Մեդիաուսումնասիրությունների և նշանագիտության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար պրոֆեսոր Տիգրան Սիմյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի վարիչ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Սաթենիկ Վարդանյանի հրավերով հանդես եկավ «Նշանագիտությունը որպես օրգանոն» խորագրով դասախոսությամբ։ Դասախոսության ընթացքում պրոֆեսորը կենտրոնացավ տեսողական տեքստերի նշանագիտական վերլուծության մեթոդաբանական սկզբունքների վրա՝ հատկապես հիմնվելով Չ. Ս. Պիրսի նշանագիտական տեսության վրա։
Այսպիսի նախաձեռնությունները կարող են դառնալ ԵՊՀ-ում ինստիտուցիոնալացված ավանդույթ և կարևոր բաղադրիչ հումանիտար և հասարակագիտական գիտաճյուղերի երկխոսության, փոխլրացման և միջգիտակարգային հետազոտությունների ներդրման առումով։
Անհրաժեշտ է ընդգծել, որ միջամբիոնային և միջֆակուլտետային երկխոսության զարգացումը այսօր համալսարանական միջավայրի փոփոխության և գիտական սիներգիայի ձևավորման առանցքային պայմաններից մեկն է։ Նման հանդիպումները ստեղծում են մի տարածություն, որտեղ գիտելիքը սկսում է շրջանառվել ավելի ինտենսիվ, իսկ ֆորմալ կրթությունը ձեռք է բերում ավելի բաց և համադրվող բնույթ՝ մասամբ վերափոխվելով ոչ ֆորմալ և անգամ՝ ինֆորմալ կրեատիվ շփումների։
Եվրոպայի մի շարք համալսարանների փորձը հաստատում է, որ այնտեղ, որտեղ միջամբիոնային և միջգիտակարգային հանդիպումները դառնում են համակարգային, փոխվում է նաև ներհամալսարանական հաղորդակցության որակը։ Օրինակ՝ Տարտուի համալսարանում ամենամյա միջգիտակարգային սեմինարները միավորում են հումանիտար, սոցիալական և բնագիտական ֆակուլտետների դասախոսներին՝ հնարավորություն ընձեռելով ձևավորել ընդհանուր հետազոտական դաշտ և ներգրավել ուսանողներին համատեղ նախագծերում։ Սեմինարներն ու բաց դասախոսությունները «քանդում» են գիտության սահմանները՝ ստեղծելով նոր հետազոտական խմբեր ինֆորմալ ակադեմիական երկխոսությունների միջոցով։
Նշենք ևս մեկ օրինակ․ Բոլոնիայի համալսարանում իրականացվում են «երկխոսության շաբաթներ», որոնց ընթացքում տարբեր ամբիոնների դասախոսները բաց դասեր են վարում միմյանց մոտ, իսկ ուսանողները կարող են ազատորեն մասնակցել իրենց հետաքրքրող թեմաներին։ Այս մոդելը խթանում է հորիզոնական կապերը և նվազեցնում է միջգիտակարգային անջրպետները։
Միգգիտակարգային հանդիպումների լավ օրինակ ենք տեսնում Կենտրոնական եվրոպական համալսարանում (CEU), որտեղ ներդրված է կանոնավոր ներհամալսարանական կոլոկվիումների պրակտիկան։ Այստեղ երիտասարդ հետազոտողները և փորձառու պրոֆեսորները համակցված խմբերում քննարկում են իրենց աշխատանքները, ապագա հոդվածները և նախագծերը։ Չնայած այդ քննարկումների ոչ ֆորմալ բնույթին՝ այս ձևաչափը նպաստում է կայուն ակադեմիական փոխանակման մշակույթի ձևավորմանն ու պահպանմանը։ Այսպիսի սիներգիան դառնում է խթան երիտասարդ հետազոտողների համար՝ զարգացնելու միջգիտակարգային մոտեցումներ՝ կիրառելով ինչպես դիվերգենտ, այնպես էլ կոնվերգենտ մտածողության մոդելները։
Բերված օրինակները ցույց են տալիս, որ միջամբիոնային և միջֆակուլտետային երկխոսությունները ոչ միայն կազմակերպչական գործիքներ են, այլ համալսարանական հանրույթի ձևավորման միջոցներ, որտեղ ամբիոնների ու ֆակուլտետների «սահմանները» աստիճանաբար դառնում են անցանելի և ճկուն։
Ուսանողների և դասախոսների կանոնավոր հանդիպումները հնարավորություն են տալիս ամրապնդել կապերը, խթանել նոր հետազոտական նախաձեռնություններ և ձևավորել ակադեմիական մթնոլորտ՝ բաց, համակարգային՝ ուղղված այն բոլորին, ովքեր կիսում են համալսարանական համայնքը որպես համատեղ մտորումների միջավայր։