«Առավոտյան պարապմունքի էի գնում տաքսիով։ Խնդիր ա առաջանում, տաքսին ճանապարհի կեսին կանգ ա առնում, ես էլ գետնանցումի մոտ եմ իջնում: Հետևիցս մի տղամարդ տարօրինակ ձայներ ա հանում։ Վախից սկսում եմ արագ քայլել, ձև եմ տալիս՝ իբր հեռախոսով եմ խոսում: Մի պահ պտտվեցի ու տեսա կիսամերկ մի տղամարդու։ Արագ սկսեցի վազել, որ դուրս գամ։ Էդ օրվանից հետո վախենում եմ անցումներից»,-պատմում է 20-ամյա Մ.Ա-ն։ Նրա նման շատ քաղաքացիներ ևս բախվել են տարբեր խնդիրների և տհաճ իրավիճակների, որի հետևանքով էլ խուսափում են ստորգետնյա անցումներով անցնելիս՝ հատկապես երեկոյան ժամերի։ Ի՞նչ խնդիրներ են առկա Երևանում կառուցված տասնյակ ստորգետնյա անցումներում, որոնք նախատեսված էին քաղաքացիների անվտանգ տեղաշարժի համար, սակայն այսօր դարձել են այն վայրերը, որտեղից մարդիկ փորձում են չօգտվել կամ հնարավորինս արագ դուրս գալ։
Ըստ քաղաքապետարանի տրամադրած տվյալների՝ Երևանում 2025թ.ի դրությամբ առկա է 38 ստորգետնյա անցում.Կենտրոն վարչական շրջան՝ 13, Արաբկիր՝ 9, Նոր Նորք՝ 6, Քանաքեռ-Զեյթուն՝ 3, Աջափնյակ՝ 1,Դավիթաշեն՝ 1: Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Նուբարաշեն, Նորք Մարաշ, Ավան վարչական շրջաններում գետնանցումներ առկա չեն։ Չնայած իրականացված/իրականացվող աշխատանքների՝ կան գետնանցումներ, որտեղ դեռևս առկա են խնդիրներ, որոնց քաղաքացիները բախվում են և այդպիսով խուսափում ստորգետնյա անցումներից։
Մենք անցկացրել ենք սոցիալական հարցում՝ պարզելու, թե որ գետնանցումներում ինչ խնդիրների են բախվել քաղաքացիները, որ գետնանցումներից են խուսափում և ինչ պատճառներով, ինչպես նաև շրջել ենք դրանցից մի քանիսում՝ արձանագրելով ընդհանուր վիճակը։
Ըստ հարցման արդյունքների (30 հոգի)՝ քաղաքացիների՝ գետնանցումներից խուսափելու կամ հազվադեպ օգտվելու գլխավոր պատճառներից են վախը, անվտանգության, մաքրության, լուսավորության բացակայությունը, անհարմարությունն ու գարշահոտությունը։
Ի՞նչ վիճակում են ստորգետնյա անցումները
«Հայրենիք» կինոթատրոն
«Այս գետնանցումից փորձում եմ չօգտվել աղտոտվածության, գարշահոտության և վտանգավորության աստիճանի բարձր լինելու պատճառով։ Նույնիսկ այստեղից մի անգամ տղամարդու դի են հայտնաբերել»,-նշում է քաղաքացիներից մեկը։ Այս գետնանցումի վիճակին անդրադարձել էին «Spitnik Armenia»-ն դեռևս 1 տարի առաջ, «Հետք Մեդիա Գործարանը»՝ կես տարի առաջ։ Չնայած 2024-ին իրականացված բարեկարգման աշխատանքներին՝ վիճակը մնացել է անփոփոխ՝ խոնավությունից ճաքած ու բորբոսնած պատեր, մշտապես թաց գետին, գարշահոտություն, տարբեր բովանդակության գրոտած պատեր և նկարներ, յուրաքանչյուր անկյունում աղբ, տեղ-տեղ լուսավորության պակաս և թեքահարթակների բացակայություն։ Ինչպես նաև հեղեղատարները լցված են աղբով, որը անձրևների ժամանակ կարող է հեղեղումների հանգեցնել։
