Զրուցել ենք Հանրային Ռադիոյի 2-րդ ալիքի՝ ԻմՌադիոյի հաղորդավար Մանե Բայադյանի հետ։ Այս զրույցը բացահայտում է, թե ինչպես էր Մանեի համար երբեմնի անծանոթ ոլորտը քայլ առ քայլ հարազատ դարձելիր համար։
-Մանե, գիտեմ, որ հիմա աշխատում ես Հանրային ռադիոյում․ ինչպե՞ս սկսվեց դեպի ռադիո քո ճանապարհը, առաջին քայլդ ո՞րն էր այդ ոլորտում։
-Այո, արդեն բավական ժամանակ Ռադիոն իմ անբաժանելի մասն է: Ճանապարհս շատ անսպասելի է սկսվել։ Մոտ 2 տարի առաջ Հանրային Ռադիոյի 2-րդ ալիքի` ԻմՌադիոյի քասթինգի հայտարարությունն եմ տեսնում համացանցում ու դիմում եմ՝ առանց որևէակնկալիքի, բայց մեծ հույսեր փայփայելով: Ու բախտն ինձ ժպտում է ամենալայն ժպիտով. հայտնվում եմ ԻմՌադիոյում ու երկար դասընթացներից ու փորձերից հետո անում եմ առաջին քայլս։ Ես և այնտեղ ձեռք բերած ամենամոտ մարդկանցից մեկը` Անժելիկա Գյուրջյանը ստեղծում ենք «Գնանք կինո» փոդքասթը, որը, վերջիվերջո, կողմնորոշում ու փոխում է կյանքիս հունը:
Ռադիոյի 2 «առաջին օր» ունեմ։ Ամենաառաջինը, երբ ռադիոյի առաջին դասընթացին էի գնացել։ Այդ ժամանակ շատ լարված էի, որովհետև պատկերացում չունեի՝ ինչ ոլորտ եմ մտնում։ Մյուս առաջին օրս՝ արդեն որպես աշխատող՝ փոդքասթեր, ռադիոհաղորդավար էր, ու քանի որ ռադիոն իրենով շատ շուտ ինձ հարազատ դարձավ, այս անգամ ավելի հպարտության զգացողություն էր մոտս։ Նոր գիտելիքներ ստանալու, նոր բաներ փորձելու ծարավով էի:
-Այժմ ունես քո սեփական հաղորդումը՝ «Ժամանակի մեքենան», մի փոքր կպատմե՞ս հաղորդման մասին, ինչպե՞ս առաջացավ նման հաղորդում ստեղծելու գաղափարը։
-«Ժամանակի մեքենան» իմ 2-րդ փոդքասթն է։ Սա, կարծում եմ, ուրիշ ձևաչափում ինձ փորձելու ու կայանալու մտքից է եկել, որովհետև առաջին փոդքասթս` «Գնանք կինո»-ն այլ ձևաչափի էր. քննարկում էր, ազատ էր ավելի: Իսկ «Ժամանակի մեքենա»-ս ավելի խիստ է, փաստագրական, տեքստային: Գաղափարը երկար մտածելու արդյունք է։ Ուզում էի այնպիսի փոդքաթ անել, որ դեռ չի եղել, որ մարդկանց հետաքրքիր է։ Ու հիշեցի, որ հաճախ եմ մտածում ժամանակաշրջանների մասին, թե ինչպես են մարդիկ ապրել, թե ինչքա՜ն կուզեի ես էլ հնում ապրել, թե կկարողանայի արդյո՞ք ապրել այդ ժամանակներում: Հաճախ էի ժամանակները համեմատում ու տարվում էի այն մտքերով, թե որքան է ամեն ինչ իրար հետ կապված: Ու այդպես իմ ու ԻմՌադիոյի սիրելի գործընկերներիս խորհուրդներով ու ջանքերով ծնվեց «Ժամանակի մեքենան»:
-Ո՞րն է ամենաակնառու փոփոխությունը, որը նկատել ես քո առաջին եթերի ու այսօրվա եթերների մեջ, ի՞նչն ես այժմ անում այլ ձևով։
