարի է՝ օգտվում է տնային խնամքի ծառայությունից։ Ամեն շաբաթ «Առաքելություն Հայաստան» կազմակերպության սոցիալական սպասարկողն այցելում է նրան, օգնում տնային գործերում, ըստ անհրաժեշտության՝ գնումներ կատարում, ուղեկցում պոլիկլինիկա կամ բանկ, երբեմն՝ թատրոն կամ համերգ։
Միայնակ տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց կենցաղային և սոցիալական կարիքների բավարարումը Հայաստանի Հանրապետության սոցիալական քաղաքականության կարևորագույն ուղղություններից է։ Հայաստանում այս հարցը կարգավորվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող հատուկ սոցիալական ծրագրի շնորհիվ, որը կոչված է ապահովելու տարեցների խնամքը տնային պայմաններում։ Ծրագրի հիմնական նպատակն է տնային պայմաններում խնամքի ծառայություններ մատուցել խնամքի կարիք ունեցող, չաշխատող տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց։ Ծառայությունների տրամադրման կարգը և չափորոշիչները հստակ սահմանված են Կառավարության 2022 թվականի N 1744-Ն որոշմամբ։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով՝ 2025 թվականին տնային պայմաններում խնամքի ծառայություն է տրամադրվում 1325 շահառուի մայրաքաղաքում եւ մարզերում, բացի Վայոց Ձորից։
Սոցիալական ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը այս տարվա համար կազմում է 239,8 միլիոն դրամ, այսինքն՝ մեկ շահառուի համար տարեկան 181,132 դրամ է նախատեսված։ Ծրագիրն իրականացնում են հասարակական կազմակերպությունները («Առաքելություն Հայաստան», «Հայկական Կարիտաս», «Հուսո տուն», «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա», «Համագործակցության կամար» և «Արմավիրի զարգացման կենտրոն»)՝ մրցութային դրամաշնորհների միջոցով։ Աջացկության ծրագիրը տարիների ընթացքում ընդլայնվել է՝ 2023-ին ընդգրկված էր 1250 մարդ, իսկ արդեն 2025-ին շահառուների թիվն աճել է 75-ով՝ հասնելով 1325-ի։
«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ում սպասարկում են ավելի քան 1000 շահառուի։ Կազմակերպությունը շահառուների ցանկը ստանում է տարեսկզբին՝ նախարարությունից։
«Տնային խնամքի ծառայությունը շատ ավելին է, քան պարզապես կենցաղային օգնությունը․ այն նաև սոցիալական և հոգեբանական աջակցություն է։
Տարեցների տուն այցերը կազմակերպվում են շաբաթական մինչև 5 ժամ տևողությամբ՝ կախված յուրաքանչյուրի կարիքներից»,- պատմում է Աջափնյակ համայնքային կենտրոնի պատասխանատու սոցիալական աշխատող Ջուլիա Հովհաննիսյանը։
Սոցիալական ծրագրի շրջանակներում տարեցներին տրամադրում են մի շարք ծառայություններ օրինակ ՝ բնակարանի մաքրություն, տարեցների խնամք՝ լոգանք, եղունգների և մազերի կտրում, ըստ անհրաժեշտության փոխում են տակդիրները, ուղեկցում են պոլիկլինիկա, բանկ կամ դեղատուն և մի շարք այլ ծառայություններ։
«Հնարավոր է՝ տարեցը լոգանքի կարիք չունենա, որովհետև հարազատը նոր է այցելել։ Այդ դեպքում կարող ենք նրա հետ դուրս գալ բակ՝ մաքուր օդ շնչելու կամ ուղեկցել պոլիկլինիկա։ Ամեն բան անհատական է»,- ասում է Ջուլիան։
Ծրագրում շեշտը դրվում է միայնակ տարեցների վրա, սակայն ընդգրկվում են նաև այնպիսի ընտանիքներ, որտեղ մարդիկ ֆիզիկապես անկարող են միմյանց օգնելու։ «Ունենք տարեց, ով ապրում է հաշմանդամություն ունեցող որդու հետ, բայց դա չի նշանակում, որ խնամակալ ունի։ Նա պարզապես ֆիզիկապես չի կարող օգնել»,- բացատրում է Ջուլիան։
Բացի տնային խնամքից, տարեցներին հաճախ առաջարկվում են նաև մշակութային ու սոցիալական միջոցառումներ՝ համերգներ, զբոսանքներ, նույնիսկ՝ արշավներ։
«Երիտասարդ ժամանակ ես ու ամուսինս շատ էինք համերգի գնում, բայց հիմա տոմսերը շատ թանկ են։ Իրենք որ չլինեին, ես հո այդքան բան չէի կարող տեսնել։ Իրենք մեզ տանում են համերգի, զբոսանքի… Դե գիտե՞ք, դա մեծ բան է մեր տարիքում: Ծանոթներիս էլ ում ասում եմ, չեն հավատում, որ էսքան բան են անում մեր համար»,- ժպիտով ասում է Օլգա տատիկը։
Նա մի շարք հիվանդություններ ունի, դժվարանում է որոշ գործերում, եւ իրեն օգնության են գալիս սոցիալական սպասարկողները։ «Աղջիկները ամեն շաբաթ պարտադիր գալիս են, մաքրում են, ճիշտ է՝ ինչը կարողանում եմ, անում եմ, որ իրենք չտանջվեն, բայց, օրինակ, վարագույրները չեմ կարող հանել, երեք ամիսը մեկ պարտադիր հանում են։ Ես լվանում եմ, իրենք մաքրում ու կախում են, որ չճմրթվի։ Գիտե՞ք, ամենակարևորը մարդկային վերաբերմունքն է՝ որ մեզ մենակ չեն թողնում։ Ես տղա ունեմ, թոռներ, բայց բոլորը Ամերիկայում են։ Ինձ էլ են ասում՝ արի, բայց հայրենիքից լավը չկա»,- ասում է Օլգան։
Ծրագրի որակի վերահսկողությունն իրականացվում է խիստ մոնիթորինգով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից, կազմակերպությունները նաև իրականացնում են ներքին մոնիթորինգ։
Օլգա տատիկը ցույց է տալիս իր տետրը, որտեղ յուրաքանչյուր այցից հետո գրառում է արվում, իսկ ինքը ստորագրում է՝ որպես ապացույց, որ ծառայությունը մատուցվել է պատշաճ ձևով։
Դրամաշնորհային ծրագրի շրջանակում կազմակերպությունները ամեն ամիս հաշվետվություն են ներկայացնում նախարարություն կատարված աշխատանքների վերաբերյալ։ Կենտրոնի աշխատակիցները պարբերաբար վերապատրաստվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի ազգային ինստիտուտում։