01.16.2026
Կատեգորիա
ՏՏ
մեդիա

Սոցիալական ցանցերն այսօր երիտասարդների կյանքի անբաժանելի մասն են՝ միաժամանակ հանդիսանալով և՛ տեղեկատվության աղբյուր, և՛ ժամանցի, և՛ ինքնաարտահայտման հարթակ։ Մեր անցկացրած սոցիալական հարցման արդյունքները ցույց են տալիս, որ երիտասարդների 51.9%-ը սոցիալական ցանցերում անցկացնում է օրական ավելի քան 6 ժամ, իսկ 40.7%-ը՝ 3–5 ժամ։ Սոցցանցերում անցկացվող ժամանակի հիմնական նպատակներն են ժամանցը (42.6%) և հաղորդակցումը (38.9%)։ Սակայն վերջին տարիներին ավելացել են նաև սոցիալական ցանցերի առաջացրած հոգեբանական ռիսկերը։ Դրանք հաճախ աննկատ ազդում են մտածողության, զգացմունքների, ինքնագնահատականի և նույնիսկ իրականության ընկալման վրա։ Հատկապես երիտասարդների դեպքում սոցիալական մեդիան դառնում է միջավայր, որտեղ ձևավորվում են վարքային մոդելներ, համեմատության չափանիշներ և «նորմայի» պատկերացումներ։ Սոցցանցերում ներկայացվող կյանքը մեծ մասամբ ընտրված ու մշակված պատկեր է, սակայն հոգեբանական մակարդակում այն հաճախ ընկալվում է որպես իրականություն։ 

Սոցիալական ցանցերի լայն տարածումը մասամբ պայմանավորված է դրանց հուզական պարզությամբ․ կարճ տեսանյութերը, հումորը, առօրյա կյանքի դրվագները արագ արձագանք են առաջացնում և չեն պահանջում երկար կենտրոնացում։ Մեդիահոգեբան Սաթենիկ Գրիգորյանի խոսքով՝ սոցիալական ցանցերի կախվածություն առաջացնող ազդեցությունը պայմանավորված է օրգանիզմում դոֆամինի արտադրությամբ. «Երբ մենք մտնում ենք սոց. ցանցեր, մեր օրգանիզմում արտադրվում է դոֆամին հորմոն, որը կախվածություն ստեղծող հորմոնն է. այն արտադրվում է օրգանիզմում այն ժամանակ, երբ մենք խաղում ենք, սնվում, խմում, ծխում, քաղցր ուտում, խաղադրույք կատարում և այլն: Ըստ այդմ, այն արտադրվում է նաև այն ժամանակ, երբ այցելում ենք սոց. ցանցեր: Այս սկզբունքով հայտնվեցին այնպիսի ֆիլտրեր, ինչպիսիք են լայվը, հոլովակների տարածումը, մեսենջերի ձայնը, լայքը, ինչպես նաև՝ սրտիկը, էնգրին և այլն: Այս ամենից արտադրվում է խելագար քանակությամբ դոֆամին, որն էլ մարդկանց մոտ կախվածություն է արտադրում: Լսելով մեսենջերի ծլնգոցը՝ մարդիկ շտապ մուտք են գործում համացանց՝ տեսնելու՝ ով է իրենց գրել, նկար ներբեռնելիս հաճախակի մտնում են, որպեսզի տեսնեն՝ ովքեր են լայքել, մեկնաբանություն գրողներին պատասխանում են և արդյունքում ստանում հուզական բավարարվածություն, որն իրական կյանքում գնալով պակասում է»։ 

Մեդիափորձագետ Արթուր Պապյանի խոսքով՝ մեդիայի նման ազդեցության դեմ առաջին պաշտպանությունը տեղեկացվածությունն է. «Եթե տեղեկացված ես, արդեն պաշտպանված ես։ Շատերը չեն էլ պատկերացնում, որ իրենց անմեղ թվացող ժամանցը սոցիալական ցանցերում շահագործվում է։ Սոցիալական հարթակները դիզայնի, ալգորիթմների ու հոգեբանական հնարքների միջոցով փորձում են օգտատիրոջը հնարավորինս երկար պահել էկրանին՝ գովազդային եկամուտներ ու այլ շահույթներ ստանալու համար։ Երբ մարդը սկսում է դա գիտակցել, նա արդեն սկսում է ֆիքսել այդ ազդեցությունները և նույնիսկ ենթագիտակցական մակարդակով փորձում է հակազդել դրանց»։ 

