12.17.2025
Կատեգորիա
Առողջապահություն
հիպոթերապիա

Հայաստանում գործող հիպոթերապիայի կենտրոնը թերապիան լիովին անվճար հասանելի է դարձրել դրա կարիք ունեցող երեխաների համար: Հիպոթերապիան թերապևտիկ գործողություն է, որտեղ կենտրոնական դեր են ստանում ձիերը։ Այս մեթոդը ոչ միայն բարելավում է երեխաների շարժողական և զգայական հնարավորությունները, այլև օգնում է նրանց վստահություն ձեռք բերել և հաղթահարել վախերը՝ միաժամանակ ստեղծելով բացառիկ և անվտանգ միջավայր:

Հայաստանում այն նոր երևույթ չէ։ 2017-ին արդեն կիրառվում էր Խարբերդի մասնագիտացված մանկատանը, որտեղ Նորիկ Բեգլարյանը՝ դեռ որպես կամավոր, առաջին անգամ տեսավ, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ ձին երեխայի կյանքի վրա։

Հիպոթերապիան իրականացվում է բազմաթիվ անկախ կենտրոնների կողմից 48-ից ավելի երկրներում։

Մասնագիտական բացատրությունները քիչ էին, բայց արդյունքը՝ տեսանելի. երեխաների շարժողական, զգայական ու հաղորդակցական հնարավորությունները բառացիորեն բացվում էին, հիշում է Նորիկ Բեգլարյանը:

«Այդ պահը դարձավ իմ շրջադարձային որոշումը»,- պատմում է նա։ -Տեսա, որ եթե այս մեթոդը զարգացնենք ճիշտ ուղղությամբ, կարող ենք հարյուրավոր երեխաների կյանքում իրական տարբերություն ստեղծել»։ Այդ մտքից էլ սկսվեց ճանապարհը դեպի նոր մասնագիտություն, նոր կենտրոն և նոր առաքելություն։

Այսօր «Փայտե ձին» գործում է որպես համակարգված, գիտական մոտեցմամբ աշխատող կենտրոն, որը համագործակցում է Շվեյցարիայի Ցյուրիխի «Kinderspital» հիվանդանոցի մասնագետների հետ։ Վերջիններս ամեն տարի գալիս են Հայաստան՝ փորձի փոխանակման, դեպքերի վերլուծության համար, իսկ եռամսյակը մեկ հանձնվում են օնլայն խորհրդատվություններ։ Այս աջակցությունն ապահովում է կենտրոնի աշխատանքը միջազգային չափորոշիչների մակարդակին հավասար:

Կենտրոնի նպատակը պարզ է, բայց մեծ կարևորություն ունի․ ստեղծել հավասար հնարավորություններ երեխաների համար.

«Մեր կենտրոնի առաքելությունն է՝  ստեղծել հավասար հնարավորություններ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների համար և աշխարհում ամենաթանկարժեք թերապիաներից մեկը համարվողը մատուցել ամբողջությամբ անվճար».-նշում է Բեգլարյանը:

Յուրաքանչյուր երեխայի համար մշակվում է անհատական ծրագիր՝ բժշկական եզրակացությունների, սենսորային կարիքների, շարժողական և վարքային առանձնահատկությունների հիման վրա։ Մեթոդաբանական հիմքը բազմաշերտ է՝ համադրված շվեյցարական, վրացական, ամերիկյան մոտեցումների ու կենտրոնի սեփական փորձի հետ։

Բայց ամենամեծ տարբերությունը մյուս թերապիաների հետ միշտ մնում է նույնը․

«Տարբերությունն այնքան էլ գաղտնի չէ՝ ձին է մեր միջնորդն ու գործընկերը։ Ձին երեխային փոխանցում է ռիթմիկ, եռաչափ շարժում և ջերմային ալիք, որը ոչ մի սարք կամ մեխանիկական թերապիա չի կարող կրկնել։ Այդ պատճառով էլ շատ դեպքերում արդյունքների ավելի արագ ենք հասնում և տեսանելի»,- նշում է հիմնադիրը:

Կենտրոնը ընդունում է 3–13 տարեկան երեխաների՝ մինչև 45 կգ քաշով, ինչը կապված է ձիերի անվտանգության կանոնների հետ․ երեխաները նստում են առանց թամբի։

Լավագույն արդյունքները գրանցվում են աուտիզմի, Դաունի համախտանիշի, մանկական ուղեղային կաթվածի դեպքերում։ Շատ երեխաներ այստեղ առաջին անգամ նայում են աչքերի մեջ, առաջին անգամ համարձակվում են նստել ձիու վրա ու հաղթահարել իրենց վախերը. «Հաճախ նկատում ենք նաև խոսքի զարգացում: Շատ երեխաներ իրենց 1-ին բառը հենց մեզ մոտ են ասում: Պատմությունները շատ են, բայց չեմ ցանկանում, որևէ մեկը առանձնացնել, յուրաքանչյուր երեխայի առաջին փոքր հաղթանակը դառնում է մեծ իրադարձություն մեզ համար։ Հաճախ հիշում եմ այն երեխաներին, ովքեր չեն խոսել և մի օր պարզապես ասում են «ձի», չեն նայել աչքերի մեջ և մի օր ջերմորեն նայում են մեզ, չեն համարձակվել նստել ձիու վրա, իսկ մի օր պարզապես ասում են․ «ես կարողացա»։ Եվ այս «կարողացաներն» են մեր գործի շարժիչ ուժը: Դրանք ոչ միայն երեխաների, այլ նաև մեր թիմի ամենամեծ հաղթանակներն են»:

Նորիկ Բեգլարյանը հատկապես ընդգծում է հիպոթերապիայի «անտեսանելի» կողմը`  ձիերի անքննարկելի զգայունությունը. «Եթե մեծահասակը ձիու վրա հանկարծակի շարժում անի, ձին բնական ռեակցիա կտա: Բայց նույնը կատարող աուտիզմ ունեցող երեխայի դեպքում՝ տեսնում ենք մի բան, որ նույնիսկ գիտական բացատրությունից դուրս է։ Ձին հանգիստ է, համբերատար, կարծես հասկանում է երեխայի վիճակը»։

Ներկա պահին ամսական 44 շահառու անհատական թերապիաներ է ստանում, 120 շահառու կիրակնօրյա թերապիաներ: Հերթում սպասում են ավելի քան 1000 շահառու։

Բայց ի՞նչն է այս թերապիան դարձնում անփոխարինելի: Պատասխանը թաքնված է ոչ թե թերապևտի գիտելիքների, այլ բուն գործընթացի մեջ ներգրավված մյուս «մասնագետի»՝ ձիու եզակի ֆիզիոլոգիայի և զգայականության մեջ: 

Այստեղ երեխաների կողմից կատարված  յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր ժպիտ, յուրաքանչյուր հաղթահարված վախ ապացույց է մի ճշմարտության․ երբ մարդուն տալիս ես համբերություն, անվտանգություն և սեր՝ նա բացահայտում է նոր ճանապարհներ:

Ալբինա Մանուկյան