12.24.2025
Կատեգորիա
Դիմանկար
Սեդա տատիկ

Երևանի կենտրոնի նեղ փողոցներում մաքրությունը սկսվում է այն ժամանակ, երբ քաղաքը դեռ քնած է։ Ժամը 05:00-ին մայթերին առաջինը դուրս է գալիս Սեդա տատիկը։ Նրա ամենատես աչքից չի վրիպում անգամ փոքր աղբը, որը կարող է ստվերել վարդագույն քաղաքի փայլը: «Ես արդեն տասնհինգ տարի է այս տարածքում եմ աշխատում, ամեն քարն ու փոսը անգիր գիտեմ։  Քաղաքը առավոտյան լրիվ ուրիշ է՝ աղմուկ չկա, միայն տերևների, սայլակի, քամու ձայներն են։ Սա է իմ առօրյան»,- պատմում է Սեդա տատիկը:

Մայրաքաղաքի մաքրությունն ապահովելը հեշտ գործ չէ։ Կտրվածքներ, բորբոքումներ, ծանր սայլակ, եղանակ՝ երբեմն 40 աստիճան, երբեմն ձյուն և անձրև։

«Ապակիներից միշտ վախենում եմ։ Մեկ անգամ շատ վատ վնասեցի մատս, ավելի ուշադիր դարձա։ Հիմա ձեռնոցներն ավելի ամուր են տվել, այդքան հեշտ չեն պատռվում, -նշում է Սեդա տատիկը։

Նա ասում է՝ սայլակը ծանրանում է այնքան, որ երբեմն ամբողջ մարմնով է հրում։ Բայց չի բողոքում, արդեն սովորել է։

Մեր հարցմանն ի պատասխան քաղաքապետարանը տեղեկացրեց, որ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի կողմից իրականացվում են նոր ձեռքի փոշեկուլ մեքենաների ձեռքբերման աշխատանքներ, որի միջոցով հնարավոր կլինի մայրաքաղաքի փողոցներում սանմաքրման աշխատանքները իրականացնել ավելի արդյունավետ և ոչ այդքան ծանրաբեռնված: Նոր փոշեկուլների ձեռքբերման գնումների գործընթացը նախատեսվում է իրականացնել 2026թ. ծրագրերով: Նախատեսվում է գնել 10 հատուկ նշանակության բազմաֆունկցիոնալ փոշեկուլներ և 20 ինքնագնաց փոշեկուլներ՝ փողոցների, բակերի, մայթերի և խաղահրապարակների մաքրման համար: Տեխնիկական բնութագրերը, ինչպես նաև մրցույթ հայտարարելու համար անհրաժեշտ փաթեթը գտնվում են կազմման փուլում:

«Հիմա աշխատավարձը մի փոքր բարձրացրել են։ Չէ որ բարդ գործ ենք անում։ Համազգեստն էլ նոր են տվել՝ ավելի հարմար է։ Եթե նոր տեխնիկա գա, գուցե մեր գործն էլ թեթևանա։ Մենք էլ քիչ կծանրաբեռնվենք», -ասում է Սեդա տատիկը, որը աշխատանքից շեղվել չի սիրում, մի ձեռքով հավաքում է շշերը, մյուսով արդեն նոր պարկ է բացում։ 

 Պատմում է, որ կրթություն է ստացել Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի մանկավարժության ֆակուլտետում։ Մանկավարժ աշխատել է 4 տարի, այնուհետև դուրս է եկել աշխատանքից։ Մի քանի տարի անց իր ընտանիքի սոցիալական վիճակը ծանրացել է և տատիկը որոշել որպես հավաքարար աշխատել, որպեսզի կարողանա որոշ չափով ճգնաժամային վիճակից հանել ընտանիքը։

Մարդկանց վերաբերմունքը՝ ըստ Սեդա տատիկի, տարբեր է. 

«Ինձ հետ շփվող և հարգող մարդիկ կան, բայց լինում են դեպքեր, երբ, օրինակ, դուրս են գալիս մեքենայից, աղբը հենց իմ սայլակի վրա են գցում ու գնում։ Մտածում են՝ դա է իմ գործը։ Այո, իմ գործն է, բայց ես էլ եմ մարդ։ Առավոտյան 5-ին տնից դուրս եմ գալիս, որ քաղաքը տեսնեն մաքուր։ Բայց ո՞վ է դրա մասին մտածում։ Մենք, երևի, ամենաշատ երևացող, բայց ամենաքիչ նկատված մարդիկ ենք»։

Ասում է տասնհինգ տարվա մեջ իր հետ շատ դեպքեր են պատահել, բայց առանձնացնում այս պատմությունը.

«Մի քանի տարի առաջ մի փոքր տղա էր կանգնել ու նայում էր, թե ինչպես էի մաքրում մայթը։ Հետո սկսեց ինձ օգնել։ Ասեց՝ տատիկ, քեզ օգնում եմ։ Բայց վերջում պարզվեց՝ հենց ինքն էր ամբողջ մայթը կեղտոտել։ Բոլորս ծիծաղեցինք։ Հետո ասաց՝ կներեք, ես էլ չեմ անի։ Հիմա մեծացել է, և ամեն առավոտ աշխատանքի գնալիս ինձ հետ զրուցում է, նոր գնում»։

«Ունեցած հիշողություններս բազմազան են, աղջիկս համոզում է, որ այլևս չաշխատեմ , բայց չեմ կարող տանը նստել, սիրում եմ աշխատանքս։ Չեմ կարող ասել, որ երազանքների աշխատանք է, բայց գումար վաստակելու միջոց է»,-ասում է նա։

Սեդա տատիկի նման աշխատող մարդիկ ստեղծում են քաղաքի մաքրության ամենաակնհայտ արդյունքը, բայց իրենք մնում են աննկատելի շատերի կողմից։ Նրանք կատարում են աշխատանք, որը միաժամանակ և՛ անփոխարինելի է, և՛ ոչ այդքան գնահատված։ Քաղաքը չի կարող զարգանալ, եթե դրա մաքրությունը ապահովողները շարունակում են մնալ առանց պաշտպանվածության, շեշտակի գնահատման և արժանապատիվ պայմանների։

Վիկտորյա Հարությունյան