Գյումրին ինձ հիշեցնում է Տիկին Սոֆյային՝ 79-ամյա գյումրեցի մանկավարժին, ում հետ առաջին իսկ հանդիպումից զգում ես քաղաքի հոգու ջերմությունը: Երկուսն էլ տարիների ընթացքում մի քիչ ճաքճքել են, մի քիչ հնացել ու հոգնել, բայց այդ ամենի տակ պահում են անսպառ կայտառություն ու հումոր։ Տիկին Սոֆյան քայլում է դանդաղ, բայց հաստատուն՝ ինչպես Գյումրին․ ոչ շտապող, բայց վստահ քայլող քաղաք, որը երբեք չի ընկրկել դժվարությունների առաջ: Կնոջ ձայնի մեղմությունը նույնն է, ինչ Գյումրունը՝ մի տեսակ խորը, անցյալն ու ներկան իրար կապող ջերմությամբ։
Երբ լսում եմ Տիկին Սոֆյայի պատմությունները, քաղաքը ավելի պարզ է բացվում իմ առջև.
«Գյումրին այն քաղաքներից է, որտեղ առաջին րոպեներից զգում ես, թե ինչպես է միջավայրը սկսում փոխել քո ներսը։ Քարե տներն ու հին փողոցները միաժամանակ խաղաղություն են տալիս ու մտերմություն ստեղծում։ Քաղաքը քայլողի համար բացված թանգարան է․ ամեն անկյուն իր պատմությունն ունի, ամեն ճաքի տակ մի հիշողություն կա ծվարած։ Կենտրոնում հնչող ձիու կառքերի ձայնը կարծես անցյալի շունչն է, որը ստեղծում է կամուրջ հնի ու նորի միջև»:
Գյումրու շենքերը տարվա եղենակների պես գույնզգույն են, բայց միևնույն ժամանակ իրար հետ շատ համահունչ: Քաղաքը յուրահատուկ է բոլոր եղանակներին, բայց աշունը կարծես հատուկ Գյումրու համար է ստեղծվել․ տերևների ոսկեգույնը փափուկ նստում է փողոցների վրա, իսկ դանդաղ քամին իր մեղմիկ երգն է երգում սիրելի քաղաքի մասին։
Բայց երբ հմայվում ես այս գեղեցկությամբ, հիշում ես նաև մեկ այլ դիտարկում՝ երևանցի Ալբինան ասում է, որ Գյումրին ոչ միայն տեսքով, այլև մարդկանցով է տարբերվում.
«Մարդիկ այստեղ երբեմն կոպիտ են, ավելի կտրուկ արձագանքող, բայց եթե ավելի խորն ես մտածում, այնքան հասկանալի է դառնում․ այդ կոպտությունը ծնված չէ չարությունից։ Դա պաշտպանական շերտ է՝ դժվար տարիների կուտակած կոշտություն, որի տակ անպայման ջերմություն ու հումոր կա»:
Տիկին Սոֆյան էլ է ասում՝ նույնիսկ երկրաշարժի օրերին մարդիկ հումորի մեջ էին իրենց ուժը գտնում․ «Հումորը դարձել էր Գյումրու հենարանը»,- ասում է նա փայլող աչքերով:
Այդ մտքին համամիտ է նաև երիտասարդ գյումրեցի Լիլիթը, ում հետ խոսում էինք քաղաքի ներկայի մասին։
«Մեր քաղաքը կոլորիտային, սիրուն քաղաք է։ Մարդիկ պարզ են, սրտով են, հյուրընկալ են»,- ասում է նա։
Խոսում է նոր Գյումրու մասին` վերակառուցված փողոցներ, նոր բացված սրճարաններ, զբոսավարներով լեցուն կենտրոն։ Բայց մի պահ լռում է, կանգ առնում ու ավելացնում․
«Բայց որ նայես՝ ինչքան գեղեցկացել է, նույնքան էլ ցավը մնում է… էդ տնակները պիտի չլինեն»։
Իսկ Տիկին Սոֆյան այլ բան է ցանկանում փոխել հարազատ քաղաքում.
«Եթե մի բան կարողանայի փոխել քաղաքում, գյումրեցիներին ժպիտ կբաժանեի։ Գիտե՞ս ինչ վնաս ունի ժպիտը՝ ոչ մի, իսկ օգուտ` լիքը»:
Գյումրին հենց այդ հակադրությունների միասնությունն է․ հին ու նորի, կոպտության ու ջերմության, ցավի ու տոկունության խառնուրդ։ Քաղաք, որտեղ հնությունը չի խանգարում նոր կյանքին, և նոր կյանքը չի խաթարում հնության արժեքը։ Քաղաք, որտեղ կարող ես միաժամանակ տեսնել գեղեցկություն, ուժ, ցավ ու հոգու մեծություն։