Հայաստանում թվային տեխնոլոգիաների զարգացումը վերջին տարիներին էականորեն փոխել է մարդկանց գնումների մշակույթը։ Եթե նախկինում գնումը սկսվում և ավարտվում էր խանութում, ապա այսօր այն հաճախ սկսվում է էկրանից և ավարտվում առաքիչի զանգով։
Այս փոփոխությունը զգացվում է ոչ միայն ինտերնետ միջավայրում, այլև ֆիզիկական խանութներում։ Հագուստի խանութներից մեկի սեփականատեր և վաճառող տիկին Մարինեն նշում է, որ վերջին տարիներին գնորդների վարքագիծը զգալիորեն փոխվել է: «Մարդիկ հաճախ գալիս են, նայում և փորձում շորերը, մանրամասներ են իմանում, որակը ստուգում, հետո իրար մեջ ասում են՝ նմանատիպ հագուստ օնլայն կպատվիրենք», – պարզաբանում է նա։ Խանութը շատերի համար դարձել է ոչ թե անմիջական գնման, այլ ընտրության և համեմատության վայր։
Օնլայն առևտրի աճը հաստատվում է նաև պաշտոնական տվյալներով․ ՀՀ Կենտրոնական բանկի վիճակագրության համաձայն՝ 2024 թվականին ինտերնետ միջավայրում կատարված քարտային գործառնությունների տարեկան ծավալը հասել է մոտ 2 տրիլիոն դրամի՝ շուրջ 26 տոկոսով գերազանցելով նախորդող տարվա ցուցանիշը։ Սա փաստում է, որ օնլայն գնումների ակտիվությունը տարեցտարի ավելանում է․ մարդիկ ավելի հաճախ են նախընտրում ինտերնետային առևտուրը:
Այս փոփոխությունների պատճառը հասկանալու նպատակով իրականացրել ենք օնլայն գնումների ուսումնասիրություն 100 կնոջ շրջանում, որոնց 55%-ը պատկանում է 19-25 տարիքային խմբին, 13%-ը՝ 13-18, 12%-ը՝ 26–40 տարեկանների, իսկ 20%-ը՝ 40 տարեկանից բարձր խմբին, որոնցից միայն 4%-ն են 60–75 տարեկան։ Համաճարակի ընթացքում, երբ մարդիկ ստիպված էին մնալ տանը և նվազեցված էր ֆիզիկական առևտուրը, զգալի մասը սկսել է ինտենսիվորեն կատարել օնլայն գնումներ։ Այս փորձը աստիճանաբար վերածվել է նոր սովորության, և այսօր հարցվածների 83%-ը նշում է, որ հենց կորոնավիրուսից հետո է սկսել կանոնավոր կերպով օնլայն գնումներ կատարել։ Արդյունքում այսօր նրանց կեսից ավելիի առօրյայում (60.8%) գերակշռող է օնլայն առևտուրը:
Ինչ վերաբերում է օնլայն առևտրի առավելություններին, ապա հարցվածների կեսից ավելին կարևորում է ապրանքների համեմատաբար ցածր գները, իսկ մնացածը օնլայն գնումները գերադասում են ապրանքների բազմազանության և ժամանակ խնայելու նպատակով։
Էլեկտրոնային առևտուրը իրականացվում է ոչ միայն տեղական, այլ նաև միջազգային հավելվածների միջոցով: Ռուսական Wildberries գնումների հարթակը հիմնադրվել է դեռ 2004 թվականից, սակայն շատ երկրներում մեծ տարածում է գտել 2020 թվականից հետո: Հայերը նույնպես անմասն չեն մնացել այս հավելվածից օգտվելուց, և հարցման արդյունքներից պարզ է դարձել, որ Wildberries հավելվածը գրեթե բոլոր հարցվածների համար (98%) դարձել է հիմնական հարթակը։ Հաջորդ ամենաշատ գործածվող օնլայն հարթակներն են Temu-ն (70%), Pinduoduo-ն (13%), AliExpress-ը և Amazon-ը (6% և 6.8%)։
Օնլայն առաքման ծառայությունների նախասիրությունները ևս տարբեր են. հարցվածների կեսը նախընտրում է Onex առաքման ընկերությունը, 28%-ը՝ «Հայփոստ»-ը և 22%-ը Globbing-ը:
Իսկ ի՞նչ են ամենաշատը գնում օնլայն հարթակներից: Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ 100 հոգուց 90-ը առավել նախընտրում են օնլայն հարթակներում գնել հագուստ: Միևնույն ժամանակ 60 հոգի նշել է, որ հագուստի հետ մեկտեղ ամենաշատը գնում է աքսեսուարներ, կոսմետիկ միջոցներ և կենցաղային իրեր:
Էլեկտրոնային առևտուրն աստիճանաբար դառնում է մարդկանց առօրյայի անբաժան մասը՝ փոխարինելով ֆիզիկական գնումներին։ Հարցման արդյունքները փաստում են, որ նոր տեխնոլոգիաները ոչ միայն հեշտացնում են առևտուրը, այլ նաև ձևավորում նոր սովորություններ և նախասիրություններ։ Այս միտումները ցույց են տալիս, որ թվային առևտուրը Հայաստանում դեռ երկար ժամանակ կշարունակի աճել և ազդել սպառողական վարքագծի վրա։