12.23.2025
Անժիկ Մարտոյան

Journalist.am-ի հյուրն է Անժիկ Մարտոյանը՝ մաթեմատիկայի ուսուցչուհի, որն ունի երկար տարիների դասավանդման փորձ, սակայն չի դադարում ինքնակրթվել և օրինակ ծառայել աշակերտների համար։ Զրույցի ընթացքում կխոսենք ուսուցչուհու մասնագիտական փորձի, ժամանակակից կրթական գործիքների կիրառման, ինչպես նաև կամավոր ատեստավորման գործընթացում առկա մարտահրավերների մասին։

-Տիկին Մարտոյան, մի փոքր պատմեք՝ ինչո՞ւ ընտրեցիք հենց մաթեմատիկան։

-Իմ ուղին սկսվել է դեռևս դպրոցական նստարանից։ Ես չեմ պատկանում այն մարդկանց թվին, ովքեր մանկուց երազել են ուսուցիչ դառնալու մասին։ Ես սիրում էի մաթեմատիկան իր գաղտնիքներով և դժվարություններով։ Այն ամենահետաքրքիր գիտություններից է, որը զարգացնում է մեր ուղեղն ու մտածելակերպը։ Գիտեի, որ ինչ ուղղությամբ էլ գնայի, մաթեմատիկան պետք է ուղեկցեր ինձ ամբողջ կյանքում։ Հենց այդ գիտակցումն ու սերը ինձ տարան ԵՊՀ Մաթեմատիկայի ֆակուլտետ։ Մանկավարժ դարձա՝ հստակ գիտակցելով իմ մասնագիտության դժվարությունները։ Հպարտությամբ ուզում եմ նշել՝ եթե կրկին ընտրելու հնարավորություն ունենայի, նույն ձևով կվարվեի։ Ուսանողական տարիները հեշտ չէին, քանի որ երկրում սոցիալական դժվար պայմաններ էին։ Սակայն ամեն բան անում էի երազանքիս հասնելու համար։ Եվ այսօր ինձ համարում եմ հաջողակ մանկավարժ, երբ տեսնում եմ աշակերտներիս ոգևորությունն ու փայլուն աչքերը՝ ճիշտ պատասխան ստանալու պահին։

-30 տարի է, ինչ դասավանդում եք դպրոցում։ Ինչպե՞ս է փոխվել սովորողների մոտեցումը մաթեմատիկային այս տասնամյակների ընթացքում։

-Փոփոխությունները հսկայական են։ Եթե նախկինում գիտելիքի հիմնական աղբյուրը դասագիրքն էր և ուսուցիչը, ապա այսօր տեղեկատվությունն անսահմանափակ է ու հասանելի։ Այսօր աշակերտը գիտելիքի հասանելիություն ունի հենց գրպանում՝ սմարթֆոնում։ Մաթեմատիկայի նկատմամբ վերաբերմունքը նույնպես փոխվել է։ Եթե մեր սերնդի համար այն պարտադիր բարդ առարկա էր, ապա այսօր մաթեմատիկան ընկալվում է որպես գործիք՝ ծրագրավորման, տվյալների վերլուծության և տեխնոլոգիական զարգացման համար։ Իմ խնդիրն է՝ խթանել աշակերտների հետաքրքրությունը գիտության այս ճյուղի նկատմամբ, սովորեցնել վայելել լուծումներ գտնելու ճանապարհը։ Ուստի ավելի շատ ջանքեր եմ ներդնում խնդիրների ընտրության և ներկայացման մեջ, որպեսզի դրանք լինեն ոչ միայն ուսումնական, այլև հետաքրքիր, կյանքից վերցված կամ նույնիսկ խաղարկային։

-Դուք նշեցիք սմարթֆոնների օգտագործման մասին։ Ի՞նչ եք կարծում՝ արհեստական բանականությունը կարող է օգտակար լինել մաթեմատիկայի դասավանդման մեջ, թե՞ այն սպառնալիք է ավանդական ուսուցման համար։

-Ես դա սպառնալիք չեմ համարում: Եթե խելամտորեն օգտագործենք, այն կարող է դառնալ ուսուցչի ամենահզոր օգնականը։ Պատկերացրեք՝ մենք հաճախ 20–30 հոգանոց դասարանում չենք կարողանում յուրաքանչյուր աշակերտին տալ անհատական առաջադրանք՝ համապատասխան նրա գիտելիքների մակարդակին և ընկալմանը։ Արհեստական բանականությունը կարող է դա անել։ Այն կարող է ստեղծել անհատական վարժություններ, բացատրել նույն թեման տարբեր ձևերով, մշակել ինտերակտիվ խաղեր՝ բարդ հասկացությունները պարզեցնելու համար։

-Գիտեմ, որ օրերս մասնակցել եք «Արհեստական բանականության կիրառումը կրթության ոլորտում» սեմինարին։ Կկիսվե՞ք տպավորություններով։

-Ուրախ եմ խոսել այդ մասին, քանի որ այն իսկապես հեղափոխական ծրագիր է։ Հիմնական գաղափարն այն է, որ արհեստական բանականությունը դասարանում չի փոխարինի ուսուցչին, այլ կփոխի նրա դասավանդման մեթոդիկան՝ ուսուցումը դարձնելով ավելի հետաքրքիր և ինտերակտիվ։ Սեմինարի ընթացքում սովորեցինք նոր ծրագրեր, որոնք թույլ են տալիս ստեղծել նկարներ, երգեր և տեսահոլովակներ։ Փորձարկել եմ դրանք դասարաններում և եկել եմ այն եզրահանգման, որ տեխնոլոգիաների բուռն զարգացման այս փուլում սովորողները առավել հետաքրքրված են, երբ դասին կիրառվում են նոր մեթոդներ։ Վստահաբար կշարունակեմ դրանց կիրառումը և արհեստական բանականությունը կդարձնեմ իմ մասնագիտական օգնականը։

-Մի քանի տարի է, ինչ գործում է կամավոր ատեստավորման գործընթացը, որը ուսուցիչներին հնարավորություն է տալիս զարգացնել մասնագիտական գիտելիքները։ Գիտեմ, որ երեք անգամ մասնակցել եք և գրանցել գերազանց արդյունքներ։ Կպատմե՞ք այդ մասին։

-Այո, մի քանի տարի է, ինչ մասնակցում եմ, սակայն յուրաքանչյուր մասնակցություն կարծես նոր փորձառություն լինի։

Առաջին անգամ մասնակցելիս վախ կար։ Երբ ստացա առաջին դրական գնահատականը, հասկացա կարևոր բան. ատեստավորումը ինքնագնահատման ամենաօբյեկտիվ ձևերից է։ Այն ինձ ստիպեց ուսումնասիրել մանկավարժության թարմացված մեթոդներն ու տեխնիկաները։

Երկրորդը, և գուցե ամենակարևորը, սեփական օրինակն է։ Աշակերտներիս պատմում եմ, որ ես էլ եմ անցնում թեստավորումներ, ես էլ եմ ստուգում իմ գիտելիքները, և որ դա նորմալ գործընթաց է։ Երբ տեսնում են, որ ես, չնայած փորձառությանս, կրկին սովորում եմ, լուծում խնդիրներ, դա նրանց համար դառնում է լավ օրինակ։ Ասում եմ. «Տեսա՞ք՝ ես էլ եմ սխալվում, նորից լուծում, ստուգում, և ահա՝ արդյունքը գալիս է համառ աշխատանքից»։

Այսպիսով, գերազանց արդյունքները երբեք չեն եղել գլխավոր նպատակը։ Կարևորն այն ուղին էր, որն անցա՝ իմ գիտելիքների, մեթոդիկայի և աշակերտներիս համար օրինակ լինելու համար։ Սա ինձ ևս մեկ անգամ հիշեցրեց, որ մանկավարժը պետք է լինի մշտական սովորող։

