Դասախոսությունը «Երեխաների չորս հիմնարար հոգեբանական պահանջները» (The Four Basic Psychological Needs of Children) թեմայի շրջանակներում էր, որի ընթացքում բանախոսը պատասխանեց այն հարցին, թե ինչպես է ժամանակակից մեդիամիջավայրը ազդում երեխայի անձի ձևավորման վրա։ Դասախոսության տեսական հիմքը գերմանացի հոգեբան Կլաուս Գրաուվեի կոնսիստենտության տեսությունն էր, ըստ որի մարդու հոգեբանական բարեկեցությունը պայմանավորված է չորս հիմնարար պահանջների բավարարմամբ՝ կողմնորոշման և վերահսկողության (ա), հաճույքի ձգտման և ցավից խուսափման (բ), կապակցվածության կամ կապվածության (գ), ինչպես նաև ինքնագնահատականի պահպանման և պաշտպանության (դ)։
Դասախոսության ընթացքում առանձնահատուկ հետաքրքրություն առաջացրեց այն հարցի քննարկումը, թե ինչպես է թվային մեդիամիջավայրը և սոցիալական մեդիան հանդես գալիս որպես յուրօրինակ նշանային համակարգ, որի միջոցով երեխան մեկնաբանում է սոցիալական իրականությունը և իր տեղը այդ իրականության մեջ։ Մեդիաբովանդակությունը ձևավորում է ընկալման, վարքագծի և ինքնագնահատականի որոշակի մոդելներ՝ ստեղծելով խորհրդանշական միջավայր, որտեղ սոցիալականացման գործընթացը զարգանում է արդեն ֆիզիկական իրականությունից դուրս։
Բանախոսը նշեց, որ ժամանակակից մեդիաբովանդակությունը հաճախ գերհագեցած է տեսողական ազդակներով և կազմակերպված է ալգորիթմների միջոցով։ Ակնթարթային խրախուսման մեխանիզմները ստեղծում են հոգեբանական պահանջների բավարարման զգացում, սակայն իրականում հազվադեպ են ապահովում դրանց լիարժեք իրագործումը/դրսևորումը կյանքում։ Արդյունքում երեխան ստանում է ճանաչման և հաճույքի խորհրդանշական ազդանշաններ՝ օրինակ «լայքերի» կամ «դրական մեկնաբանությույնների» միջոցով, որոնք կարող են փոխարինել կենդանի հաղորդակցության, համատեղ գործունեության և իրական ձեռքբերումների փորձին։
Խնդրի նշանագիտական կողմը հատկապես նկատելի է ինքնագնահատականի ձևավորման ոլորտում։ Սոցիալական մեդիան ստեղծում է մշտական խորհրդանշական համեմատության տարածք, որտեղ հավանության և ճանաչման նշանները սկսում են հանդես գալ որպես անձնական արժեքի կամ ինքնագնահատականի ցուցիչներ։ Սա կարող է երեխաների և դեռահասների (և ոչ միայն նրանց) մոտ ձևավորել արտաքին գնահատականների նկատմամբ կախվածություն և ինքնագնահատականի անկայունություն։ Դասախոսության ավարտին Յան Հիտցերոն ընդգծեց պահանջակենտրոն դաստիարակության մոտեցման կարևորությունը, որը ենթադրում է երեխաների մոտ հստակ սահմանների՝ «կարելի»-ի և «չի կարելի»-ի ձևավորումը։ Նրա խոսքով՝ մեդիան չի կարելի դիտարկել միայն որպես տեխնոլոգիական գործիք։ Այն նաև նշանների և իմաստների բարդ տարածք է։ Այս համատեքստում կարևոր են մեդիայի օգտագործման ողջամիտ սահմանները, իրական հաղորդակցական սահմանների զարգացումը։ Այս ամենը օգնում է երեխային ձևավորել կայուն ինքնություն և առողջ հոգեբանական զարգացում։
Դասախոսությունը մեծ հետաքրքրություն առաջացրեց ուսանողների և մասնակից պրոֆեսորադասախոսական անձնակազմի մոտ և առիթ դարձավ քննարկելու ավելի ընդգրկուն մի խնդիր, այն է՝ ինչպես է մեդիամիջավայրը որպես նշանային տարածք ազդում թվային դարաշրջանում մարդու սոցիալականացման, հաղորդակցության և անձի ձևավորման գործընթացների վրա։