Այն, ինչ երբեմնի բժշկական միջամտություն էր, այսօր դարձել է գեղեցկության սրահներում, վարձով գրասենյակներում ու նույնիսկ բնակարաններում առօրյա մատուցվող ծառայություն։ Դեմքի ձևափոխությունը, շրթունքների ու մաշկի «թարմացումը» այլևս բժիշկների գործ չէ, այլ հաճախ անհայտ ծագում ունեցող «էսթետիկ մասնագետների» ձեռքում գտնվող բիզնես՝ առողջության գնով։
«Ի սկզբանե ունեի ոչ սիմետրիկ շուրթեր, դրա համար էլ որոշեցի բոտոքս անել, ֆորման և ծավալը փոխել։ Բայց անելուց հետո շատ փոշմանեցի։ Մեկ շաբաթ շուրթերս չէի կարողանում շարժել, քարացել էին։ Մտածում էի՝ երևի նորմալ է, բայց հետո անտանելի կապտուկներ առաջացան, և նյութն ամբողջությամբ միգրացվեց։ Ստիպված եղա գնալ ուրիշ մասնագետի մոտ և հանել նյութը»,- նշում է 27 տարեկան Ա. Վ.-ն։
Վերջին տարիներին էսթետիկ միջամտությունների թիվն աճում է, սակայն նույն տեմպերով չեն աճում ոլորտի վերահսկողության և անվտանգության ապահովման մեխանիզմները։
Հայաստանում կոսմետիկ միջամտությունների ոլորտի վերահսկումն իրականացնում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, մինչդեռ մասնագետների և բժշկական կենտրոնների լիցենզավորումն իրականացվում է Առողջապահության նախարարության կողմից։ Լիցենզավորման գործընթացը կարգավորվում է ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշմամբ, որը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի գործունեության լիցենզավորման կարգը։
Այդ պատճառով մենք հարցմամբ դիմել ենք ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին՝ պարզելու, թե վերջին 3 տարում լիցենզավորված և չլիցենզավորված կոսմետոլոգիական կենտրոններում իրականացվե՞լ են ստուգումներ, և ի՞նչ խախտումներ են արձանագրվել։
Տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Մարիամ Չամանյանը հայտնեց, որ 2023-2025 թթ.-ին Տեսչական մարմնի կողմից վերահսկողություն է իրականացվել 60 կոսմետոլոգիական ծառայություններ մատուցողների նկատմամբ:
«Իրականացված վերահսկողության արդյունքում հիմնականում հայտնաբերվել են օրենսդրությամբ սահմանված լիցենզիայի պահանջների և պայմանների, ինչպես նաև «Գովազդի մասին» օրենքով սահմանված պահանջների խախտումներ, որոնց վերացման նպատակով տրվել են կարգադրագրեր և հարուցվել են վարչական իրավախախտման վարույթներ: Տեսչական մարմնին օրենքով սահմանված կարգով տնտեսավարողի գործունեություն կասեցնելու լիազորություն վերապահված չէ»։
Առողջապահության նախարարությանն ուղղված հարցմանն ի պատասխան՝ լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանը նշեց, որ կոսմետոլոգիական ծառայությունների գործունեությունը կարգավորվում է կառավարության որոշմամբ, ՀՀ-ում գրանցված են մի շարք կոսմետիկ ներարկումային դեղեր, այդ թվում՝ «Բոտուլաքս» և «Ֆորտոքս»։ Միաժամանակ շեշտվում է, որ կոսմետոլոգիական ծառայությունների գովազդը թույլատրելի է միայն նախարարության տված հատուկ թույլտվությամբ։
Մասնագետները նշում են, որ գեղեցկության ձգտումը երբեմն առողջության հաշվին է լինում, երբ միջամտությունն արվում է ոչ պատշաճ պայմաններում ինքնահռչակ վարպետի կողմից. մաշկի տակ ներարկվող ցանկացած նյութ կարող է բարդություններ առաջացնել՝ այտուց ու բորբոքումից մինչև լուրջ վարակներ։
«Այն նյութերը, որոնք կիրառվում են՝ հատկապես բոտուլոտոքսինը, կարող են ունենալ վնասակար ազդեցություն նյարդային համակարգի վրա։ Գիտականորեն արդեն հաստատված է, որ այդ նյութերը երկարաժամկետ հեռանկարում կարող են բացասաբար ազդել օրգանիզմի ֆունկցիոնալ համակարգերի վրա։ Այս ամենը դեռևս ամբողջությամբ ուսումնասիրված չէ, բայց մի բան պարզ է՝ վտանգները իրական են»,- նշում է ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը։
«Երկու անգամ տարբեր մասնագետների մոտ կատարել եմ շուրթերի ծավալի մեծացում։ Առաջին ներարկումից երեք օր հետո ֆիլերը միգրացվեց, այսինքն, ի սկզբանե նախատեսված տեղից շարժվել էր և հիմնականում հավաքվել էր ձախ կողմի վրա։ Գնացի այլ մասնագետի մոտ և նյութը հեռացրի։ Երկրորդ անգամ դիմեցի ճանաչված և հայտնի մասնագետի՝ մտածելով, որ լավ աշխատանք կանի։ Սակայն, նյութը ամբողջությամբ գնդավորվեց և կախվեց։ Այս անգամ էլ նյութը հեռացրի։ Ամեն անգամ հայելու մեջ նայելիս տրամադրությունս ընկնում էր, որովհետև շատ տհաճ էր տեսնել կախված և ոչ սիմետրիկ շուրթեր»,- Այս մասին Անահիտը պատմել է Հետք Մեդիա Գործարանին։ https://mediafactory.am/our-products/aesthetic-lip-fillers
