Մարզադահլիճում, որտեղ լսվում են մարզիկների աշխույժ ձայները, ժպիտը դեմքին կանգնած է Նարեկ Նիկողոսյանը՝ ազատ ոճի ըմբշամարտի 2023 թվականի Եվրոպայի չեմպիոնը, ով 19 տարեկանում մեծ հաղթանակ բերեց Հայաստանին։ Journalist.am-ի այսօրվա զրուցակիցը նա է:
-Ինչպե՞ս որոշեցիք զբաղվել ըմբշամարտով։
-Դպրոցում ընկերներ ունեի, ովքեր զբաղվում էին ըմբշամարտով։ Ինձ էլ հետաքրքրեց, սկսեցի հաճախել մարզումների, և ժամանակի ընթացքում սպորտն ավելի սկսեց գրավել ինձ։
-Օրվա ընթացքում քանի՞ ժամ եք մարզվում։
-Օրվա ընթացքում ունենում եմ երկու պարապմունք՝ առավոտյան և երեկոյան։ Առավոտյան պարապմունքները համեմատաբար թեթև են լինում, իսկ երեկոյան՝ բավականին ծանր։
-Ինչպե՞ս եք համատեղում սպորտը և անձնական կյանքը։
-Ճիշտն ասած՝ ժամանակ շատ քիչ եմ ունենում։ Բայց երբ ազատ պահ է լինում, փորձում եմ ընտանիքիս ու ընկերներիս հետ լինել։ Այդ պահերն ինձ ուժ են տալիս նորից կենտրոնանալ մարզումների վրա։
-Նարեկ, ի՞նչն եք համարում մարզիկի հաջողության հիմնական գաղտնիքը։
-Նախ՝ կարգապահությունը։ Եթե մարզիկը կարգապահ չէ, ոչ մի տաղանդ չի փրկի։ Հետո՝ համբերությունը։ Պետք է կարողանաս տարիներով աշխատել առանց արագ արդյունք սպասելու։ Եվ, իհարկե, հավատքը՝ հավատք քո ուժերի ու Աստծո աջակցության հանդեպ։
-Եղե՞լ է պահ, որ մտածեք սպորտը թողնելու մասին։
-Որ հստակ որոշում ունենամ՝ ոչ, նման դեպք չի եղել։ Հիասթափություններ շատ են լինում, բայց այդ կետին չեմ հասնում։
-Սպորտում լինում են նաև պարտություններ, հիասթափություններ։ Ինչպե՞ս եք հաղթահարում այդ փուլերը։
-Մենք հստակ գիտենք, թե ինչի համար ենք մարզվում։ Ունենք նպատակներ, որոնք փորձում ենք իրականացնել։ Բնականաբար լինում են հիասթափություններ ու հոգնածություն, բայց միշտ փորձում ենք առաջ շարժվել։
-Այդ փուլերում կա՞ն մարդիկ, ովքեր աջակցում են։
-Իհարկե կան մարդիկ, ովքեր մեր համար անհանգստանում են՝ ծնողներ, մարզիչներ, ընկերներ, ովքեր միշտ մեր կողքին են և փորձում են սատարել մեզ։
-Իսկ ի՞նչ զգացողություններ ունեցաք, երբ դարձաք Եվրոպայի չեմպիոն։
-Չեմ կարող նկարագրել զգացողություններս։ Ավելի շատ հպարտություն էի զգում, որ կարողացա մեր երկրի դրոշը բարձրացնել այլ երկրում։
-Նարեկ, ի՞նչ նպատակներ ունեք առաջիկա տարիների համար։
-Այս պահին նպատակս ավելի մեծ մրցաշարերում Հայաստանի անունը բարձր պահելն է՝ օրինակ՝ Աշխարհի առաջնությունում և Օլիմպիական խաղերում։ Միշտ ուզում եմ առաջ գնալ, նոր բարձունքներ նվաճել ու ապացուցել, որ աշխատանքի միջոցով ամեն ինչ հնարավոր է։
-Եվ վերջում՝ եթե մարզիկ չլինեիք, ի՞նչ կցանկանայիք դառնալ։
-Երևի ընտրեի մի մասնագիտություն, որն էլի կապված կլիներ շարժման ու ակտիվության հետ։ Բայց անկեղծ ասած՝ սպորտից դուրս՝ այլ գործում ինձ դժվար եմ պատկերացնում։