Այսօր journalist.am-ի հյուրն է 44-օրյա պատերազմի մասնակից Սարգիս Բեգոյանը։ Նա Երևանի պետական համալսարանի երկու՝ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Ազգային անվտանգություն» և պատմության ֆակուլտետի «Հայոց պատմություն» մագիստրոսական ծրագրերի ուսանող է։ Իր ընկերոջ՝ Գարեգին Պետրոսյանի հետ ստեղծել է «Նվիրյալների պատմությունը» հեղինակային հաղորդաշարը։ Զրույցի ընթացքում Սարգիս Բեգոյանը պատմում է իր ծառայության մասին, հիշում պատերազմի անջնջելի դրվագները, անդրադառնում հանդիպած դժվարություններին ու հայրենիքի հանդեպ իր նվիրվածությանը։
-Երբ զորակոչվեցիք բանակ, արդյոք պատկերացնո՞ւմ էիք, որ առաջիկայում պատերազմ է լինելու, և որքանո՞վ էիք պատրաստ դրան։
-Մասամբ՝ այո, մասամբ՝ ոչ։ 2019 թվականի հունվարի 14-ին եմ զորակոչվել, բայց դեռ մինչ ծառայության մեկնելը մտածում էի, որ մեր սերունդը տեսնելու է պատերազմ։ Ադրբեջանը տարիներ շարունակ ինտենսիվորեն զինվում էր՝ նավթային եկամուտների մեծ մասն ուղղելով ռազմական ծախսերին, և դա չէր կարող անհետևանք մնալ։
-Ե՞րբ առաջին անգամ զգացիք պատերազմի իրական շունչը, ի՞նչ զգացողություններ կային այդ պահին:
-Հենց սեպտեմբերի 27-ին` առավոտյան ժամը 11:30-12:00-ի սահմաններում իրականացրինք առաջին գործողությունները։ Այդ պահին սպաներից մեկի դիակը բերեցին, և մենք պետք է նրան տեղավորեինք բուժկետի մեքենայի մեջ, որպեսզի տեղափոխեն հոսպիտալ, այնտեղից էլ` Երևան։ Այդ պահին նրա հեռախոսին աղջկա նկարով զանգ էր գալիս, կարծես նշանածը կամ կինն էր զանգում։ 15-20 վայրկյան սառած նայել եմ հեռախոսին ու դրանից հետո ամբողջությամբ կլանվել եմ ռազմական գործողություններով՝ մտածելով, որ դրանից ավելի ծանր բան դժվար տեսնեմ։
-Երեք անգամ վիրավորվելը հոգեբանական ու ֆիզիկական պայքար է։ Ի՞նչը Ձեզ ուժ տվեց նորից ոտքի կանգնելու ու պայքարը շարունակելու համար։
-Ես երբեք դիրքերը չեմ լքել: Երեք անգամ վիրավորվել եմ, վիրակապել են, ու մնացել եմ դիրքերում։ Երրորդ անգամ այրվածքները շատ էին դեմքիս հատվածում։ Ջրականից տեղափոխել են Հադրութ, վիրակապել են, ու նորից վերադարձել եմ։ Հոգեբանական տեսանկյունից ընկճվածություն չի եղել։ Ես մի քանի սպորտով եմ զբաղվել. ըմբշամարտը ամրացնում է մարդուն, իսկ շախմատը տալիս է ավելի հաշվարկված, պլանավորված գործողություններ իրականացնելու հնարավորություն։ Պատերազմի ընթացքում ես մեծ պատասխանատվություն էի զգում թե՛ իմ կողքի մարդկանց, թե՛ թիկունքում գտնվողների համար։
-Կա՞ պատերազմական դեպք կամ դրվագ, որ երբեք չեք մոռանա։
-Սեպտեմբերի 27-ի գիշերը տանկ կար առաջնագծում մնացած։ Խնդիր էր դրվել հրամանատարության կողմից որևէ կերպ այդ տանկը հետ վերադարձնելու: Տանկն այնպիսի գոտում էր գտնվում, որ հակառակորդի դիրքերին մոտ էր, այդ պատճառով պահանջ չէր, ընդամենը ցանկություն էր՝ եթե ինչ-որ մեկը համարձակություն ունենա կամ կարողանա հետ բերել, թող բերի։ Ես, իմ վաշտի հրամանատարը ու մեխանիկը որոշում ենք գնալ տանկի հետևից։ Մտնում ենք չեզոք գոտով հակառակորդի թիկունք, վերցնում ենք տանկը, վարելով վերադառնում ենք։ Այստեղ հետաքրքիրն այն էր, որ մենք հրանոթը պարզել էինք մեր դիրքերի ուղղությամբ, որպեսզի հակառակորդը չհասկանա, որ դա ադրբեջանական տանկ չէ, ու մենք հրանոթը հայկական դիրքերի ուղղությամբ պարզած առաջացանք մինչև