Լենինգրադյան-Հալաբյան փողոցների հատման վայր (Համալիրի դիմաց)
«Քանդած լինելու, ինչպես նաև մարդկանց կուտակման պատճառով ուշ ժամերին էստեղով անցնել չի լինում: Մի անգամ մի տղամարդու խնդրել եմ՝ ուղեկցի ինձ, որովհետև ահավոր վիճակ ա տիրում, ամենաէլեմենտար մոտենալ անհանգստացնելուց սկսած»։ «Խուսափում եմ Համալիրին կից գետնանցումից, որովհետև կեղտոտ, քանդած և երեկոյան ժամերին շատ վախենալու տեղ ա»,-դժգոհում են երիտասարդ աղջիկները։ Մեկ այլ գետնանցում, որտեղ 2019թ տարվել են վերանորոգման աշխատանքներ, և որը, սակայն, ներկայումս գտնվում է ոչ բարվոք վիճակում. աղբի կույտեր, քանդված, բորբոսնած և գրոտած պատեր, թաց գետին, որոշ հատվածներում վատ լուսավորություն, թեքահարթակների բացակայություն և անապահովության զգացում։
«Լամբադա» կամուրջ
Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթ փողոց-Ազատության պողոտա հանգույցի (ավելի հայտնի է որպես «Լամբադա» կամրջի) գետնանցումում քաղաքացիներից մի քանիսը հանդիպել են տարօրինակ պահվածքով մարդկանց և նույնիսկ իրենց կարիքները հոգացող թափառականների։ Բացի դրանից այնտեղ մտնելուն պես կարելի բախվել այնպիսի խնդիրների, ինչպիսիք են՝ թաց գետինն ու սարսափելի գարշահոտությունը, մաքրության և հատկապես լուսավորության բացակայությունը, անապահովության զգացումը՝ հենց այդ մթության պատճառով հեռվից մոտեցող մարդկանց ոչ տեսանելի պատկերի՝ զուտ ուրվագծի երևալու հետևանքով։ Անցումի մուտքը հարմար է սայլակների համար, իսկ արդեն ներսի աստիճանները չունեն թեքահարթակներ կամ վերելակներ։ Նկարից կարելի է տեսնել՝ ինչպես է կինը (հետևից) փորձում երեխային սայլակով բարձրացնել աստիճաններով. օգնող տղամարդը (առջևից) անծանոթ էր։ Այստեղ տիրող վիճակին ևս դեռևս 1 տարի առաջ անդրադարձել էր «Sputnik Armenia»-ն, սակայն ինչպես երևում է, նույն խնդիրները դեռևս առկա են։
Ազատության պողոտա (Հաղթանակ զբոսայգի)
Երկար տարիներ ոչ բարվոք վիճակում գտնվող և մշտապես քաղաքացիների դժգոհության առիթ հանդիսացող այս գետնանցումը ներկայումս գտնվում է բավականին լավ վիճակում։ Ըստ քաղաքապետարանի տրամադրած տվյալների՝ 2024 թվականին կատարվել են բարեկարգման աշխատանքներ, տեղադրվել են վերելակներ։ Տարածքը մաքուր է, բավականաչափ լուսավոր, հսկվում է տեսախցիկով և հարմարեցված է հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար։
