Թեև դեռահասների շրջանում ծխելը նոր երևույթ չէ, մասնագետները նշում են, որ այսօր այն ավելի տեսանելի է դարձել։ Պատճառները բազմազան են՝ սկսած ինքնահաստատման ձգտումից մինչև միջավայրի ազդեցություն։
Ընդհանուր եվրոպական համատեքստում շարունակում են մնալ մտահոգիչ տվյալներ դեռահասների ծխելու վերաբերյալ, որոնք ներկայացվում են WHO Europe-ի 2021/2022 թթ. «Health Behaviour in School-aged Children» դպրոցականների վարքի վերաբերյալ հարցման արդյունքներում՝ ընդգրկելով շուրջ 44 երկրների տվյալներ։
Այդ ուսումնասիրությունների համաձայն՝ Հայաստանում 15-ամյա տղաների 36%-ը գոնե մեկ անգամ փորձել է էլեկտրոնային ծխախոտ, իսկ 17-ամյա դեռահասների շուրջ մեկ քառորդը համարվում է կանոնավոր ծխող։ Այս տվյալները մասնագետները համարում են մտահոգիչ՝ հատկապես հաշվի առնելով, որ ծխելը հաճախ սկսվում է դեռահասության ամենախոցելի փուլում։
Հոգեբան Քրիստինե Հարությունյանի խոսքով՝ ծխելու սկիզբը դեռահասության շրջանում հաճախ կապված է ներքին հակասությունների և ինքնության ձևավորման հետ։
«Հիմնականում դեռահասները իրենց ձգտում են զգալ մեծ, չափահաս։ Հենց այստեղից է նաև, որ «բունտ» է առաջանում ծնողական դաստիրակության, մեթոդների և մոտեցումների դեմ։ Մի կողմից դեռահասն իրեն փորձում է արդեն համարել մեծահասակ, բայց մյուս կողմից՝ ինքը դեռ երեխա է, ու ձգտումը լինել մեծահասակ շատ դեպքերում ասոցացվում է հենց ծխախոտ, ալկոհոլ օգտագործելու հետ»,– նշում է հոգեբանը։
Նրա խոսքով՝ այս փուլում դեռահասը միաժամանակ փորձում է իրեն զգալ անկախ և մեծահասակ, սակայն հոգեբանորեն շարունակում է մնալ խոցելի, ինչի հետևանքով հեշտ է ենթարկվում արտաքին գործոններին։
Դեռահասության շրջանում մեծ դեր է խաղում ոչ միայն ընտանիքը, այլև հասակակիցների շրջապատը։ Հոգեբանն ընդգծում է, որ հենց միջավայրն է հաճախ դառնում վարքի հիմնական ձևավորողը։ «Դեռահասության շրջանում առաջատար դեր է ստանում հասակակիցների միջավայրը։ Եթե տվյալ խմբում ընդունված է ծխելը, դեռահասը հաճախ սկսում է ծխել՝ պարզապես այդ միջավայրում ինտեգրվելու և իրեն «իրենցից մեկը» զգալու համար»,– ասում է Քրիստինե Հարությունյանը։
Վաղ տարիքում ծխելը լուրջ վտանգներ է թողնում նաև տարիներ անց։ Թոքաբան Նունե Ազիզյանի տվյալներով՝ թոքի քաղցկեղով հիվանդների շուրջ 90%-ը ներկայիս կամ նախկին ծխողներ են, ինչը վկայում է, որ ծխախոտը հիվանդության հիմնական ռիսկային գործոններից է։
Նրա խոսքով՝ հատկապես վտանգավոր է, երբ ծխելը սկսվում է դեռահաս տարիքում։
«Վաղ տարիքում ծխելը վնասում է ոչ միայն թոքերին, այլ ամբողջ օրգանիզմին՝ ազդելով աճի և զարգացման վրա և նպաստելով բրոնխիալ ու թոքային հիվանդությունների առաջացմանը»,– նշում է թոքաբանը։ Մասնագետը շեշտում է, որ դեռահասների շրջանում տարածված էլեկտրոնային և տաքացվող ծխախոտները նույնպես չեն կարող համարվել անվտանգ։
«Բոլոր տիպի ծխախոտները, այդ թվում էլեկտրոնային և տաքացվող տեսակները, լուրջ վնաս են հասցնում առողջությանը»,– ընդգծում է նա։
Հոգեբանների գնահատմամբ՝ վաղ ծխելու ռիսկը զգալիորեն նվազում է այն դեպքում, երբ ընտանիքում դեռահասը ունի հստակ պատկերացումներ առողջ ապրելակերպի մասին, իսկ ծնող–երեխա հարաբերությունները կառուցված են վստահության վրա։ Մինչդեռ խիստ կամ լարված ընտանեկան միջավայրը կարող է բերել ինքնավնասող վարքի, այդ թվում՝ կախվածությունների ձևավորմանը։
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ դպրոցներում նույնպես գործում է առողջ ապրելակերպին ուղղված կրթական ծրագիր, որի շրջանակում երեխաները տեղեկացվում են ծխախոտի վնասների և կանխարգելման մեխանիզմների մասին։ Ծրագրի նպատակն է ձևավորել առողջ վարքագիծ դեռահասների շրջանում և նվազեցնել կախվածությունների ռիսկը։