-Որո՞նք էին այն դժվարությունները, որոնց բախվել եք ատեստավորման ընթացքում։

-Հիմնական դժվարությունները կապված են տևողության և հարցերի բնույթի հետ։ Անցած տարիների համեմատ այս տարի քննությունը տեղի ունեցավ օրվա երկրորդ կեսին և տևեց 3,5 ժամ։ Դժվար է այդ ժամանակահատվածում լուծել 60 խնդիր։ Ժամանակը չբավականացրեց պատասխանները նորից վերանայելու համար։ Օրվա կեսին ուղեղն արդեն որոշ չափով հոգնում է։

Առաջադրանքների մասով ամենամեծ դժվարությունը խճճված և ճյուղավորված խնդիրների հետ աշխատելն էր։ Երբեմն անհրաժեշտ էր երկու կամ երեք անգամ կարդալ խնդիրը՝ հասկանալու համար, թե իրականում ինչ է պահանջվում։ Այս ամենը մեծ փորձ դարձավ ինձ համար և ցույց տվեց, որ ժամանակակից մասնագետից պահանջվում է ոչ միայն գիտելիք, այլև կենտրոնացում։ Հիմա դասարանում ավելի շատ եմ ուշադրություն դարձնում հենց այս հմտությունների զարգացմանը։

-Ի՞նչ փոփոխություններ կառաջարկեք ատեստավորման գործընթացը ավելի արդյունավետ դարձնելու համար։

-Ուսուցիչների կամավոր ատեստավորումն այսօր դարձել է կրթական համակարգի կարևորագույն գործիքներից մեկը, սակայն գործընթացը կարող է առավել արդյունավետ լինել, եթե վերանայվի և հարմարեցվի դասավանդման իրական պահանջներին։ Ցանկալի է, որ քննությանը մասնակցելու համար առաջարկվեն մի քանի հնարավոր օրեր, իսկ անհրաժեշտության դեպքում ուսուցիչը կարողանա վերաքննություն հանձնել նույն տարվա ընթացքում՝ առանց երկար սպասելու։

Վերապատրաստման նպատակով անհրաժեշտ է ապահովել անվճար նախապատրաստական նյութեր՝ օրինակային առաջադրանքներով, լուծումների բացատրություններով և հստակ գնահատման չափանիշներով։ Կարևոր է նաև, որ ատեստավորման արդյունքը չսահմանափակվի միայն «անցել է» կամ «չի անցել» ձևակերպմամբ։ Ուսուցիչը պետք է ստանա հետադարձ կապ՝ հասկանալու իր բացերը և զարգացման ուղղությունները։ Այս փոփոխությունները գործընթացը կդարձնեն ոչ թե սթրեսային փորձություն, այլ շարունակական մասնագիտական զարգացման արդյունավետ մեխանիզմ։

-Արդյո՞ք պատրաստվում եք հաջորդ տարի կրկին մասնակցել ատեստավորմանը:

-Անկասկած՝ այո։ Ինձ համար կամավոր ատեստավորումն այլևս պարզապես «ստուգում» կամ «հաշվետվություն» չէ։ Այն դարձել է իմ մասնագիտական զարգացման կարևորագույն իրադարձություններից մեկը։

-Որպես վերջաբան՝ ո՞ր գաղափարն է, որ ցանկանում եք կյանքի կոչել թվերի աշխարհում։

-Ուսուցիչը նման է այգեպանի, ով չի վախենում փորել հողը, հանդուրժել անձրևը և համբերատար սպասել՝ իմանալով, որ յուրաքանչյուր սերմ ունի աճելու իր ժամանակը։

Իմ ամենամեծ ցանկությունն է, որ աշակերտներս ոչ թե անգիր հիշեն բանաձևերը, այլ այն զգացումը, երբ ինքնուրույն լուծեցին իրենց առաջին «անհաղթահարելի» թվացող խնդիրը։ Եվ ի վերջո, մանկավարժությունըմիակ մասնագիտությունն է, որը ստեղծում է մնացած բոլոր մասնագիտությունները։

Մերի Ափրեյան