Մեդիայում տարբեր տարիներին ամենաշատ անդրադարձը, բողոքի մեծ ալիքը եղել է Գ. Լուսավորիչ - Պարոնյան խաչմերուկի («Ձկան խանութ») ինչպես նաև Մաշտոցի պողոտայի («Փակ շուկա») գետնանցումների վերաբերյալ։ Ներկայումս դրանց վիճակը բարելավվել է. 2022թ «Փակ շուկա»-ի գետնանցումում իրականացվել են վերանորոգման և վերելակների տեղադրման աշխատանքներ։ Տարածքը մաքուր է, լուսավոր և հարմարեցված է սայլակներին։ «Ձկան խանութի» գետնանցումը, համեմատած նախկին տարիներին, ավելի լուսավոր և մաքուր է, սակայն չունի հարմարություններ սայլակների համար։ Քաղաքապետարանի լրատվության վարչությունից տեղեկացանք, որ այստեղ դեռևս շարունակվելու են բարեկարգման աշխատանքները: Շատ է բարձրաձայնվել նաև անվտանգության մասին. այս պահին այն պարբերաբար հսկվում է ոստիկանների կողմից։
Իսկ Տիգրան Մեծ պողոտայի գետնանցումն այս պահին հիմնովին քանդած վիճակում է գտնվում, և քաղաքացիները մի մայթից մյուսն անցնելու համար մեծ պտույտ են կատարում՝ անցնելով մի քանի փողոցներով։
Կոմիտասի պողոտայի՝ թիվ 58,55 և 29,38 հասցեների հարևանությամբ գտնվող գետնանցումները ևս մաքրվել են լուսավորվել, և 2023-2024 թվականներից հարմարեցվել հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց։ Այս պահին էլ 58 հասցեի գետնանցումում կատարվում են հեղեղատարների մաքրման աշխատանքներ։
Կան ստորգետնյա անցումներ էլ, որտեղ տարբեր խանութների, կրպակների, տաղավարների խառնաշփոթ է տիրում, դրան էլ գումարվում է տարածքի նեղությունը, և այդ հատվածով անցնելը դժվարություն է դառնում, որից ևս բողոքում են քաղաքացիները։ Նման գետնանցումներից են Բարեկամության, Գարեգին Նժդեհի հրապարակի, Աբովյան-Կորյուն, Աբովյան-Մոսկովյան-Իսահակյան (ԵՊԲՀ), Նալբանդյան-Արամ, Վարդանանց-Խանջյան և մի քանի այլ փողոցների ստորգետնյա անցումները։
Այս բոլոր ստորգետնյա անցումների, բազում խնդիրների կողքին կան նաև շատ լավ վիճակում գտնվող անցումներ, որոնցից քաղաքացիներն օգտվում են մեծ հաճույքով՝ չառերեսվելով վերոնշյալ խնդիրներին։ Դրանցից են «Մետրոնոմի» և «Անցում համար 1»-ի անցումները, որոնք սպասարկվում են ոչ թե քաղաքապետարանի, այլ մասնավոր սեկտորի կողմից։ Բացի այն, որ դրանք մաքուր են, լուսավոր, հարմարեցված տարբեր ֆիզիկական առանձնահատկություններ ունեցող մարդկանց համար, ունեն սննդի կետեր, խանութներ, սուպերմարկետներ,դեղատներ, բանկեր և պարզապես նստելու, երբեմն էլ ֆիլմ դիտելու կամ երաժշտություն լսելո հնարավորություններ։
Ի՞նչ են ասում պատասխանատուները
Քաղաքապետարանի լրատվության վարչությունից նշեցին՝ ստորգետնյա անցումներում պարբերաբար իրականացվում են մաքրման աշխատանքներ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» («ԵԱՍՄ») համայնքային հիմնարկի կողմից, ինչպես նաև տեղադրվում են լուսավորություն ապահովող լամպեր, որոնք գողացվում կամ վնասվում են հենց քաղաքացիների կողմից։ Իսկ գետնանցումների անվտանգության ապահովումը ոստիկանների տիրույթում է։ Ինչպես նաև նշեցին, որ այս պահին համալիր ծրագիր է քննարկվում այն ստորգետնյա անցումների վերաբերյալ, որոնք հիմնովին բարեկարգման կարիք ունեն։ Իսկ թե որ անցումների մասին է խոսքը, այս պահին հայտնի չէ։ Վարչությունից փոխանցեցին՝ յուրաքանչյուր ստորգետնյա անցում տվյալ վարչական շրջանի պատասխանատվության տակ է։
