12.08.2025
Կատեգորիա
Հասարակություն
Արփի Վանյան

Արփի Վանյանը հոգեբան է, գրող և սցենարիստ։ Նա հեղինակել է մի շարք գրքեր («Կինը», «Ինչպես դաստիարակել երջանիկ և հաջողակ երեխա», «Անհնարինը՝ հնարավոր»), որոնց մեծ մասը դարձել են բեսթսելլերներ։ Նաև դասավանդում է, կազմակերպում սեմինարներ ծնողավարության և դաստիարակության թեմաներով։

-Վերջին տարիներին Հայաստանում աճել է արձանագրված ընտանեկան բռնությունների քանակը։ Գլխավոր դատախազության տվյալներով՝ վերջին տարում այն ավելացել է շուրջ  151%- ով։  Ըստ Ձեզ՝ ո՞րն է դրա հիմնական պատճառը։

-Բռնության դեպքերի  խոշոր աճի հիմքում մի քանի կարևոր պատճառ կա:
Առաջին հերթին սոցիալ-տնտեսական լարվածությունը. աղքատությունը, գործազրկությունը, ապագայի հանդեպ անորոշությունը, ֆինանսական ճնշումները կարող են մեծացնել ընտանիքում սթրեսը և նպաստել բռնության դրսևորումներին: 

Երկրորդը կրթական և մշակութային գործոնն է: Մեր հասարակությունում դեռ պահպանվում են խիստ հիերարխիկ և երբեմն նույնիսկ բռնի դաստիարակության մոդելները, որտեղ երեխայի նկատմամբ կիրառվող ուժը համարվում է դաստիարակության միջոց: 

Երրորդը իրավական և հոգեբանական անտեղյակությունն է: Շատերը պարզապես չգիտեն, որ բռնությունը միայն ֆիզիկական չի լինում:

Չորրորդը ծնողների չհայտնաբերված հոգեկան և էմոցիոնալ խնդիրներն են, որոնք փոխանցվում են սերնդեսերունդ՝ առանց լուծման: 

Այսպես էլ առաջանում է բռնության մշակույթը ՝ որպես «նորմալ» վարքագծի ձև:

-Ի՞նչ տարբերություն կա խիստ և հետևողական դաստիարակության միջև։

-Խիստ դաստիարակությունը հիմնված է վերահսկման, վախի և անվերապահ հնազանդության վրա, որի հիմնական ուղերձը հետևյալն է՝ կանոններս ընդունիր առանց հարցերի, թե չէ կպատժվես։
Խիստ դաստիարակությունը ենթադրում է շատ կանոններ, քիչ ջերմություն, քննադատություն, ոչ բավարար խրախուսում։ 
Հետևողական դաստիարակության կանոնն է՝ սիրել, բայց ունենալ սահմաններ։ Այստեղ սահմաններ կան, բայց ծնողը լսում և բացատրում է երեխային։ Հետևողական դատիարակության հետևանք է բարձր վստահությունը ծնողների հանդեպ, ներքին կարգապահությունը, հնազանդությունը, որը ծնված չէ վախից։ Խիստ դաստիարակությունը ստիպում է երեխային ենթարկվել՝ չհասկանալով, իսկ հետևողական դաստիարակությունը սովորեցում է հասկանալ և պատասխանատվությամբ գործել։

-Հասարակական նորմերն ազդո՞ւմ են արդյոք ծնողավարման ձևերի վրա։

-Հասարակական նորմերը սահմանում են՝ ինչն է ընդունելի և ինչն է ամոթ։ Օրինակ, թե ինչպես պետք է իրեն դրսևորի տղամարդը, կինը, երեխան, ծնողը։ Այս համակարգը խոր ազդեցություն է ունենում ծնողի մտածողության, վերաբերմունքի և նրա դաստիարակության ձևերի վրա։ Այսինքն հասարակության արժեհամակարգը ծնողի ներքին հսկիչն է։ Այն թելադրում է, թե ինչ է նշանակում լավ ծնող լինել։ Եվ մինչև ծնողը չլսի իր ներքին ձայնը` հասկանալով, թե որ նորմն է իր համար ընդունելի և որը՝ ոչ, դժվար է ձևավորել ազատ, գիտակցված և սիրով սահմանված դաստիարակություն։

-Ինչպե՞ս են ազդում ծնողների փոխհարաբերությունները երեխայի հոգեկան առողջության վրա։

-Ծնողների փոխհարաբերությունները երեխայի հոգեկան աշխարհի հիմնաքարերն են։ Երեխան առաջին անգամ սիրո, հարաբերության, անվտանգության և ինքնարժեքի մոդելը հենց ծնողների փոխադարձ վերաբերմունքի մեջ է տեսնում: Եթե տանը հարաբերությունները խաղաղ են, վեճերը՝ լուծվող, միմյանց լսում և ընդունում են , ապա երեխան էլ, մեծանալով նման միջավայրում, դառնում է շփման մեջ հասուն, առողջ մարդ։ Երեխան իրեն զգում է անվտանգ, գիտի, որ աշխարհը կանխատեսելի է, մարդիկ ՝ վստահելի։
 Իսկ եթե ծնողները միմյանց նսեմացնում են, անտեսում կամ ագրեսիվ են, երեխան սովորում է, որ հարաբերությունները պայքար են, վախ և մրցակցություն։ Եթե ծնողները ընդունում են իրար, շփվում առանց նվաստացման կամ պիտակավորման, երեխան սովորում է ընդունել իրեն՝ իր թերություներով, կարիքներով հանդերձ։

-Ըստ Ձեզ՝ ո՞րն է ավելի ճիշտ․ երբ ծնողը իր երեխային փորձում է զերծ պահել արտաքին վտանգներից՝ աշխարհից մեկուսացնելով, թե հակառակը, երբ երեխային տրվում է հնարավորություն ինքնուրույն հաղթահարելու իր առջև ծառացած խնդիրները։ 

-Եվ´ գերհսկողությունը, և´ լիարժեք  ազատությունը կարող են վնասակար լինել. ճիշտ մոտեցումը սիրո, հսկողության և  ազատության հավասարակշռությունն է։ Ի՞նչ է լինում, երբ ծնողը երեխային  մեկուսացնում է աշխարհից իբրև պաշտպանելու համար․ երեխան չի սովորում ճանաչել վտանգը, հասկանալ ռիսկերը։ Շատ հաճախ այս երեխաները, մեծանալով, դառնում են անինքնավստահ, խուսափող կամ հակառակը՝ ճակատագրի դեմ ըմբոստացող մարդիկ։ Այսինքն՝ այս մոտեցումը  երեխային չի պաշտպանում, այլ միայն հետ է պահում կյանքի իրական փորձից։ Իսկ ի՞նչ է լինում, երբ ծնողը տալիս է երեխային ազատություն՝ խնդիրներն ինքնուրույն հաղթահարելու համար, բայց սիրով և ամենակարևորը՝ ուղեկցությամբ։ Երեխան սովորում է մտածել, վերուծել, դիմանալ, աճել։ Զարգանում են նրա ինքնագնահատականը և հուզական կայունությունը։ Հետևաբար, երեխային պետք չէ ո՛չ մեկուսացել աշխարից, ո՛չ էլ գցել մարտահրավերների մեջ՝ առանց ուղեկցման։ Ճիշտն այն է, որ ծնողը լինի ոչ թե պատ, այլ կամուրջ երեխայի ու աշխարհի միջև։

Նելլի Գրիգորյան