12.04.2025
Կատեգորիա
Հասարակություն
Մնա՞լ, թե գնալ

Ի՞նչ առաջարկներ ունեն պետությունը և հասարակական սեկտորը, երբ գյուղի երիտասարդը փնտրում է իր ճանապարհը

Հայաստանում դեռ դպրոցական տարիքից ձևավորվում է այն պատկերացումը, որ զարգանալու համար պետք է թողնել գյուղը ու գնալ Երևան։ Ու չնայած այս պատկերացումը խոր արմատներ ունի, շատ երիտասարդներ այդ ճանապարհի տարբեր հանգամանքներում սկսում են մտածել՝ իսկ հնարավո՞ր է վերադառնալ։

Նունեն վերադարձավ Դսեղ

Նունեն Լոռու մարզի Դսեղ գյուղից է։ Դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել էր Երևան՝ սովորելու նպատակով։ Սովորում էր Հայաստանի Տնտեսագիտական Համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում ու միաժամանակ աշխատում։ Լավ էր վարձատրվում, բայց կյանքը դարձել էր ռեժիմով ապրելու շղթա։

«Ես ինձ քաղաքում զգում էի ռոբոտացված վիճակում։ Աշխատում էի, դասի էի գնում, տուն էի գալիս, նորից նույնը։ Գերհոգնած էի, էմոցիոնալ առումով՝ դատարկ։ Բայց ամեն ինչ փոխվեց, երբ վիրահատվելուց հետո մեկ շաբաթով վերադարձա գյուղ՝ վերականգնման համար»,– պատմում է նա։

Այդ ժամանակ նկատեց, որ գյուղը, որից մեկնել էր, այլևս նույնը չէր։ Դսեղում բացվել էին կենտրոններ, հյուրատներ, սրճարաններ։ Մարդիկ իրենց գյուղը զարգացնելու գործում ավելի ակտիվ էին։ «Հասկացա, որ այստեղ էլ աշխատանք գտնելու, ապրելու, ստեղծագործելու հնարավորություն կա։ Եվ մնացի։ Հիմա բլոգով եմ զբաղվում, շատ եմ ուզում ցույց տալ գյուղի կյանքը ու նրա պոտենցիալը։ Շատերը գրում են՝ «մենակ ձեր գյուղում կան նման բաներ», բայց ես ասում եմ՝ չէ՛, ամեն ինչ մարդկանց ձեռքերում է»,– ասում է Նունեն։

Նրա համոզմամբ՝ գյուղ վերադառնալու որոշումը պահանջում է ոչ միայն միջավայրի փոփոխություն, այլ նաև ներքին ընդունում՝ ես կարող եմ լինել այդ փոփոխության մասը։

Լուսինեն ապրում է Երևանում

Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղից Լուսինեն եկել է Երևան՝ սովորելու լրագրություն։ Նրա պատկերացումը Երևանից սկզբում եղել է՝ «գնալու եմ ու ետ չեմ գալու»։ Սկզբում քաղաքին հարմարվելը դժվար է եղել, բայց այժմ վստահ է, որ չի վերադառնա։

«Հիմա իմ օրն ու առօրյան քաղաքում են։ Չեմ պատկերացնում ինձ գյուղում ապրող։ Միակ բանը, որ կապում է ինձ գյուղին, ընտանիքս է։ Եթե իրենք էլ գային Երևան, ես գյուղ չէի գնա»,– անկեղծ ասում է նա։

Լուսինեն ասում է՝ գյուղում լրագրող լինելու հեռանկար պարզապես չկա։ «Միգուցե կարող եմ աշխատել քաղաքապետարանում կամ դպրոցում, բայց դա այն չէ, ինչ սովորում եմ։ Եթե անգամ գնամ, աշխատավարձը շատ փոքր կլինի։ Երևանն ինձ տալիս է իմ մասնագիտությամբ աճելու հնարավորությունը, իսկ դա հիմա ինձ համար առաջնային է»։

Կարենը՝ կես ճանապարհին կանգնած

Կարենը Շիրակի մարզից է, սովորում է սոցիոլոգիա։ Նա կիսվում է իր հակասական զգացմունքներով՝ մի կողմից սիրում է քաղաքի հնարավորությունները, մյուս կողմից չի մոռանում գյուղը։

«Երբ երկար մնում եմ քաղաքում, կարոտում եմ գյուղը։ Բայց ոչ միայն որպես հանգստյան վայր։ Ուզում եմ գնալ, ստեղծել, նախաձեռնել։ Բայց հարց եմ տալիս՝ կարա՞մ մենակ։ Կարա՞մ այն, ինչ Երևանում եմ ստանում, գոնե մասամբ ապահովել իմ համայնքում»,– ասում է նա։

Կարենը խոստովանում է՝ եթե գյուղում լիներ թիմ, համայնք, աջակցող շրջանակ, իր որոշումն արդեն կայացրած կլիներ։ «Հիմա փորձում եմ հասկանալ՝ կարամ մնամ Երևանում, բայց աշխատել գյուղի համար։ Կամ հակառակը՝ լինել գյուղում, բայց չկտրվել աշխարհի հետ»։

Մնա՞լ, թե գնալ

Պետական քաղաքականությունը՝ փակուղիների և հնարավորությունների միջև

Երիտասարդների համայնքներից մայրաքաղաք տեղափոխվելու, կամ՝ գյուղ վերադարձի որոշումները, միայն անձնական ընտրության հետևանք չեն։ Դրանք ձևավորվում են միջավայրից՝ սոցիալական, տնտեսական, կրթական և մշակութային հնարավորություններից, որոնք երբեմն բացակայում են համայնքներում։