Փորձելով կապ հաստատել դրանցից մի քանիսի հետ՝ հաջողվեց զրուցել Նոր Նորք վարչական շրջանի կոմունալ տնտեսության բաժնի ներկայացուցչի հետ։ Բաժնից նշեցին՝ կան ստորգետնյա անցումներ, որոնք տրվում են վարձակալության, և հետևաբար վարձակալն է արդեն հսկողություն իրականացնում, օրինակ՝ լուսավորության ապահովում։ Իսկ վարչական շրջանների վերահսկողության տակ գտվող անցումներում, օրինակ, լուսավորության ապահովումը համայնքն է իրականացնում, մաքրությունը՝ ԵԱՍՄ-ն, ինչն էլ վերանորոգման կարիք է ունենում՝ վարչական շրջանը։ Ընդհանուր վիճակը գնահատելով նորմալ՝ այնուամենայնիվ նշում են՝ բազմաթիվ խնդիրներ կան, սակայն փորձում են դրանք ժամանակին լուծել և հնարավորինս լավ վիճակում պահել գետնանցումները։ Եթե խնդիրը գլոբալ չի լինում, վարչական շրջանի ծրագրերի շրջանակում են փորձում լուծում տալ։
Ի՞նչ են ասում փորձագետները
Ճարտարապետ Հայկ Զալիբեկյանի խոսքով՝ ժամանակակից քաղաքներում և՛ ստորգետնյա, և՛ վերգետնյա անցումները պիտի լինեն բացառված, որովհետև եթե քաղաքը մարդակենտրոն է, ապա պետք է այնպես անել, որ քաղաքը հարմար լինի մարդկանց՝ չստիպելով նրանց բարձրանալ կամ իջնել մի մայթից մյուսն անցնելու համար. «Չկան լուծումներ` ստորգետնյա անցումները ավելի լավը դարձնելու, ավելի լավը դարձնելը վերացնելն է, որովհետև դրանք դժվար հասանելի են տարեցների, երեխաների, հենաշարժողական խնդիրներ և ֆիզիկական առանձնահատկություններ ունեցող մարդկանց համար,անգամ եթե հարմարեցված են։ Ժամանակակից քաղաքներում անցումները դուրս են եկել/գալիս, և դա ընդունելի տարբերակ է բացառապես քաղաքներից դուրս տարածքներում, որտեղ կան մեծ և արագընթաց մայրուղիներ»։
Քաղաքային պլանավորող Վիկտոր Մնացականյանը ևս ընդգծում է՝ քաղաքում ամենակարևորը հետիոտն է, ոչ թե մեքենան։ Քաղաքը պիտի հարմար լինի նախ՝ հետիոտնին, ապա՝ հասարական տրանսպորտին, հեծանիվին և վերջում՝ մեքենային։ Եվ եթե մենք ուզում ենք ժամանակակից, քաղաքակիրթ և մրցակցային քաղաք, պետք է ոչ թե մարդիկ իջնեն գետնանցումներ, այլ մեքենաները։ Մնացականյանը նաև չբացառեց վերգետնյա անցումների օգտակարությունը. «Վերգետնյա անցումներն ավելի լավ և ապահով տարբերակներ են, քան ստորգետնյաները։ Երբ դրանցով անցնում են երեխաներ, դպրոցականներ, երիտասարդ աղջիկներ և տղաներ, նրանք պետք է տեսանելի լինեն ավտոմեքենաներից, շենքերի պատուհաններից։ Բայց երբ նրանք, և առհասարակ մարդիկ ստիպված են լինում իջնել ստորգետնյա անցումներ, այն դառնում է վտանգավոր՝ հատկապես ուշ ժամերին։ Սակայն մի խնդիր էլ կա. երբ քաղաքային իշխանությունները վերգետնյա անցումները տալիս են մասնավորին, նրանք գովազդային պաստառներ և վահանակներ են կպցնում, արդյունքում այն էլի դառնում է դալանի պես փակ, նեղ, երկար և ոչ տեսանելի տարածք՝ կորցնելով իր հիմնական ֆունկցիան»։
