Լիլիի հետ հանդիպեցինք քաղաքի գեղեցիկ սրճարաններից մեկում․ եկավ ճիշտ նշված ժամին, նույնիսկ մի փոքր շուտ։ Ասում է, որ ուշանալ չի սիրում, հատկապես նման կարևոր հանդիպումներից կամ իր համար կարևոր ու հետաքրքիր դասերից. «Միևնույն ժամանակ, եթե դասը ինձ համար հետաքրքիր կամ կարևոր չէ, պատրաստ եմ ուշանալ ինչքան պետք է»,- կատակով հավելում է նա։ Լիլիի հագուստը այնքան ներդաշնակ էր աշնանային երանգներին, որ կարծես ձուլվել էր քաղաքի աշնանային տրամադրությանը։ Ներս մտավ գեղեցիկ ժպիտով` իր հետ բերելով ջերմ ու դրական էներգիա, որն անհնար էր միանգամից չնկատել։
Լիլին ասում է, որ միշտ դրական է տրամադրված ամեն ինչի նկատմամբ, բայց դա չի խանգարում իրեն լինել իրատես։
«Պետք է պահել զգացմունքային հավասարակշռությունը ցանկացած իրավիճակում. չպետք է այնքան վատատես լինել, որ ներսից քայքայես քեզ, և չպետք է այնքան լավատես լինել, որ կորցնես կապը իրական աշխարհի հետ»։
Լիլիի կերպարը միայն արտաքին հատկանիշներով նկարագրելը կնշանակի բաց թողնել նրա մասին ամենակարևորը․ այս գեղեցիկ աղջկա ներաշխարհ թափանցելու միակ ճանապարհը կիթառն է: Գուցե զարմանաք, բայց նա հենց այդ վեց լարերի մեջ է գտել իր հոգեկան հանգստությունը ու աշխարհից կտրվելու սեփական ճանապարհը: Նա խոսում է կիթառի մասին այնպես, ինչպես իրեն շատ հարազատ ու մտերիմ ինչ-որ մեկի մասին պատմի: Ու այստեղ կարևոր մի փաստ կա՝ կիթառ նվագել նա ինքնուրույն է սովորել:
«Դեռ փոքր տարիքից, չգիտեմ՝ ինչու, անտարբեր չեմ եղել կիթառի նկատմամբ։ Եթե իմ շրջապատում մեկը կիթառ էր նվագում՝ ես միանգամից մոտենում էի, լսում ու մտովի պատկերացնում, թե ինչ հոգեկան հանգստություն է ապրում այդ մարդը։ Մտածում էի, որ եթե մի օր ունենամ իմ սեփական կիթառը, հաստատ ինքնուրույն կկարողանամ սովորել»,- պատմում է նա։
Անցած տարի ծննդյան օրը ծնողները նրան նվիրեցին իր երազած կիթառը, հենց այդ օրվանից էլ նա սկսեց սովորել նվագել ու սկզբից մինչև վերջ ինքը եղավ իր ուսուցիչը: Պատմում է, որ նվագել սովորել է համացանցի օգնությամբ՝ դիտելով տեսադասեր, ուսումնասիրելով բացատրություններ ու ամեն օր կրկնելով նույն հատվածները։ Այդ գործընթացը հեշտ չի եղել. սկզբում մատները ցավում էին, ակորդները «չէին բռնվում», մեղեդիները խզվում էին։ Բայց հենց դա էլ նրան ստիպում էր համառել։ Մոտ երեք ամիս հետո Լիլին արդեն սովորել էր նվագել իր սիրելի երգերից մեկը ՝ «Sting-Shape of my heart»- ը։ Այդ պահը, ինչպես ինքն է ասում, իր «փոքր հաղթանակն էր»։ Հետագայում ամեն ինչ արագացավ․ վեց ամսում նա արդեն հմտորեն կատարում էր իր սիրելի մի քանի երգերից։