մեր դիրքեր, հասանք, հրանոթը թեքեցինք հետ և տանկը քողարկեցինք։ Անցնելու ընթացքում էլ կեսգիշերին իմ մարտական ընկերներից մեկի ծնունդն էր՝ Բնյան Պապինի, ում հետ ամենամոտն եմ եղել ծառայության ընթացքում։ Այնպիսի իրավիճակ էր, որ ամեն վայրկյան մտածում էինք՝ հնարավոր է մեզ պայթեցնեն, երբ հասկանան՝ տանկը «առևանգում ենք»։ Ես կապով նրա ծնունդը շնորհավորեցի, իսկ նա էլ տեղորոշիչներ հուշելով օգնեց, որ մենք հետ գանք, որովհետև առաջին օրն էր, որ այդ դիրքում էինք, տեղանքին անծանոթ էինք։
-Ասում են՝ զինվորների կյանքը բաժանվում է 2 մասի․ պատերազմից առաջ և հետո։ Ի՞նչ կասեք այդ մասին։
-Տղայի համար շատ կարևոր է ծառայությունը։ Բայց պատերազմից առաջ այն սովորական բնույթ է կրում։ Պատերազմի ժամանակ արդեն և՛ կյանքի գինն ես ավելի լավ հասկանում, և՛ հայրենիքի, և՛ քո արած քայլերի, որոնց արդյունքում կարող ես կա՛մ մարդկանց կյանքեր փրկել, կա՛մ վնասել։
-Իսկ Ձեզ համար որտեղի՞ց է սկսվում հայրենիքը և որտե՞ղ ավարտվում։
-Արցախի առաջին դիրքից մինչև Գյումրու սահմանը, որտեղ Վրաստանի հետ հատվում է։ Ուղղակի այդ ամենը ունենալու համար պիտի ունենալ ազգային ինքնության բարձր ընկալում, որովհետև մեր հասարակությունը 1990-ականներից մինչև այսօր այդպես էլ չգիտակցեց հաղթանակի գինը, իսկ թշնամին, այդ ընթացքում զինվելով, կարողացավ իր նպատակին հասնել։ Եվ ազգային կրթություն ասվածը հենց դրանով եմ կարևորում։ Ես ինքս փորձել եմ իմ փոքր ներդրումն ունենալ դրանում․ երեք տարի դասավանդել եմ դպրոցում ու հակված եմ այն մտքին, որ հենց այդ փոքր տարիքից երեխաներին պիտի մատուցել հայրենիքի ու հայրենիքին օգտակար լինելու գաղափարը։
-Իսկ ինչպե՞ս ծնվեց «Նվիրյալների պատմությունը» հաղորդաշարը ստեղծելու միտքը։ Ի՞նչ ուղերձ ունի հաղորդումը և ի՞նչ ակնկալիքներ ունեք նրանից։
-44-օրյա պատերազմից հետո, նաև 2022 թվականին Ջերմուկի, Կապանի ու Վարդենիսի հարձակումներից, 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի հայաթափումից հետո, հասարակության տարբեր շրջանակների հետ շփվելով, հասկանում էինք, որ հուսահատության, անտարբերության մակարդակը օր օրի ավելի է աճում։ Մեր հաղորդման նպատակներից մեկն է, որ հասարակությանը հաղորդ դարձնենք ռազմական գործողություններին, պատմենք, թե մարտի դաշտում ինչեր են տեղի ունեցել, որովհետև իմանալով զինվորների պատմությունները հասարակությունը ավելի լավ կհասկանա դեպքերի տրամաբանական ընթացքը, ավարտը։ Մյուս նպատակներից է, որ շատ զինվորների ծնողներ չգիտեն՝ ինչպես են զոհվել իրենց տղաները ու այս պատմությունների շնորհիվ իրենց ընկերների կողմից մեկնաբանվում է՝ ով որտեղ է եղել, ինչ իրավիճակում և այս պարզաբանումը, լուսաբանումը ընտանիքների համար կարևոր են։ Եվ երրորդը, որպեսզի հասարակությանը այն գաղափարները փոխանցենք, որ ներկա իրավիճակում որքան էլ ծանր է դրությունը մեզ համար, պետք չէ հուսահատվել, կոտրվել, քանի որ ցանկացած իրավիճակում էլ կարելի է ելքեր գտնել։
-Եթե հնարավորություն ունենայիք ինչ-որ բան փոխելու, ապա․․․
-Առաջինը կսկսեմ ինձնից։ 2021 թվականից ինչ եկել եմ, աշխատում եմ ինձ վրա, կրթվում և զարգանում եմ, որ հետագայում թե՛ ռազմական բնագավառին, թե՛ միջազգային հարաբերություններին, թե՛ ազգային անվտանգությանն առնչվող գիտելիքներս ու փորձս ներդնեմ երկրի բարգավաճման համար: