12.08.2025
Կատեգորիա
Մշակույթ
երաժիշտներ

Երաժշտությունը երբեմն ծնվում է ամենաանսպասելի վայրերում․ Գոռը, Հայկը, Ավետը, Ռադիկն ու Մարկը մի օր որոշեցին միավորել իրենց երաժշտական կարողություններն ու ստեղծեցին «Ղափան բենդը»։ Բենդն ունի ընդամենը վեց ամսվա պատմություն։  Խմբի մեներգիչ Գոռը journalist.am-ին պատմեց բենդի ստեղծման ընթացքի, ոգեշնչման աղբյուրների, բեմի էներգիայի և առաջիկա ծրագրերի մասին։

-Գոռ, գիտեմ, որ խմբի ստեղծման գաղափարը վաղուց է եղել, որտե՞ղ և ինչպե՞ս ծնվեց այդ միտքը։                      

-Մեր խումբը ստեղծվել է մոտ վեց ամիս առաջ, սակայն գաղափարը շատ ավելի վաղ կար՝ շուրջ երկու տարի։ Մի օր նկուղում հին թմբուկ և մի քանի այլ գործիքներ գտանք, սկսեցինք նվագել, ու հենց այդ պահից ծնվեց միտքը՝ ընկերներով ստեղծելու սեփական բենդը, որն էլ հիմա դարձել է իրականություն։ 

-Իսկ ինչպե՞ս ծնվեց ձեր խմբի անունը և ինչո՞վ է այն ձեզ համար խորհրդանշական։
-Անունը ծնվեց նույնքան պատահական։ Մեր թմբկահարը վեր կացավ ու ասաց՝ «Եկեք պարզապես դնենք «Ղափան բենդ»»։ Այդպես էլ եղավ։ Անունը մեզ համար խորհրդանշական է․ մենք Կապանից ենք, ու այդ անունը հենց մեր քաղաքն է բնորոշում։ Ի դեպ, Կապանում 1980–90-ականներին գործել է մի խումբ՝ «Группа Капан» անունով։ Իրենք տարբեր երկրների փառատոններում էին հանդես գալիս։ Նրանք մեր ուսուցիչներն են և մենք հենց իրենցից ենք ոգեշնչվել ու որոշել իրենց գործը շարունակել։

-Ինչպե՞ս կբնութագրեիք ձեր ստեղծագործական ոճը։ 
-Մեր ոճը կարելի է անվանել փոփ–ռոք՝ հայկական հնչողությամբ։ Փորձում ենք ավանդական մեղեդիները մատուցել ժամանակակից ոճով, որպեսզի երաժշտությունը լինի միաժամանակ հարազատ ու նոր։

-Իսկ ի՞նչ գաղափարներ կամ մտքեր կան։
-Նոր գաղափարներ շատ կան։ Ունենք հեղինակային երգեր, «cover» տարբերակներ, որոնք դեռևս հրապարակված չեն։ Հիմնականում պահում ենք համերգային ծրագրերի համար։

-Ի՞նչ տրամադրություն է տիրում ետնաբեմում, որտեղ ծնվում են այդ գաղափարները:
-Ետնաբեմը միշտ աշխույժ ու ուրախ է։ Այնտեղ ծիծաղով ու ջերմությամբ ենք քննարկումներ ու փորձեր անում, որպեսզի ելույթն ավելի կենդանի ու հիշվող լինի։ Միշտ ծափերով ենք դուրս գալիս բեմ, իսկ ավարտից հետո շնչակտուր ասում ենք՝ «ջան, պրծանք»։ Սա արդեն մեր առօրյայի մի մասն է դարձել։ Իսկ լարվածությունը միշտ էլ կա, բայց երբեք այնքան չէ, որ խանգարի ելույթին։

-Կարծում եմ՝ ետնաբեմի աշխուժությունն օգնում է և՛ ելույթներին, և՛ հանդիսատեսի հետ կապին։ Իսկ ո՞ր ելույթն է ձեզ համար ամենահիշարժանը:
-Ամենահիշարժանը Դավիթբեկյան խաղերի ելույթն էր։ Այն մրցույթ-փառատոն է, որը 4-րդ տարին անընդմեջ անցկացվում է Հայաստանի հարավային սահման Սյունիքում։ Երբ տեսնում էինք, թե ինչպես են երիտասարդները պարում քոչարի ու յարխուշտա մեր կենդանի երաժշտության ներքո, դա մեզ անհավանական ուժ էր տալիս։ Այդ պահը երկար կմնա մեր հիշողության մեջ։

-Եվ վերջում, ո՞ր հատկանիշներն են, ըստ Ձեզ, ամենակարևորը այս գործում հաջողության հասնելու համար։ 
-Նախ՝ կոմպլեքսներ չպիտի լինեն։ Երաժշտությունն աշխատանք է՝ շատ, չափազանց շատ աշխատանք։ Պետք է գիշեր–ցերեկ աշխատել, որպեսզի մի-երկու տարի անց կարողանաս վայելել արդյունքը։ Դրա համար պիտի լինես պատասխանատու, նպատակասլաց և ազնիվ աշխատես։ Ցանկացած գործի մեջ էլ ռիսկ կա, պիտի այդ ռիսկին գնաս, պիտի միշտ փորձես, միշտ առաջ գնաս ու չվախենաս։

Հասմիկ Բադալյան