Այսօր Հայաստանում ապրում են մեծ թվով եզդիներ։ Գաղտնիք չէ, որ եզդիական համայնքում կանանց մեծ մասը կրթություն չի ստանում։ Կրթություն ստանալու համար երիտասարդ աղջիկները բախվում են մի շարք մարտահրավերների։ Այսօրվա մեր զրուցակիցը՝ Լենա Միրզոյանը, նույնպես հեշտ ճանապարհ չի անցել։ Լենան Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտ է, այժմ աշխատում է Անանիա Շիրակացու անվան ճեմարանում՝ իր օրինակով ոգեշնչելով շատերին։
-Լենա, ինչպե՞ս որոշեցիր ընդունվել համալսարան։
-Միշտ ասել եմ, որ ուզում եմ կրթություն ստանալ։ Երբ 12-րդ դասարանում էի, շատ էի խոսում իմ ընդունվելու մասին։ Ցավոք, միայն մայրս էր կողմ։ Տանը ասում էին, որ եզդի աղջկան դա սազական չէ։ Ես թաքուն սկսեցի պատրաստվել քննություններին դասղեկիս հետ։ Տնից հեռախոսով էինք պատրաստվում։ Քննության օրը միայն մայրս գիտեր, որ միասնական քննության եմ գնում։
-Իսկ ընդունվելուց հետո ընտանիքիդ անդամներն ինչպե՞ս արձագանքեցին։
-Երբ տանը ասացի, որ անվճար եմ ընդունվել, էլ չբարկացան։ Ընտանիքիս անդամները հպարտություն զգացին։ Պապիկս ասաց՝ «Եթե կարողացել ես իմ այսքան ճնշման տակ հնարավորություն փնտրել ու գտնել, ուրեմն գնա, սովորի»։ Բայց միևնույնն է, շատ դժվարություններ կային։
-Որո՞նք էին այդ դժվարությունները։
-Ես մանկուց երազել եմ լրագրող դառնալ, անգամ Հետք մեդիա գործարան էի ընդունվել, սակայն ճնշումների պատճառով ստիպված դուրս եկա։ Համայնքում էլ շատ վատ էին արձագանքում, բայց հետո հասկացան, որ ես ոչ մի վատ բան չեմ անում։
-Ո՞րն է եղել ամենահիշարժան պահը համալսարանում։
-Մի շրջան եկավ, երբ էլ անվճար համակարգում չէի սովորում, ու վարձի հետ կապված խնդիր կար։ Տանն էլ իմ ակտիվության պատճառով հրաժարվում էին օգնել։ Եթե չվճարեի, համալսարանից դուրս էի մնալու։ Ընկերուհիս ֆեյսբուքում դրամահավաք էր սկսել։ Առավոտյան, երբ արթնացա, իմացա, որ դասախոսներս և ուսանողները հավաքել են ուսումնական տարվա ամբողջ վարձը։ Դա ինձ համար շատ մեծ գնահատանք էր։
-Գիտեմ նաև, որ մի շրջան եզդերենի դասեր ես տվել, կպատմե՞ս։
-40 եզդի երեխաների եզդերենի դասեր էի տալիս։ Փորձում էի աշխատել և՛ երեխաների, և՛ ծնողների հետ, որպեսզի թողնեն երեխաները տարբեր ծրագրերի մասնակցեն։
-Եվ վերջում՝ քո խորհուրդը եզդի աղջիկներին, ովքեր ուզում են կրթություն ստանալ։
-Մի վախեցեք երազելուց։ Ձեր ճանապարհին շատ-շատ խոչընդոտների եք հանդիպելու, մի հուսահատվեք դրանից, այլ հավատացեք՝ դուք ճիշտ ճանապարհին եք։ Ոչ բոլորն են ուրախ լինելու ձեր հաջողություններով։ Մի կոտրվեք, հավատացեք ձեզ, լսեք ձեր սրտին, մտքին, նաև ընտանիքին, քանի որ բացի կրթությունից՝ ազգային արժեքները նույնպես պետք է պահել։