12.17.2025
Կատեգորիա
Հասարակություն
կախվածություն

Կարճ տեսահոլովակները՝ TikTok, Instagram Reels և YouTube Shorts հարթակներում, վերջին տարիներին դարձել են ամենաարագ տարածվող կոնտենտը։ Սակայն Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի նոր հետազոտությունը, որն ընդգրկել է ավելի քան 98 հազար մասնակից, ցույց է տվել՝ այս հարթակների ակտիվ օգտագործումը կարող է զգալիորեն ազդել օգտատերերի ուշադրության, ինքնատիրապետման և հոգեկան առողջության վրա։ 

Հետազոտությունն ամփոփել է 71 գիտական աշխատանքի արդյունք, և դրանց համաձայն՝ կարճ հոլովակների հաճախ դիտումը խաթարում է ուղեղի բնական կենտրոնացման մեխանիզմները․ այն սովորում է արագ ստանալ «խթան» և դժվարանում է աշխատել երկարատև մտավոր ռեժիմում։ 

Գիտնականները նշում են, որ կարճ հոլովակները ձևավորում են «արագ պարգևատրման» մեխանիզմ, որի պատճառով նվազում է ուշադրության ծավալը։ Դրա հետևանքով օգտատերերը դժվարանում են կենտրոնանալ ուսման, աշխատանքի ու ընթերցման վրա և ավելի հեշտ շեղվում ցանկացած մանրուքից։ 

«Արագ տեսահոսքերը մեզ սովորեցնում են, որ ամեն ինչ պիտի լինի անմիջապես, իսկ իրական կյանքում ոչինչ այդքան արագ չի ընթանում։ Այս հակասությունն է, որ մարդկանց մեջ առաջացնում է տագնապ, անուշադրություն և ցրվածություն»,- նշում են մեդիահոգեբանները։

Մեծածավալ վերլուծությունը ցույց է տալիս, որ կարճ հոլովակների ակտիվ օգտագործումը կապված է նաև մի շարք հոգեբանական խնդիրների հետ, ինչպիսիք են սթրեսի բարձրացումը, տագնապայնության աճը, քնի որակի վատթարացումը և այլն։ Ավելի արագ բովանդակությունը ստիպում է ուղեղին գործել գերծանրաբեռնված ռեժիմով, ինչի պատճառով նույնիսկ հանգստանալու ժամանակ մարդը շարունակում է մնալ «զգոն» վիճակում։ 

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն այս երևույթն այսպես է բնութագրում. «Ուղեղը ուղղակի վարժվում է արագ էֆեկտի, ու դրա պատճառով երկար բան կարդալը կամ նորմալ աշխատելն ավելի ու ավելի դժվար է դառնում»։ 

Հետազոտությունների արդյունքում նաև պարզվել է, որ խնդիրները չեն սահմանափակվում միայն դեռահասներով։ Ուշադրության անկումը նույն կերպ նկատվում է մեծահասակների շրջանում։ Այս հետազոտությունը հստակ ցույց է տալիս՝ կարճ տեսահոլովակները պարզապես զվարճանքի նոր ձև չեն, այլ ազդեցություն ունեցող մեդիա երևույթ, որը փոխում է մեր ընկալումը, կենտրոնացումը և հոգեկան վիճակը։ 

Ագապի Հովհաննիսյան