11.20.2025
Կատեգորիա
Կրթություն
Անի Խաչատրյան

Անի Խաչատրյանը երկար տարիներ զբաղվել է բալետով, բայց հետո կյանքը նրան տարավ կրթության ոլորտ։ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրով նա գործուղվեց Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղ։ Նրա պատմությունը ցույց է տալիս, որ երբեմն անսպասելի ընտրություններն են մեզ ամենամեծ փորձառությունը տալիս։

-Անի, ի՞նչը Ձեզ մղեց բալետից անցնել ուսուցչության ոլորտ։

-Բալետն իմ կյանքի մեծ հատվածն էր, բայց ժամանակի ընթացքում հասկացա, որ ուզում եմ լինել նաև կրթության ոլորտում։ Միշտ սիրել եմ երխաների հետ աշխատել: Հետաքրքրությունը մեծացավ, երբ լսեցի «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի մասին։

-Իսկ ինչպե՞ս իմացաք ծրագրի մասին։

-Շատ հետաքրքիր ոչ պատահական պատահակնություն էր (ժպտում է) իմ կյանքում․ պետք է գնայի համալսարան քննություն տալու, չգիտեմ ինչպես եղավ ու ես խառնեցի լսարանը, հայտնվեցի այնտեղ, որտեղ դասավանդիրի թիմն էր, ովքեր ներկայացնում էին ուսուցչական առաքելությունը։ Ես այնքան սիրահարվեցի գաղափարին, որ մի կողմ դրեցի բոլոր հետաքրքրություններս, պլաններս ու դիմեցի ծրագրին։

-Դուք գործուղվել եք Չորաթան, այդ գյուղի մասին տեղեկություններ ունեի՞ք։

-Ոչ, անգամ պատկերացում չունեի, որովհետև փոքր գյուղ է և սահմանին է գտնվում, բայց հենց այդ գյուղով սկսեցի շատ սիրել Տավուշը։ Շատ են կատակում, ասում են՝ դե Անիի սիրտը Տավուշի լեռներում է։ 

-Անի, գյուղ տեղափոխվելը նաև կենցաղային խնդիրներ է առաջացնում, ի՞նչ խնդիրների եք բախվել։

-Դե հա, կենցաղային խնդիրներն իրոք շատ էին, որովհետև գյուղի ամենահին տանն էի մնում, որտեղ ջուր չկար ու աղբյուրից էինք ջուր բերում։ Իսկ վառարանը փաստորեն իմ պատկերացրած կոճակով վառարանը չէր․ պիտի փայտ վառեինք, դա էլ շատ հետաքրքիր, բայց բարդ փորձառություն էր։

-Իսկ Ձեր ընկերները․ ծնողները ինչպե՞ս արձագանքեցին Ձեր որոշմանը։

-Շատ զարմացան, հետո էլ ընդդիմացան։ Հետո փորձում էին ինձ հետ պահել։ Անընդհատ նշում էին՝ դու քսանմեկ տարեկան ես, գյուղում երբեք չես ապրել։ Բայց ամեն դեպքում ես գնացի ու ինքս ինձ էլ, բոլորին էլ ապացուցեցի, որ եթե կա երազանք, կա նպատակ, ուրիշ ոչինչ չի կարող խանգարել։

-Եթե փորձեք Ձեր ամբողջ անցած ուղին նկարագրել մեկ բառով, ո՞րը կլինի։

-Հեքիաթային։ Կախարդական։ Չնայած բոլոր դժվարություններին՝ հաստատ ոչինչ չէի փոխի։ Եթե ժամանակի մեքենա էլ լիներ, լրիվ նույն ճանապարհը կանցնեի, որ նույն աշակերտներս ունենայի, նույն դժվարությունները 

Հաղթահարելով՝ դառնայի էն, ինչ հիմա կամ։

Անին վստահ է՝ որտեղ էլ դասավանդի, կարևորն այն է, որ երեխաները սովորեն հավատալ իրենց․ «Ուսուցիչը պետք է կարողանա ոգեշնչել երեխաներին, օգնել, որ իրենք իրենց մեջ ուժ ու վստահություն գտնեն»։

 

Լուսանկարները՝ Անի Խաչատրյանի անձնական արխիվից

Մանե Ասատրյան