Ազատազրկման վայրում հայտնված անչափահասները չեն դադարում երազել, ստեղծել, ապրել ու սովորել։ Այդ երազանքները դառնում են ճաղերից դուրս նոր կյանքի առաջին քայլերը։
21-ամյա Ա. Ա.-ն լավ է հիշում գաղութում անցկացրած օրերը։ Ասում է՝ այնտեղ շատ ես սկսում մտածել կյանքի ու ապագայի մասին։ «Ազատազրկվել եմ թմրամիջոցների օգտագործման և տարածման համար։ Անիմաստ է ասել, թե որքան եմ զղջում հիմա, որ նման քայլի եմ գնացել։ Բանտում ամենաշատը ընտանիքիդ մասին ես սկսում անհանգստանալ՝ ինչպես են, արդյոք կներեն ինձ, և ես ի՞նչ եմ նրանց ասելու»,- պատմում է նա։
Կալանավայրում Ա. Ա.-ն արդեն որոշել էր, որ դուրս գալուց հետո այլևս թմրամիջոց չի օգտագործելու, ասում է և խոստումը պահել է: Շարունակեց ուսումը և ավարտեց այն: «Ես գիտեի, որ տեղում կանգնելով, ինձ անվերջ մեղադրելով՝ կյանքս միայն ավելի էի դժվարացնելու, ուստի որոշեցի առաջ շարժվել։ Այդ ընթացքում հանդիպեցի նրան, ով ցույց տվեց, որ կյանքը կանգ չի առել», ասում է նա։
Նշանադրվել է, աշխատանք ունի: «Ամենակարևորն է՝ հավատ ունեմ իմ ապագայի նկատմամբ»,- ասում է նա՝ ընդգծելով, որ այսօր իր կյանքում ամեն ինչ կառուցվում է քայլ առ քայլ։
22-ամյա Ա. Ս.-ն ազատազրկվել էր գողության համար: «Նման քայլի չէի գնա, եթե հայտնված չլինեի սխալ միջավայրում, ու այդ օրվանից ես ինձ խոսք տվեցի այլևս չմտերմանալ, չհավատալ ամեն պատահածի հետ, և ճիշտ որոշում էր»,-պատմում է նա: Հիմա զինվորական ծառայության մեջ է, ասում է՝ բանակային խիստ կանոնները և կարգապահությունը շատ են օգնել անձնական կյանքում կարգուկանոն հաստատելուն և պատասխանատվություն ստանձնելուն:
«Ազատազրկումից հետո երիտասարդի համար ամենադժվար փուլը հասարակություն վերադառնալն է։ Եթե նա դուրս է գալիս միջավայր, որտեղ իրեն սպասում են միայն արհամարհանքը և անվստահությունը, ապա նույնիսկ ամենախիստ դիսցիպլինան կորցնում է իր ազդեցությունը»,- նշում է հոգեբան- Մ. Կիրակոսյանը:
Դատվածություն ունեցող անչափահասների համար հանրային վստահությունը վերականգնելուց բացի, մեկ այլ խնդիր է աշխատանք գտնելը, գործատուների վստահությունը շահելը:
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Ն. Հովհաննիսյանը նշում է, որ կազմակերպությունը ծրագրեր է իրականացնում ուղղված ազատազրկված անձանց սոցիալական վերաինտեգրմանը և նրանց՝ աշխատաշուկա դուրս գալուն։ Այդ ծրագրերը ներառում են մասնագիտական վերապատրաստում, աշխատանքի հնարավորությունների ընդլայնում և գործատուների հետ համագործակցություն։
Նա հավելում է, որ արտաքին գործընկերների հետ համագործակցության շրջանակում ՀԿ-ն ներգրավված է տարբեր հանրային նախաձեռնություններում, որոնք թեև հիմնականում ուղղված են ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանությանը, սակայն կարող են դրական ազդեցություն ունենալ նաև անչափահասների շահերի պաշտպանության վրա։ Մասնավորապես՝ վերաինտեգրման, նախաձեռնողականության խթանման և հասցեական իրազեկման աշխատանքներին։
Ազատազրկումից հետո վերաինտեգրումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ հասարակությունը ընտրում է աջակցությունը՝ զրպարտելու փոխարեն։
Լուսանկարը՝ «Հետքի»