Մեդիահոգեբանը նշում է նաև, որ մեդիայի ազդեցությունը հաճախ անմիջապես չի նկատվում, սակայն ունի երկարաժամկետ հետևանքներ. «Այսօր մարդը դառնում է այնպիսին, ինչպիսի մեդիակոնտենտ սպառում է. եթե ագրեսիվ է, ապա սպառում է ագրեսիվ մեդիա՝ ֆիլմերի, երաժշտության, մուլտֆիլմերի, համակարգչային խաղերի միջոցով: Եթե հանգիստ է, խաղաղ ու հավասարակշռված, նշանակում է սպառում է այնպիսի մեդիա, որը մարդուն ագրեսիվ դարձնելու ձևաչափ չունի»։  

Ինֆլուենսերների ազդեցությունը և «լռելյայն նորմերը» 

Ինֆլուենսերները սոցիալական մեդիայի ամենաազդեցիկ դերակատարներից են։ Հարցման համաձայն՝ 90.7%-ը հետևում է ինֆլուենսերների, իսկ ամենատարածված բովանդակությունը հումորային և lifestyle բովանդակությամբ նյութերն են։ Ինֆլուենսերներն հաճախ ընկալվում են ոչ թե որպես հանրային դեմքեր, այլ «մեզ նման մարդիկ», որոնց կյանքին կարելի է հետևել ամեն օր։ Հենց այս նույնականացումն է ուժեղացնում նրանց ազդեցությունը։ Հումորային և lifestyle բովանդակությունը առանձնանում է նրանով, որ այն խոսում է առօրյայի, զգացմունքների, հարաբերությունների և «նորմալ» կյանքի մասին։ Այդ հրապարակումները հաճախ լրացնում են այն հուզական կամ սոցիալական պակասը, որը մարդը կարող է զգալ իրական կյանքում։ 

Մեդիահոգեբանը սա բացատրում է հետևյալ կերպ. «Հումորը գործում է որպես հոգեբանական «ապահով միջավայր»․ ծիծաղի ժամանակ նվազում է կոգնիտիվ վերահսկողությունը, և տեղեկատվությունը չի անցնում խիստ վերլուծության փուլ, արդյունքում մեսիջը չի ընկալվում որպես ազդեցություն: Լայֆսթայլ կոնտենտը լրացնում է նույն մեխանիզմը՝ ստեղծելով նորմատիվ վարքի մոդել․ ի՞նչն է ընդունելի ապրելակերպ, ինչի՞ հետևել, ինչի՞ց հաճույք ստանալ։ Հետևորդը իրեն համեմատում է ոչ թե իդեալական կերպարի, այլ «սովորական մարդու» հետ, ինչը ուժեղացնում է նույնականացումը և նվազեցնում դիմադրությունը։ Այս համադրության արդյունքում ինֆլյուենսերը դառնում է ոչ թե տեղեկատվության աղբյուր, այլ սոցիալական ուղեցույց։ Նրա կարծիքը ընկալվում է ոչ թե որպես խորհուրդ, այլ որպես լռելյայն նորմ, իսկ վարքագծային փոփոխությունները տեղի են ունենում առանց գիտակցված ընտրության, արդյունքում մարդը սկսում է կողմնորոշվել ոչ թե սեփական արժեքներով, այլ թվային մեծամասնության արձագանքով՝ լայքեր, դիտումներ, թրենդներ»։ 

Միջազգային փորձը՝ ահազանգող  

Վերջին տարիներին միջազգային հետազոտությունները փաստում են սոցիալական ցանցերի և երիտասարդների հոգեկան առողջության միջև առկա լուրջ կապը։ Միջազգային կազմակերպությունների և անկախ հետազոտությունների տվյալներով՝ սոցիալական ցանցերում դեռահասների և երիտասարդների առնչվող կոնտենտը շարունակում է ազդել նրանց հոգեկան առողջության վրա՝ ի հայտ բերելով թե կախվածության, թե վտանգավոր ազդեցությունների օրինակներ։ 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO) եվրոպական տարածաշրջանի տվյալներով (Problematic Social Media Use)՝ սոցիալական ցանցերի խնդրահարույց օգտագործման օրինակները ավելանում են թե՛ Եվրոպայում, թե՛ Հայաստանում։ Համաձայն WHO-ի HBSC (Health Behaviour in School-aged Children) հետազոտության՝ 44 երկրների դեռահասներից ավելի քան 1-ից 10-ը չի կարողանում վերահսկել իր սոցցանցերի օգտագործումը և ստիպողաբար է շարունակում հետևել դրանց, ինչն ուղեկցվում է բացասական հետևանքներով։ Հայաստանի օրինակով՝ տղաների 10%-ը և աղջիկների 13%-ը նշել են, որ չեն կարողանում վերահսկել օգտագործումը և դրա արդյունքում ունեն բացասական հետևանքներ։ Սա ազդում է ոչ միայն նրանց օրվա ռեժիմի վրա, այլև՝ քնի, ուսման և սոցիալական փոխհարաբերությունների վրա։  (https://armenia.un.org/en/281313-teens-screens-and-mental-health

