Երևանի հանրակրթական դպրոցի համակարգչային դասարանում դասը սկսվում է ոչ թե գրատախտակից, այլ էկրանից։ Ուսուցիչը աշակերտներին խնդրում է ձևակերպել հարց, այնուհետև ստուգել՝ ինչպես է արհեստական բանականությունը փորձում պատասխանել։ Դասասենյակում մի քանի վայրկյանում հայտնվում են տեքստեր, ձևակերպումներ, անգամ՝ հաշվարկներ։ Դասը շարունակվում է, բայց արդեն այլ տրամաբանությամբ․ սովորողները ոչ միայն լսում են, այլ համեմատում, վերլուծում և քննադատում են ստացված պատասխանները։
Այս տեսարանը դեռ մի քանի տարի առաջ աներևակայելի կլիներ, սակայն այսօր այն աստիճանաբար դառնում է հայաստանյան դպրոցների նոր իրականության մի մաս։
Արհեստական բանականության գործիքները դպրոց են մտնում հիմնականում ոչ թե պաշտոնական ծրագրերով, այլ աշակերտների նախաձեռնությամբ։ Շատերն արդեն օգտագործում են AI հարթակներ՝ տնային աշխատանքների պատրաստման, տեքստերի ամփոփման, օտար լեզուներից թարգմանությունների համար։
8-րդ դասարանի աշակերտուհի Անին պատմում է․
«Եթե ինչ-որ բան չեմ հասկանում, արագ հարցնում եմ արհեստական բանականությանը։ Երբեմն ավելի պարզ է բացատրում, քան դասագրքում է գրված»։
Սակայն նույն գործիքը կարող է դառնալ նաև արտագրության հեշտ ճանապարհ։ Ուսուցիչները խոստովանում են՝ դժվար է պարզել՝ աշակերտը ինքն է մտածել, թե պարզապես ճիշտ ձևակերպված հարց է տվել։
Դասավանդողների մի մասը փորձում է AI-ը դարձնել ուսուցման օժանդակ գործիք, ոչ թե մրցակից։ Հայոց լեզվի ուսուցչուհի Լ.Սարգսյանը նշում է, որ արհեստական բանականությունն օգտագործում են դասի ընթացքում՝ որպես քննարկման առարկա։
«Մենք վերցնում ենք AI-ի գրած տեքստը ու միասին վերլուծում՝ որտեղ է սխալը, որտեղ՝ ոչ։ Սա սովորեցնում է քննադատական մտածողություն, ոչ թե մեխանիկական արտագրություն»,- ասում է նա։
Մյուս ուսուցիչները դեռ զգուշավոր են։ Նրանց մտահոգում են գնահատման արդարությունը, աշակերտների ինքնուրույն մտածելու կարողության թուլացումը և վերահսկման բացակայությունը։
Երեխաների ծնողները երկակի վերաբերմունք ունեն։ Մի մասը տեսնում է հնարավորություններ՝ ժամանակի խնայողություն, լրացուցիչ գիտելիք, անհատական մոտեցում։ Մյուսները վախենում են, որ երեխաները կսովորեն «ճիշտ հարց տալ», բայց ոչ մտածել։
«Չեմ ուզում, որ իմ երեխան սովորի պատրաստի պատասխաններով, բայց նաև հասկանում եմ՝ աշխարհն առաջ է գնում, ու երեխաները չեն կարող հետ մնալ»,- ասում է ծնողներից մեկը։
ԿԳՄՍ նախարարությունում ընդունում են՝ արհեստական բանականության մուտքը անխուսափելի է։ Նախարարության պաշտոնական դիրքորոշմամբ՝ ներկայումս աշխատանքներ են տարվում Արհեստական բանականության կիրառման համար անհրաժեշտ գործիքակազմերի մշակման ուղղությամբ։ Ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ՀՀ տարբեր գերատեսչությունների, ոլորտի շահառու հասարակական կազմակերպությունների և միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ։ Խմբի նպատակն է հնարավորինս սեղմ ժամկետում մշակել «Արհեստական բանականության կիրառումը դասավանդման գործընթացում» ուղեցույցը։
2025 թվականի դեկտեմբերի տվյալներով՝ Հայաստանի հանրակրթական դպրոցների ավելի քան 60 տոկոսն արդեն ապահովված է ժամանակակից լաբորատոր սարքավորումներով և համապատասխան գույքով։ Նախարարության գնահատմամբ՝ այս գործընթացը հնարավորություն կտա ոչ միայն կիրառել նոր տեխնոլոգիաներ, այլև ավելի ճշգրիտ գնահատել սովորողների կարողունակությունների զարգացումը։
Այսօր խնդիրը ոչ թե այն է՝ թույլատրել, թե արգելել արհեստական բանականությունը, այլ՝ սովորեցնել ինչպես ճիշտ օգտագործել այն։ Ոչ որպես մտածողության փոխարինում, այլ որպես գործիք, որը զարգացնում է քննադատական միտքը, պատասխանատվությունը և գիտակցված ընտրությունը։