-Օյ, հիշում եմ, թե առաջին ուղիղ եթերիս ժամանակ ինչպես էի լարվում, գործընկերս ինձ հնարավորին չափով աջակցում ու հանգստացնում էր, ու ինչքան էլ լարված էի, ամեն ինչ շատ լավ անցավ: Իսկ փոդքասթի առաջին էպիզոդը ձայնագրելու մասին էլ չխոսեմ, դեռ ոչինչ չգիտեի, դեռ ոչինչ չէի կարողանում ու այնքան հստակ եմ հիշում այն վախի զգացողությունը, որ միգուցե ոչինչ էլ չստացվի։ Բայց հիմա, երբ համեմատում եմ վերջին աշխատանքներիս հետ, տարբերությունն ահռելի է: Այժմ ամեն ինչն է այլ ձևով. խոսքս է փոխվել, կարդալս է փոխվել, իմ փոքրիկ սովորությունները ունեմ մինչև ձայնագրությունը։
-Իսկ, եթե գաղտնիք չէ, կասե՞ս՝ որոնք են այդ փոքրիկ սովորությունները։
-Սովորությունները այնքան տարբեր են յուրաքանչյուրիս մոտ: Դե, իհարկե, բացի կծու, թթու, քաղցր չուտելը, ձայնագրությունից առաջ, բերանի ապարատի վարժություններ անելն է. ասում են կողքից շատ տարօրինակ է դիտվում (ժպտալով ասաց Մանեն)։ Դրանք մշտական կանոններ են՝ ստուդիա մտնողի համար։ Ես սիրում եմ միշտ մի բաժակ ջուր պահել մոտս։ ԻմՌադիոյի ստուդիան սիրուն նեոնային վահանակ ունի պատի վրա, դա եմ վառում, որ տրամադրություն ստեղծվի։ Ինքս ինձ եմ հատուկ տրամադրություն ներշնչում՝ պայմանավորված այդ օրվա էպիզոդի կոնտեկքստով: Նկատել եմ, որ մեկ-մեկ քթիս տակ ստուդիայի տեխնիկայի հետ եմ խոսում, որ մի բանը չի միանում, կամ ձայնագրիչը չեմ կարողանում հարմարացնել ինձ։
Այդպիսի փոքր բաներով էլ ձայնագրման ընթացքը հետաքրքրացնում ենք:
-Երբ լսում ես եթերում քո ձայնը կամ կարդում ես մեկնաբանություններ լսողների կողմից, ի՞նչն է քեզ ամենաշատը ոգևորում կամ ժպիտ պարգևում։
-Վայ, շատ եմ ոգևորվում, ու ամեն անգամ նույն ուժգնությամբ: Շատ անհավատալի է դեռ ինձ համար։ Կարծես՝ չեմ հավատում, որ իմ ձայնը հեռարձակվում է, որ ես զբաղվում եմ այս ամենով, որ ես եմ անում այս ամենը: Եթերում լսելը շատ ուրիշ հաճույք է, իհարկե, բայց մինչև եթերին հասնելը ձայնագրության ժամանակ շատ մանրակրկիտ կենտրոնանում եմ կարդալուս վրա, շատ եմ խորանում ամեն ինչի մեջ, որ հնարավորինս անթերի ստացվի: Ու շատ եմ սիրում, որ կարծիք են հայտնում, կապ չունի՝ լավ թե վատ, աշխատանքս գնահատված եմ համարում այդպես: Ընկերներս են շատ լսում ու աջակիցում: Շատ եմ շոյվում:
-Եթե հիմա կարողանայիր խորհուրդ տալ՝ 2 տարի առաջ առաջին անգամ ռադիո ոտք դրած Մանեին, ի՞նչ կասեիր նրան։
-Այնքա՜ն բան կասեի։ Կգրկեի։ Կասեի, որ դեռ այնքան բան կա առջևում, ու խորհուրդ կտայի՝ չվախենալ ու ավելի մեծ պատրաստակամությամբ առաջ գնալ: Հիմա էլ չգիտեմ, թե հետո ինչ է լինելու։ Միայն գիտեմ, որ կարևորը վճռկան տրամադրվածությունն է:
Զրույցի ավարտին Մանեն անկեղծորեն ասաց, որ հուզվել է։ Հարցերն իրեն վերադարձրել էին այնտեղ, որտեղից նա արել էր իր առաջին քայլերը։ Նրա համար այս ամենն ավարտված պատմություն չէ, այլ դեռ երկար շարունակվող ճանապարհ, որը նա պատրաստ է անցնել նույն ոգևորությամբ, ինչպես 2 տարի առաջ՝ իր առաջին օրը։