12.08.2025
Կատեգորիա
Առողջապահություն
առողջ սնունդ

Առողջ սննդակարգի շնորհիվ կարելի է խուսափել բազմաթիվ հիվանդություններից։ Վստահ եմ՝ այս նախադասությունը շատերդ եք լսել։ Բայց եկեք հասկանանք՝ ինչ է սա նշանակում։ Սննդաբան Աքսաննա Գրիգորյանը բացատրում է, որ առողջ սննդակարգը ապրելակերպ է, որը հիմնված է սննդի ճիշտ ընտրության և հավասարակշռության վրա։ Նրա խոսքով՝ ճիշտ սնվելն օգնում է պահպանել նորմալ քաշը, բարձր աշխատունակությունն ու լավ տրամադրությունը, իսկ արագ սնունդը, գազավորված ըմպելիքներն ու քաղցրեղենը վնասում են մեր օրգանիզմը։ 

«Շատերը կարծում են, որ առողջ սնվելը միայն նիհարելու կամ գեղեցիկ տեսք ունենալու համար է, բայց իրականում այդպես չէ։ Երբ օրվա ընթացքում մենք ստանում ենք բավարար սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր և վիտամիններ, ոչ միայն պահպանում ենք նորմալ քաշ, այլև նվազեցնում ենք հիվանդությունների ու հորմոնալ խանգարումների ռիսկը»,- ավելացրեց սննդաբանը։ 

Նա ընդգծեց, որ ճիշտ համակցված սնունդը բարելավում է ինչպես նյութափոխանակությունը, այնպես էլ ընդհանուր ինքնազգացողությունը։ Այդ պատճառով բժիշկներն այսօր առավել շատ շեշտադրում են կանխարգելիչ մոտեցումը՝ խնդիրները լուծելու փոխարեն փորձելով դրանք պարզապես չառաջացնել։

«Ես միշտ ասում եմ՝ առողջ սնվելը սահմանափակում չէ, սա ինքներդ ձեզ սիրելու, ձեր մարմնի հանդեպ հարգանքով վերաբերվելու ձև է։ Իսկ կարճաժամկետ դիետաներին ես ամբողջությամբ դեմ եմ։ Դրանք ժամանակավոր են և հաճախ բերում են խանգարված սննդակարգի, սթրեսի և հետագայում քաշի ավելացման։ Նիհարելը պետք է լինի առողջ տարբերակով՝ առանց ծայրահեղությունների, առանց արգելքների և գիտակցված ընտրություններով»,- հավելեց Գրիգորյանը

Սննդաբանի խոսքով՝ առողջ ափսեն պետք է կազմված լինի հետևյալ

Համամասնությամբ՝ կեսը՝ բանջարեղեն, ցանկալի է գունավոր և վիտամիններով հարուստ, մեկ քառորդը՝ սպիտակուցային սնունդ՝ ձուկ, հավ, հատիկեղեն, մյուս քառորդը՝ բարդ ածխաջրեր՝ հացահատիկ, բրինձ, քինուա, կարտոֆիլ։  

Բացի այդ, անհրաժեշտ է ավելացնել առողջ ճարպեր ձիթայուղ, ընկույզ, ավոկադո։ Նա խորհուրդ տվեց առավոտյան օգտագործել էներգիա տվող ուտեստներ՝ սպիտակուց և ածխաջրեր, կեսօրին՝ լիարժեք ափսե, իսկ երեկոյան՝ թեթև, բայց սննդարար՝ բանջարեղեն և սպիտակուց։

«Սկսիր ոչ թե քիչ ուտել, այլ սիրով ու գիտակցված»,- եզրափակեց սննդաբանը։ 

Առողջ սնունդը շքեղություն չէ։ Այն ամենօրյա խնամք է, որը սկսվում է ամենափոքր, բայց կարևոր որոշումից։ Հիշեք՝ երբ սնունդը դառնում է հավասարակշռված, մարմինը սկսում է շնորհակալ լինել՝ ավելի շատ էներգիայով, թեթևությամբ և ներքին հանգստությամբ։

Շուշաննա Ղազարյան