Բժիշկը մտահոգիչ է համարում նաև այն փաստը, որ շատ միջամտություններ իրականացվում են առանց համապատասխան լիցենզիայի և վերահսկողության: Այսօրվա ամենացավոտ հարցերից մեկը բժշկական կրթություն չունեցող մարդկանց կողմից տարբեր սրահներում ներարկումներ և միջամտություններ իրականացնելն է համարում։ Կարծում է, որ ասեպտիկ և հակահամաճարակային կանոնների խախտման հետևանքով մարդիկ կարող են վարակվել հեպատիտով, ՄԻԱՎ-ով և այլ հիվանդություններով։ Ծաղիկ Վարդանյանի խոսքով՝ ոլորտում անհրաժեշտ է ոչ միայն ուժեղացնել վերահսկողությունը, այլ նաև իրականացնել հանրային իրազեկման լայնածավալ արշավներ․
«Պետք է բացատրել մարդկանց, թե ինչ կարող է պատահել, եթե դիմում են չլիցենզավորված մասնագետների։ Կարևոր է, որ առողջապահության նախարարությունը և լրատվամիջոցները տեղեկատվական արշավներով միասին աշխատեն՝ կանխելու այս վտանգավոր միտումները»։
Հատկապես մտահոգիչ է դեռահասների շրջանում աճող հետաքրքրությունը։ Մինչև 18 տարեկան երեխաների մոտ ևս այս միջամտությունները լայնորեն տարածված են։ Փորձագետի կարծիքով՝ նրանք աճման և ֆունկցիոնալ զարգացման փուլում են, ու ցանկացած նման միջամտություն կարող է վնասել օրգանիզմի ձևավորման բնական գործընթացը։ Սա արդեն առողջական աղետ է՝ հետագա սերունդների համար հնարավոր հետևանքներով։
ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը կարծում է, որ ժամանակի ընթացքում հասարակությունը կսկսի վերադառնալ բնական գեղեցկության և առողջ ապրելակերպի արժեքներին․
«Կարծում եմ՝ վաղ թե ուշ մարդիկ կհասկանան, որ գեղեցկությունը գալիս է առողջությունից։ Ճիշտ սննդակարգը, բավարար քունը, ֆիզիկական ակտիվությունը և հոգեբանական հավասարակշռությունը շատ ավելի արդյունավետ են, քան ցանկացած ներարկում։ Եթե մարդը առողջ է, նրա դեմքից դա արդեն երևում է»։
Փորձագետը մեծ արդյունք է համարում, եթե հասարակության գոնե մի մասն գիտակցի, որ բնական, առողջ կերպարը շատ ավելի արժեքավոր է, և կատարյալ լինելու մոլուցքը հիվանդություն չդառնա։
Մեծ Բրիտանիայում, օրինակ, դեռ 2023 թվականին ընդունվել է օրենք, որով արգելվում է մինչև 18 տարեկան անձանց բոտոքս և ֆիլլերներ ներարկել, նույնիսկ ծնողների համաձայնությամբ։ Բոլոր կոսմետիկ միջամտություններ իրականացնող մասնագետները պարտադիր պետք է գրանցված լինեն առողջապահական ռեգիստրում և ունենան համապատասխան բժշկական որակավորում։ Բացի այդ, կառավարության կողմից հաստատված կանոններով, բոլոր կլինիկաները պետք է ունենան ապահովագրություն՝ միջամտության հնարավոր բարդությունների դեպքում։ Կից կարող եք տեսնել օրենքը։
Միացյալ Նահանգներում կոսմետիկ միջամտությունները վերահսկվում են FDA-ի (Food and Drug Administration) կողմից։ Այն հաստատում է միայն այն նյութերն ու սարքավորումները, որոնք անցել են անվտանգության և արդյունավետության երկարատև փորձարկումներ։ Բացի այդ, ԱՄՆ-ում շատ նահանգներ պարտադիր են դարձրել, որ բոտոքսի կամ ֆիլլերի ներարկումները կատարվեն բժշկի կամ նրա անմիջական հսկողությամբ։
Ֆեյսբուքում անցկացված հարցմանը մասնակցած 50 անձանցից 31-ը նշել են, որ կողմ է նման պրոցեդուրաներին՝ նշելով, որ եթե միջամտությունն իրականացվում է հմուտ և վստահելի մասնագետի կողմից, այն կարող է լինել արդյունավետ միջոց՝ արտաքին տեսքը պահպանելու համար։ Մյուս 19 մասնակից նշել է, որ բոտոքս անել չարժի։ Նրանց կարծիքով՝ ցանկալի արդյունքի հասնելու համար նախ անհրաժեշտ է գտնել իսկապես լավ մասնագետ, ինչը մեր օրերում բավական բարդ է։ Բացի այդ, նրանք ընդգծել են, որ պրոցեդուրան պետք է պարբերաբար կրկնել, հակառակ դեպքում ներարկված հատվածները կարող են կախվել և թուլանալ։ Այս խմբի ներկայացուցիչները կարծում են, որ գեղեցիկ և առողջ տեսքի կարելի է հասնել նաև բնական եղանակներով՝ առողջ ապրելակերպի, վիտամինների ընդունման, մարզումների և մերսումների միջոցով։
Փորձագետների կարծիքով՝ խնդրի լուծման հնարավոր տարբերակներից մեկը կարող է լինել էսթետիկ միջամտություններ իրականացնող կենտրոնների գործունեության խստացված վերահսկումը և հստակ որակական չափանիշների սահմանումը։ Դա թույլ կտա բացառել անօրինական և ոչ մասնագիտական միջամտությունները, ապահովել քաղաքացիների անվտանգությունը և բարձրացնել ոլորտի նկատմամբ հասարակական վստահությունը՝ ձևավորելով առողջ ու կարգավորված էսթետիկ բժշկության միջավայր։