11.17.2025
Կատեգորիա
Ֆակուլտետային
Դ. Ալավերդյան, Վ. Պետրոսյան

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոսներ Դավիթ Ալավերդյանը և Վարդուհի Պետրոսյանը նոյեմբերի 9-15-ը IMS (International Media Support)-ի  հրավերով Կոպենհագենում մասնակցել են MERIT ֆորումին:

Որպես փորձագետ՝ Դանիայի խորհրդարանի, Դանիայի լրատվամիջոցները կարգավորող մարմնի, IMS-ի ղեկավարության, Հանրային հեռարձակողների (DR և TV2), Լրագրողների միության և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նրանք ներկայացրել են հայաստանյան ինքնակարգավորման գործընթացը, մեդիաոլորտի օրենսդրական  փոփոխությունները: 

Դ. Ալավերդյանն ու Վ. Պետրոսյանը մասնակցել են նաև  Կոպենհագենի «Տեղեկատվության ամբողջականություն. այլընտրանքային հարթակների և լուծումների կառուցում և ընդլայնում ապատեղեկատվության դեմ պայքարի և ժողովրդավարական դիմադրողականության ամրապնդման» համաժողովին, որին բացման խոսքով հանդես է եկել Դանիայի արտգործնախարար։ Քննարկվել են արհեստական բանականության, թվային միջավայրի կարգավորման էթիկական և օրենսդրական առկա մեխանիզմները, ԵՄ կարգավորումները, ապատեղեկատվության դեմ պայքարի մարտահրավերներն ու թվային միջավայրի պաշտպանության հնարավոր լուծումները։ 

Ֆակուլտետի դասախոսների համոզմամբ՝ ԱԲ-ն ոչ միայն նոր մարտահրավերներ ու հնարավորություններ է ստեղծում լրատվամիջոցների և մեծ տեխնոլոգիական ընկերությունների, կրթության և տարբեր ոլորտների համար, այլև առաջ է բերում կարգավորման կարևոր հարցեր։ Միջազգային նման համաժողովները նպաստում են ինչպես փորձի փոխանակմանը, մասնագիտական հեղինակավոր կառույցների հետ հարաբերությունների զարգացմանը, այնպես էլ գործընկերային նոր նախաձեռնությունների  ձևավորմանը: