4 տարի առաջ Իջևան համայնքում հիմնված ARM STUDIO վոկալ-դերասանական ստուդիան այս տարի ունեցավ իր առաջին շրջանավարտները։ Ստուդիայի աշխատանքների, նպատակների և առջև ծառացած մարտահրավերների մասին մենք զրուցեցինք հենց հիմնադիր Արմինե Զարգարյանի հետ։
Արմինեն պատմեց, թե ինչպես է ծնվել ստուդիայի ստեղծման գաղափարը, ինչ ուղղություններում է այն աշխատում, և ինչ ծրագրեր են իրականացվել մինչ օրս։ Նա նաև անդրադարձավ այն հիմնական խնդիրներին, որոնց բախվում են մարզերում ստեղծված ստեղծագործական կենտրոնները և ինչպես է ARM STUDIO-ն փորձում դրանք հաղթահարել։
-Ինչպե՞ս ծնվեց ARM STUDIO-ի բացման միտքը։
-Տևական ժամանակ աշխատել եմ Տավուշի մարզի քաղաք Իջևանում՝ որպես թատերական մասնաճյուղի տնօրեն և թատերախմբի ղեկավար։ Ինչ-ինչ պատճառներով մասնաճյուղն այլևս չգործեց։ Ես, տեսնելով մարզի երեխաների տաղանդը և երազանքները դեպի մեծ բեմեր, հիմնեցի ARM STUDIO-ն։
-Ի՞նչ ծրագրեր եք իրականացրել, և ո՞րն էր ամենաբարդը։
-Արդեն 4 տարի է ստուդիան գործում է։ Այս տարիների ընթացքում երեխաները խաղացել են բազմաթիվ ներկայացումներ, որոնցում ընդգրկված են եղել ոչ միայն ստուդիայի սաները, այլ նաև թատրոնի դերասաններ։ Երեխաները մասնակցել են բազմաթիվ ծրագրերի, նկարահանվել են տարբեր նախագծերում։ Իսկ ամենից բարդը «ՃԱՆԱՊԱՐՀ» ֆիլմի նկսրահանումն էր։ Դա երեխաների առաջին ֆիլմն էր հանրային մարդկանց հետ։
-Մի փոքր պատմեք ֆիլմի մասին։
-Ֆիլմը խոսում է այն մասին, որ ճանապարհը շատ բան կարող է փոխել հատկապես դեռահաս երեխաների կյանքում։ Ընտանեկան դաստիարակությունը կարևոր է, բայց երբեմն բացասական ազդեցություն է ունենում՝ առաջացնելով մեծամտություն: Դե իսկ վերջում էլ հաղթում է իրական ընկերությունը, պարզությունն ու մանկական մաքրությունը։
-Իսկ ի՞նչ խնդիրների եք բախվում երեխաների հետ աշխատելիս։
-Անկեղծ կլինեմ, երեխաների հետ երբևէ խնդրի չեմ բախվել։ Իրենք հստակ գիտեն որտեղ են գալիս, և դեռ որքան բարդ ճանապարհ ունեն անցնելու։ Բարդությունների բախվում ենք ֆինանսապես, երբ ստեղծում ենք ծրագիր՝ օրինակ փոքրիկ ֆիլմ։ Սակայն դա էլ լուծելի խնդիր է, քանի որ ստուդիայի կողքին կանգնած է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը, Իջևան քաղաքում գործող ARM studio-ն և իհարկե մեր ատուդիայի ծնողական կազմը։
-Ի՞նչն է պակասում մարզերում մշակութային կրթության համար, և ինչպե՞ս եք փորձում լրացնել այդ բացը։
-Մարզում մշակութային կյանքը իհարկե շատ բացեր ունի, բայց յուրաքանչյուրս, եթե մեր ներդրումն ունենանք, որոշակի բացեր կլրացվեն։
-Եթե հնարավորություն ունենայիք մեկ նախաձեռնություն իրականացնել առանց սահմանափակումների՝ ի՞նչ կլիներ դա։
-Մեծ ֆիլմի նկարահանում կիրականացնեի, որտեղ կներկայացվեր այնպիսի թեմա, որի մասին մարզաբնակ շատ մարդիկ գուցե գիտեն, բայց լռում են։ Իհարկե այս հարցի շուրջ շատ չծավալվեմ, քանի որ միգուցե մի օր իսկապես ստացվի դա անել։
-Ձեր տեսանկյունից՝ ի՞նչ հմտություններ են այսօր ամենից պահանջված արվեստի ոլորտում։
-Արվեստի ոլորտում պահանջված է տաղանդը, պոտենցիալը, որը, աշխատելով մարզի երեխաների հետ, վստահաբար կարող եմ ասել՝ ունեն։
-ARM STUDIO-ն արդեն ունի իր ձեռագիրը։ Ի՞նչն է այն առանձնացնում մյուս նման կենտրոններից՝ գաղափա՞րը, մեթո՞դը, թե՞ մարդիկ։
-ARM STUDIO-ն հստակ ունի իր ձեռագիրը։ 4 տարի գործելով՝ ստեղծել ենք իրական ընտանիք, սեր դեպի արվեստը, դեպի ընկերը։ Ստուդիայում բացի կրթելուց ձևավորում ենք նաև որակով ՄԱՐԴԻԿ։ Իսկ գաղափարը մեկն է՝ գոնե տարիներ անց Իջևան քաղաքը, լինելով մարզկենտրոն, ունենա թատրոն, իսկ թատրոնի առկայության դեպքում չունենա մասնագետի պակաս։
-Առաջիկա ամիսներին ի՞նչ նախագծեր կան։
-Նոյեմբերի 9-ին Իջևան քաղաքի մշակույթի տանը տեղի կունենա «Գյուղից Քաղաք» ներկայացումը, որտեղ մասնակցում են ստուդիայում սովորող բոլոր սաները։ Կունենանք նաև համերգային ծրագիր, որտեղ ելույթ կունենան ստուդիայի վոկալ խմբի երեխաները։ Առաջիկայում նաև ունենք ֆիլմի և տեսահոլովակի նկարահանումներ։