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի փորձը ևս ցույց է տալիս ռիսկի առկայությունը։ 2025-ին The Molly Rose Foundation-ի կողմից իրականացված անկախ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սոցիալական ցանցերի ալգորիթմները շարունակում են «հարյուրապատկել վնասակար կոնտենտի ցուցադրումը», հատկապես՝ ինքնավնասման, դեպրեսիայի և ինքնասպանության թեմաներով։ Ուսումնասիրությունը եզրակացնում է, որ Instagram-ում առաջարկվող տեսահոլովակների 97%-ը և TikTok-ում 96%-ը կրում են վնասակար բովանդակություն, իսկ ավելի քան 40%-ը ուղղակիորեն վերաբերում է ինքնավնասման կամ ինքնասպանության թեմաներին։ (https://care.org.uk/news/2025/08/tik-tok-and-instagram-accused-of-targeting-children-with-self-harm-and-suicide-content?utm_source=chatgpt.com

Սոցիալական-կոգնիտիվ տեսության համաձայն՝ սոցիալական մեդիայում հանդիպած բովանդակությունը կարող է ձևավորել ընդօրինակվող վարքագիծ, այդ թվում՝ ինքնասպանության փորձեր։ Երբ մարդիկ հրապարակում կամ բացահայտորեն ներկայացնում են ինքնասպանության թեմայով նյութեր, դա կարող է ազդել հոգեբանորեն խոցելի օգտատերերի վրա։ Օրինակ՝ 2008 թվականին ճապոնական մի հարթակում տարածվեց տեղեկատվություն ջրածնի սուլֆիդ գազով ինքնասպանություն գործելու մասին, ինչից հետո 220 մարդ փորձեց կիրառել այդ մեթոդը, որոնցից 208 դեպքն ավարտվեց մահվամբ։ Միջազգային փորձը փաստում է նաև ինքնասպանության ուղիղ հեռարձակումների վտանգը․ Քևին Ուիթրիկը և Աբրահամ Կ. Բիգսը իրենց ինքնասպանությունները հեռարձակել են առցանց՝ առանց ժամանակին միջամտության։ 

Համացանցը երբեմն օգտագործվում է նաև ինքնասպանության պայմանավորվածություններ ձևավորելու համար, երբ մարդկանց մի խումբ որոշում է միաժամանակ կամ նույն կերպով ինքնասպանություն գործել։ Առաջին նման դեպքը գրանցվել է Ճապոնիայում՝ 2000 թվականին, իսկ հետագա տարիներին այդ երևույթը տարածում է ստացել նաև Հարավային Կորեայում, որտեղ այն կապվում է ինքնասպանությունների բարձր ցուցանիշների հետ։  

Մյուս կարևոր ռիսկը կիբերբուլլինգն է։ 2006 թվականին ԱՄՆ-ում 13-ամյա Մեգան Մայերը ինքնասպանություն է գործել սոցիալական ցանցում ստացած վիրավորական և ինքնավնասում խրախուսող հաղորդագրություններից հետո, ինչը միջազգային մակարդակով քննարկում առաջացրեց առցանց բռնության հետևանքների շուրջ։ 

Նմանօրինակ դեպքերին զուգահեռ, սոցիալական մեդիան կարող է ունենալ նաև կանխարգելիչ դեր։ Facebook-ը, օրինակ, ալգորիթմների միջոցով հայտնաբերում է ինքնասպանության հետ կապված վտանգավոր բովանդակությունը և, ըստ ընկերության տվյալների, արդեն միջամտել է հազարավոր դեպքերի։ Բացի այդ, ինքնասպանության կանխարգելման թեժ գծերն ու աջակցող հարթակները ակտիվորեն գործում են Twitter-ում, Facebook-ում և YouTube-ում՝ օգնություն տրամադրելով ռիսկային խմբում գտնվող օգտատերերին։ 

Այս տվյալները ընդգծում են, որ սոցիալական ցանցերի ազդեցությունը երիտասարդների վրա բազմակողմանի է. այն կարող է լինել և հաղորդակցման ու աջակցության հարթակ, և սթրեսի ու հոգեկան ճնշման աղբյուր, եթե կոնտենտը չվերահսկվի կամ խոցելի օգտատերերը  ապահովված չլինեն անվտանգության մեխանիզմներով։ Միջազգային փորձը ցույց է տալիս՝ մեդիաագրագիտության և պատասխանատու ալգորիթմների անհրաժեշտությունը մեծ է երիտասարդների հոգեկան առողջությունը պաշտպանելու գործում։ 

Միլենա Միրզոյան