Ավելի քան 5 տարի քաղաքային խնդիրները բարձրաձայնող ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը ընդգծում է հատկապես խցանված հեղեղատարների խդիրը, որոնք անձրևային եղանակներին հեղեղումների պատճառ են դառնում։
«Ես ինքս մաքրել եմ Գայի պողոտայի և Նոր Նորքի 5րդ զ/ծ-ի՝ Բ. Մուրադյանի փողոցի անցումների հեղեղատարները։ Իմ բարձրաձայնելուց և "Active citizen" հարթակով հայտ ուղարկելուց հետո միայն քաղաքապետարանն արձագանքեց և սկսեց մաքրել մյուսներինը։ Մյուս մեծ խնդիրը լուսավորության բացակայությունն է։ Կան լուսատուներ, որոնք հատուկ հարմարանքով տեղադրելուց հետո չեն գողացվի և գետնանցումներում կապահովեն պատշաճ լուսավորություն»։
Որ ստորգետնյա անցումը սպասարկում է քաղաքապետարանը, դրա վիճակը Հայրումյանը գնահատում է վատ, իսկ որոնք պատկանում են մասնավորին, գերազանց է համարում,-«Տեսնելով այս երկու օրինակը՝ Երևանի քաղաքապետարանը պետք է շահագրգռված լինի, որ մյուս բոլոր անցումները տա վարձակալության, բայց իր` միջազգային ստանդարտներին համապատասխան պայմաններով(լայնություն, բարձրություն, լուսավորություն, զուգարանների առկայություն և այլն), ուստի այդպես էլ քաղաքապետարանը ստիպված չի լինի լուսավորության, մաքրության և այլ խնդիրներով զբաղվի, մի բան էլ կունենանք մաքուր և գեղեցիկ անցումներ»,-եզրափակեց Հայրումյանը:
Ինչպիսի՞ն է միջազգային փորձը
Աշխարհի բազմաթիվ քաղաքներ վերջին տասնամյակներին վերանայում են իրենց մոտեցումը գետնանցումների վերաբերյալ։ Եթե 20-րդ դարում դրանք դիտվում էին որպես քաղաքային շարժը կարգավորելու արդյունավետ միջոց, ապա այսօր շատ տեղերում դրանք փոխարինվում են բաց, անվտանգ լուծումներով կամ պարզապես վերացվում են։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շատ հետիոտներ չեն օգտագործի վերգետնյա կամ ստորգետնյա անցումներ, եթե կարողանան անցնել ճանապարհը փողոցով մոտավորապես նույն ժամանակահատվածում։ Ստորգետնյա անցումներն արդյունավետ են, երբ նախագծված են բաց, հասանելի, և երբ հետիոտները պետք է հատեն բարձր արագության ճանապարհներ, կամ մեծ ծավալի մայրուղիներ։
Մեծ Բրիտանիայում, օրինակ, դեռ 1990-ականներին սկսվեց գետնանցումների աստիճանական վերացումը։ Լոնդոնի և Մանչեսթերի բնակիչները հաճախ էին խուսափում դրանցից՝ մութ, անհարմար և երբեմն վտանգավոր լինելու պատճառով։ Քաղաքային իշխանությունները որոշեցին գետնանցումները փոխարինել լուսացուցային հետիոտնային անցումներով։ Շվեդիայում բոլոր գործող գետնանցումները պետք է համապատասխանեն մատչելիության խիստ չափանիշներին․ թեքահարթակներ, ձայնային ազդանշաններ և հարմարավետ մուտքեր։ Եթե որևէ անցում չի համապատասխանում այդ չափանիշներին, այն պարզապես վերացվում է։ Փարիզում կամ Սեուլում, հակառակը, որոշ գետնանցումներ ոչ թե փակվել են, այլ վերածվել են գեղագիտական միջավայրերի։ Դրանց պատերը զարդարված են նկարներով, լսվում է երաժշտություն և ապահովվում բարձր լուսավորություն։ Սա ոչ միայն աշխուժացնում է տարածքը, այլև մեծացնում է անվտանգության մակարդակը։ Այս փորձը ցույց է տալիս, որ գետնանցումը կարող է պահպանվել, եթե դառնա անվտանգ, հարմար և հաճելի տարածք, ոչ թե «լքված շինություն»: Ճապոնիան, օրինակ, աշխարհում առանձնանում է իր ստորգետնյա քաղաքներով։ Տոկիոյում և Օսակայում գետնանցումները մաս են կազմում ընդարձակ ստորգետնյա համակարգերի, որտեղ գործում են խանութներ, սրճարաններ, դեղատներ, նույնիսկ այգիներ։ Այս մոտեցմամբ գետնանցումը վերածվում է լիարժեք հասարակական տարածքի։
Ըստ Նոր Հարավային Ուելսի տրանսպորտի վարչության (Transport for NSW, 2023) հրապարակած Pedestrian Underpass Guideline փաստաթղթի՝ ստորգետնյա անցումները պետք է նախագծվեն որպես անվտանգ և բաց հանրային տարածքներ։ Համաձայն այդ չափանիշների՝ ստորգետնյա անցումը պետք է լինի. հնարավորինս գրավիչ տարածք հնարավորինս ուղիղ՝ նվազագույնի հասցնելով շրջանցիկ ճանապարհները՝ ապահովելով պարզ, ուղիղ կապ կամ, անհրաժեշտության դեպքում, ապահովելով լայն շառավղով և ավելի լայն չափսերով՝ թույլ տալով մարդկանց նայել առաջ: Գետնանցումը պետք է ապահով, դիմացկուն և անվտանգ լինի օգտագործման համար։ Այն պետք է լինի լուսավոր, բավականաչափ լայն, որպեսզի մարդիկ կարողանան անցնել՝ առանց ներխուժելու միմյանց անձնական տարածք և անհարմարություն պատճառելու։
Երևանի ստորգետնյա անցումների թեման երկար տարիներ մնում է ուշադրության կենտրոնում վերոնշյալ խնդիրների պատճառով, որոնցից շատերը ժամանակի ընթացքում լուծվում են, որոշներն էլ մնում են նույն վիճակում։ Եթե գետնանցումների գոյությունը չի կարող բացառվել, ապա դրանք կարող են դառնալ ոչ թե անտեսված, վտանգավոր և խուսափելի տարածքներ, այլ քաղաքային կյանքի անվտանգ ու անբաժանելի մաս, եթե դրանց հանդեպ կիրառվի համալիր մոտեցում։ Հաջողված օրինակներն ու միջազգային փորձը ցույց են տալիս՝ համապատասխան մարմինների, ինչպես նաև քաղաքացիների կողմից հետևողական վերաբերմունքը, բարեկարգման բազմաթիվ ծրագրերն ու նախաձեռնությունները կտան իրենց դրական արդյունքները՝ ստորգետնյա անցումները դարձնելով առավել անվտանգ և բարեկարգ։
Եվ վերջում կազմել ենք քարտեզ, որտեղ արտացոլված են Երևանի ստորգետնյա անցումները։ Ըստ գույների գնահատված է դրանց վիճակը. կանաչ՝ լավ/բավարար վիճակ, կարմիր՝ վատ վիճակ, մոխրագույն՝ չենք հասցրել այցելել։