Նրա ընկերները պատմում են, որ եթե հավաքույթին Լիլին եկել է իր կիթառ հետ, ապա բոլորը գիտեն՝ պետք է սպասել այն պահին, երբ նա հանգիստ կնստի սեղանի մի անկյունում, կուղղի մազերը և առաջին մեղմ ակորդով կտա երեկոյին միանգամայն ուրիշ հանգստություն։ Նրա նվագը մարդկանց միավորում է, լռեցնում է աղմուկը, ստեղծում է մտերմիկ ու խաղաղ մթնոլորտ։ Շատերը նույնիսկ ասում են, որ Լիլիի նվագն իրենց համար դարձել է «ընկերական հավաքների խորհրդանիշ»։ Շատ են սիրում միասին կատարել Ռուբեն Հախվերդյանի երգացանկից երգեր:
«Լիլին երաժշտությունը չի նվագում, նա պատմում է»,- այսպես են բնորոշում ընկերները Լիլիի ապրումները նվագելիս:
Գուցե և զարմանաք, բայց կիթառ նվագող այս նուրբ ու ստեղծարար աղջիկը ապագա ատամնաբույժ է՝ ԵՊԲՀ–ի ուսանողուհի։ Նրա մեջ արվեստն ու բժշկությունը խաղաղ գոյակցում են՝ ստեղծելով յուրահատուկ ու անսպասելի համադրություն։ Ասում է, որ մանկուց է հետաքրքրված եղել այս մասնագիտությամբ: Այժմ երկրորդ կուրսում է և մասնագիտությունից հիասթափվելու կամ հրաժարվելու դեռևս որևէ պատճառ չի ունեցել: Միակ վատ սովորությունը՝ քննություններին նախապատրաստվելը միշտ վերջին պահին թողնելն է։
Դասերն ավարտելուն պես Լիլին տուն է գնում, և սիրում է տուն գնալու ճանապարհը անցնել միայնակ՝ քաղաքի փողոցներով քայլելով: Նա չի բնորոշում իրեն որպես մենասեր մարդ․ սիրում է մարդաշատ վայրեր, ընկերական խոսակցություններ, բայց երբեմն պարզապես ուզում է մնալ ինքն իր հետ՝ իր ապագայի պատկերացումներով ու վառ երևակայությամբ։
Ինչքան էլ երկար ու հոգնեցնող օր ունենա, Լիլին դրսում սնվել չի սիրում: Ասում է, որ մայրիկի պատրաստած համեղ ուտեստները ոչինչի հետ չի փոխի: Մայրը պատմում է, որ շատ են սիրում միասին տարբեր քաղցրավենիքներ պատրաստել, նոր բաղադրատոմսեր փորձել, քանի որ երկուսով էլ անտարբեր չեն քաղցրի նկատմամբ: Սուրճ խմելը նրանց համար վաղուց արդեն սովորական գործողություն չէ, այլ յուրահատուկ արարողակարգ։ Նրանք միասին դասավորում են գեղեցիկ սուրճի սեղանը, մատուցում իրենց ձեռքով պատրաստած քաղցրավենիքները և այդ փոքրիկ պահը վերափոխում հանգստի ու մտերմիկ զրույցի։ Այդ ժամանակ են կիսվում օրվա տպավորություններով, հոգսերով և փոքրիկ ուրախություններով։ Բայց այս ընտանեկան խաղաղ մթնոլորտի ամենաազդեցիկ պահը այն ժամանակ է, երբ Լիլին վերցնում է իր կիթառը։ Լիլիի մայրիկը շատ է սիրում դասական և հանգիստ երաժշտություն, ու դստեր կիթառով ստեղծագործելը նրան աննկարագրելի հաճույք է պատճառում: Երբ իր դուստրը նվագում է, մայրը անթարթ հայացքով նայում է. այդ հայացքի մեջ ամփոփվում են անսահման հանգստություն, խաղաղություն և մի փոքր էլ ծնողական հպարտություն: Սերն ապրում է հենց այսպիսի պարզ, մաքուր պահերի մեջ՝ սուրճի բույրի, տաք խոհանոցային լույսի, կիթառի մեղմ հնչյունների ու մոր հպարտ հայացքի մեջ։
Լիլին համադրում է երկու ծայրահեղ տարբեր բևեռներ՝ բժշկին բնորոշ սառն ու պատասխանատու միտքը և երաժիշտին հատուկ ջերմ ու զգայուն հոգին․ ու հենց այդ երկուսի ներդաշնակությունն է նրան դարձնում առանձնահատուկ։