12.30.2025
Կատեգորիա
Մշակույթ
Բաղանիս

«Ուզմ ա մի քար մնա եկեղեցուցը, մինա ընդի տինք մոմ վառիլ, բայց դե լավ չի էլի, որ տեր չեն ըլմ մեր մշակույթին»։ Բաղանիսցի Ժենիկ Ալավերդյանը ափսոսանքով է նայում Սբ Աստվածածին եկեղեցուն, որն օր օրի ավելի է խոնարվում։

Բաղանիսի Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցին թվագրվում է 7-9-րդ դարերի։ Եկեղեցին ներկայումս կիսավեր է։ Պահպանվել են խորանի մասը, հյուսիսային պատը (ողջ երկարությամբ՝ մինչև թաղածածկը)՝ դրանց կից հարավային ու արևմտյան պատերի սկզբնամասերը։ Պատերի ստորին երեսաքարերը հիմնականում բացակայում են։ Եկեղեցու տարածքում կա նաև 19-20-րդ դարերի գերեզմանատուն։ Եկեղեցու մասին արձանագրություններ չեն պահպանվել։ Բնակիչների խոսքով՝ գյուղում հոգևորականների ընտանիքներ են բնակվել, որոնք կառուցել են եկեղեցին։ Պատմում են նաև, որ հենց եկեղեցու տարածքում ամփոփված են նրանց մարմինները։ Չնայած այն հանգամանքին, որ եկեղեցում չեն կատարվում եկեղեցական ծիսակարգեր, գյուղացիների համար այն մնում է սրբատեղի, որտեղ կիրակի օրերին կամ տոներին մոմ են վառում։

Սբ. Աստվածածինը գտնվում է ԿԳՄՍ նախարարության հաշվեկշռում, բայց պետական հոգածությունը դեռևս չի հասնում Բաղանիս։ Չնայած եկեղեցին լուրջ վտանգի առաջ է, որոնցից են՝ պատերի շարունակական քայքայումը, սեյսմիկ վտանգը, ընդգրկված չէ ՀՀ պետական բյուջեի վերականգնվելիք հուշարձանների 2026 թվականի ծրագրում։ Նախարարության հիմնավորումն այն է, որ հանրապետությունում կան ավելի քան 700 «հրատապ» վերականգնման ենթակա հուշարձաններ, Սբ Աստվածածինը, ըստ նրանց, այդ շարքին չի դասվում։

Բաղանիսի համայնքապետ Գևորգ Սահակյանը փորձել է եկեղեցու նորոգման հարցը օրակարգ բերել, սակայն նույն պատասխանն է ստացել՝ հիմա նախատեսված չէ գումար տրամադրել եկեղեցու նորոգման համար։

-Փորձում ենք ամեն ինչ անել, որ գյուղի տարածքում գտնվող մշակութային օբյեկտները պահպանվեն, բայց քանի որ հիմա գումար չեն կարողանում տրամադրել, գոնե փորձենք մենք չվնասենք, դա էլ մեր կողմից կլինի օգնություն,-նշում է Գևորգ Սահակյանը։

Համայնքի ուժերով փորձ է արվում գոնե պահպանել եղածը. գյուղացիները ցանկապատել են տարածքը, որպեսզի արածող անասունները չվնասեն և չկեղտոտեն սրբավայրը։

Բաղանիսի Սբ. Աստվածածինը ընդգրկված չէ տուրիստական երթուղիներում։ «Around Tavush» տուրիստական ընկերությունում, օրինակ, տեղյակ չեն նման պատմամշակութային հուշարձանի մասին և երբևէ չեն դիտարկել այն։

-Ճիշտն ասած՝ չգիտեինք, որ Տավուշում նման թաքնված հուշարձան ունենք, բայց լավ միտք է, անպայման կդիտարկենք հետագա ուղությունների համար,-նշում է ընկերության զբոսավար Տիրան Ջանինյանը։

Սա վկայում է այն մասին, որ մշակութային այս ժառանգությունը հանրաճանաչ դարձնելու ուղղությամբ մեծ աշխատանք պետք է տարվի թե՛ պետական, թե՛ տեղական և մասնավոր հատվածի մակարդակում։

«Էնքան եմ ուրխանըմ, որ մի անծանոթ օքմի(մարդ) ա դեսեն վրա գալի, տանըմ եմ, շանց եմ տալի, պատմըմ եմ, շատը դուզ, շատը հնարած, դե հին թվի եկեղեցի ա, ոնց էլ չըլի, մի կարևոր պատմական բան էլած կըլի (խորամանկ ժպտում է)։ Էնա սաղին կանչըմ եմ, որ գան, տենուն, մեր գեղըմը շատ պատմական վայրեր կան, բայց էս եկեղեցին ափսուզ ա(ափսոս է), տեր ըլին, հմի ես լավից վատից եկեղեցին տենըմ եմ, բայց ուզըմ եմ իմ թոռներն ու ծոռներն էլ տենուն, ոչ թե գան փլված քարերը ըլի մենակ»,- ասում է Սբ. Աստվածածին եկեղեցու հարևանությամբ ապրող Սամվել Հարությունյանը։

Եկեղեցու վերականգնման հարցը բոլոր բաղանիսցիների մտահոգությունն է, յուրաքանչյուրը փորձում է ինչ-որ չափով հանրությանը հասանելի դարձնել այն։ Գյուղի դպրոցի երեխաների համար հաճախ է կազմակերպվում շրջայց, տեղում սոցիալական հոլովակներ են նկարում աշակերտները, տեղադրում դպրոցի սոցիալական էջերում՝ փորձելով այդպես օգտակար լինել։

Սուրբ Աստվածածին եկեղեցին դարեր շարունակ եղել է հավատքի և դիմակայության խորհրդանիշ սահմանամերձ Բաղանիս գյուղի համար։ Եվ որպեսզի շարունակի կանգնուն մնալ, պետության հրատապ միջոցները շուտ պետք է հասնեն։
 

Վերա Սահակյան