Կրթական աջակցությունը՝ կես ճանապարհին

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը փորձում է լուծել գյուղական երիտասարդների կրթական մատչելիության խնդիրը, բայց իր բոլոր ծրագրերով ծածկում է միայն նախնական և միջին մասնագիտական կրթությունը։ Տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցումը, որ տրամադրվում է մարզաբնակ ուսանողներին, չի ներառում բարձրագույն կրթություն ստացողներին։

Դա նշանակում է, որ Լուսինեի նման երիտասարդները, ովքեր ուզում են բակալավրիատ կամ մագիստրատուրա ավարտել, դեռևս մինչ սկիզբը գիտեն՝ կրթական ծախսերի բարձր բեռը պետք է կրեն միայնակ։ Իսկ եթե հաշվի առնենք, որ ըստ պետական ծրագրերի մարզային բուհերի որակը դեռևս չի հասել մայրաքաղաքայինի մակարդակին, ապա «կրթության մատչելիություն» բառակապակցությունը ստացվում է կիսատ։

«Նպատակային ուսուցման» ծրագիրը մյուս կողմում փորձում է երաշխավորել գյուղ վերադարձը՝ երեք տարվա աշխատանքային պարտավորությամբ։ Սակայն երիտասարդները կասկածում են դրա արդյունավետության մեջ։ Մի կողմից՝ չկան հստակ տվյալներ, թե քանի շրջանավարտ է իրոք վերադարձել ու մնացել իր տանը, մյուս կողմից՝ պարտավորական մոտեցումը դժվար է, որ երկարաժամկետ լուծում լինի:

Ենթակառուցվածքներ՝ քանակի թիրախ, ոչ թե որակի

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 2024-ին 23 միլիարդ դրամ է ծախսել ենթակառուցվածքային բարելավումների համար։ Ցուցանիշները տպավորիչ են՝ 3417 շենքի ջերմամեկուսացում, 7536 կՎտ արևային էներգիա։ Բայց այս նույն ներդրումների արդյունավետությունն անհայտ է։

Եթե նայենք շահառուների կառուցվածքը, երիտասարդները կազմում են ընդամենը 9 տոկոս։ Դա նշանակում է, որ ծրագրերի 91 տոկոսը  ուղղված չէ հենց այն խմբին, որի գնալու կամ մնալու որոշումը պայմանավորում է համայնքների ապագան։

Մյուս կողմից՝ չկան տվյալներ, թե այս ծրագրերի արդյունքում քանի երիտասարդ է վերադարձել կամ որոշել չգնալ գյուղից։ Ենթակառուցվածքային բարելավումները, որքան էլ անհրաժեշտ լինեն, կարող են համայնքը դարձնել ավելի հարմարավետ ապրելու, բայց ոչ պարտադիր զգրանական։

 

ԿԳՄՍՆ-ը 2024-ին կազմակերպել է 12 մարզային փառատոն՝ երաժշտական, թատերական և ավանդական արհեստների թեմաներով։ Փառատոնները, անշուշտ, կարևոր են համայնքների մշակութային կյանքի համար, բայց դրանք միանգամյա միջոցառումներ են, ոչ թե համակարգային զարգացման գործիքներ։

Կարենի նման երիտասարդները, ովքեր փնտրում են «թիմ, համայնք, աջակցող շրջանակ», փառատոններից չեն ստանա այն մշտական, կրիտիկական զանգվածը, որ պետք է ստեղծագործական գործունեության համար։

Հասարակական սեկտորը՝ տեղական փորձարկումներ

«Միավորող կամուրջ» ՀԿ-ն Արագածոտնի մարզում փորձում է ապացուցել, որ համայնքում էլ կարելի է զարգանալ։ Անվճար կրթական դասընթացներ, ակումբներ, միջազգային ծրագրեր, կամավորական հնարավորություններ։

«Մեր ամենակարևոր նպատակը այն է, որ երիտասարդները պահպանեն համայնքապատկան լինելու զգացումը։ Գնալ, սովորել, վերադառնալ՝ համայնքին տալու մղումով»,– ասում է կազմակերպության տնօրեն Ռազմիկ Մնացականյանը։

Սակայն այս օրինակը մերթ շրջանակային է, մերթ էլ կախված է առանձին մարդկանց նախաձեռնությունից։ Ազգային մակարդակում համակարգ դարձած չէ։

Երբ Նունեն որոշեց վերադառնալ գյուղ, դա միայն անձնական որոշում չէր։ Դա նաև հետևանք էր այն միջավայրի, որ զարգացել էր համայնքում։ Երբ Լուսինեն որոշեց մնալ Երևանում, նա հաշվի էր առնում ոչ միայն ուսման որակը, այլ նաև՝ կյանքի որակը։ Իսկ Կարենի պես երիտասարդները, որ դեռ մտածում են, վկայում են մի բան՝ պետության, հասարակության ու համայնքի համատեղ աշխատանքն է, որ կարող է կերտել որոշումը։

Բայց ներկայիս պետական ծրագրերը չեն հասնում այնտեղ, որտեղից սկսվում են իրական որոշումները։ Կրթական աջակցությունը մասնակի է, ենթակառուցվածքային ներդրումները՝ ընդհանուր, մշակութային ծրագրերը՝ մակերեսային։

Հիմա ընտրությունն արդեն միայն անհատի ուսերին չէ։ Դա համակարգի, մոտեցման, մթնոլորտի հարց է։ Ու եթե այսօր որևէ երիտասարդ որոշում է վերադառնալ գյուղ ու այնտեղ ապագա կերտել, նա դրանով նաև պատասխան է տալիս մի կարևոր հարցի՝ Մնա՞լ, թե գնալ։

Ալինա Սաակյան