Մեր երկուսի մանկությունը անցել է գյուղական դպրոցներում, բայց տարբեր գյուղերում և տարբեր պայմաններում, և հենց այդ բազմազան փորձն է ձևավորում մեր պատկերացումները կրթական փոփոխությունների մասին։ Մեզնից մեկը մանկությունն անցկացրել է հինգ հարյուր աշակերտ ունեցող դպրոցում, որը տարիների ընթացքում դատարկվել է այնքան, որ այսօր հազիվ մի հարյուր դպրոցական ունի, շենքը քանդվել է, իսկ դասերը տարվել են մշակույթի տան հին սենյակներ։ Երբ գյուղում սկսեցին խոսել հնարավոր փակման մասին, անհանգստությունը տարածվեց ոչ միայն աշակերտներ ունեցող ընտանիքներում, այլև նրանց մոտ, ովքեր այլևս գյուղում չեն բնակվում․ դպրոցը միակ տեղն էր, որտեղ կազմակերպվում էին գյուղի միջոցառումները, որտեղ համայնքը մշակութային կյանքով էր ապրում։
Մյուս հեղինակը փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցում է սովորել, որտեղ դասարաններում հաճախ 3-5 երեխա էր լինում, և ցանկացած բացակայություն բառացիորեն կանգնեցնում էր դասը, տարիքային խմբերի միաժամանակյա ուսուցումը ստիպում էր միաժամանակ լինել և՛ սովորող, և՛ օգնող, և՛ պատասխանատու ավագ։ Այդ պայմաններում ուսման գործընթացը դառնում էր հոգնեցուցիչ և երբեմն նաև մեկուսացնող, քանի որ սոցիալական ու կրթական միջավայրի բազմազանությունը գրեթե բացակայում էր։
Այս երկու փորձառությունները գալիս են տարբեր դիրքերից, բայց միանում են այնտեղ, որտեղ այսօր կանգնած են Հայաստանի շատ գյուղեր։ 2026-ին նախատեսվում է դպրոցների խոշորացում, որի շրջանակում 100-ից քիչ աշակերտ ունեցող շուրջ երկու հարյուրից ավելի դպրոց միավորվելու են, և միաժամանակ կառուցվելու ու վերակառուցվելու են նոր կրթահամալիրներ, որոնք պիտի սպասարկեն միանգամից մի քանի համայնքի։
Մենք երկուսս էլ հիմա Երևանում ենք բնակվում, և երբ համայնքի բնակիչներին և ուսուցիչներին հարցնում էինք, թե ինչ գիտեն իրենց գյուղերի դպրոցների օպտիմալացման մասին, նրանց մեծ մասը պատասխանը սկսում էր «դե ասում են, որ»-ով։ Անորոշությունը հենց այն կետն էր, որտեղ հավասարվում էին երկու հեղինակներիս դիրքերը․ մեր համայնքներում չգիտեն՝ իրենց դպրոցներում ինչ է լինելու մեկ տարի հետո, ամեն ինչը պատված է այստեղից այնտեղ թափառող շշուկներով։
Ըստ մեր՝ ԿԳՄՍՆ-ին ուղղված հարցման պատասխանի՝ ուսումնասիրությունների արդյունքում որոշվել է, որ դպրոցներ տանող ճանապարհները վերանորոգվելու են, իսկ երեխաների տեղափոխումը կազմակերպվելու է հատուկ նախատեսված տրանսպորտով՝ ապահովելով նրանց լիարժեք անվտանգությունը։
Գյուղերից մեկի համայնքապետը և դպրոցի տնօրենը մեզ հետ զրույցում նշում են, որ իրենք լսել են ծրագրերի մասին ավելի շատ լրատվամիջոցներից, քան պաշտոնական հաղորդումներից։ Դրանց մասին իրազեկումներ դեռ չեն արվել։ Զրույցի վերջում էլ համայնքապետը նշեց, որ իրենք պատրաստ են հետևողական լինել, որպեսզի խնդիրներ չառաջանան։ Դպրոցի տնօրենն էլ մտահոգ էր ոչ միայն իր, այլև դպրոցի աշխատակազմի համար․ աշխատանքի, երկար տարիների ընկերության և ձևավորված հարաբերությունների համար։
Դպրոցների օպտիմալացումը իրականացվում է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով։ Նախորդ տարվա տվյալներով՝ նորոգման/կառուցման աշխատանքները ավարտվել են 35 դպրոցում։ Կառավարությանը մնում է մինչև 2026-ը կառուցել/նորոգել մնացած 265-ը։