03.10.2026
Կատեգորիա
Հասարակություն
ասուլիս

Հայաստանում Ապրիլի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկերի միջոցով։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը   «Արմենպրես» լրատվական գործակալությունում կայացած ասուլիսի ժամանակ նշեց, որ ապրիլի 1-ից  անկանխիկ վճարման համակարգի կանցնեն նաև 2021 թվականին անկանխիկ վճարումների համակարգից դուրս մնացած հետևյալ  խմբի շահառուները ՝ 75 տարին լրացած կենսաթոշակառուները, առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք և ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող քաղաքացիները։ Որոշումը պայմանավորված է պետական ընդհանուր քաղաքականությամբ՝ ընդլայնելու անկանխիկ գործառնությունների շրջանակը։

Միասնական սոցիալական ծառայության տվյալներով՝ 2024 թվականի վերջում շուրջ 50 000 շահառու դեռ ստանում էր վճարումները կանխիկ եղանակով։ Ներկայումս այդ թիվը կրճատվել է՝ հասնելով մոտ 26 000-ի։

«Մինչև մարտի 5-ը թոշակառուները պետք է ընտրեն իրենց նախընտրած բանկը և ներկայացնել համապատասխան դիմում՝ կամ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնում կամ առցանց եղանակով։ Դրանից հետո անհրաժեշտ է բանկի հետ կնքել հաշվի սպասարկման պայմանագիր և ստանալ բանկային քարտ։ Եթե քաղաքացին մինչև մարտի 5-ը բանկ չընտրի, համակարգը ավտոմատ կերպով կընտրի բանկ։ Այդ մասին քաղաքացին կտեղեկացվի հեռախոսազանգի կամ էլեկտրոնային փոստի միջոցով, ինչպես նաև կարող է տեղեկատվություն ստանալ ծառայության կայքէջում»,-նշեց Անահիտ Գալստյանը։

Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Աննա Բեգլարյանն էլ ավելացրեց, որ այն քաղաքացիների համար, ովքեր առողջական կամ տեղաշարժման խնդիրների պատճառով չեն կարող այցելել բանկ, կգործի սուրհանդակային ծառայություն՝ բանկային պայմանագրի ստորագրման և քարտը տուն առաքելու նպատակով։ Անհրաժեշտության դեպքում սոցիալական ծառայության աշխատակիցները նույնպես կայցելեն շահառուներին։ Ըստ նախնական գնահատականների՝ մոտ 10-15 հազար քաղաքացի կարող է նման աջակցության կարիք ունենալ։

Մեկ այլ խնդիր է այն, որ շուրջ 2500 շահառու չունի վավեր անձը հաստատող փաստաթուղթ։ Անհրաժեշտ է հնարավորինս շուտ լուծել անձնագրային հարցերը, իսկ անհրաժեշտության դեպքում գործընթացը կիրականացվի անձնագրային ծառայության հետ համագործակցությամբ։

Պաշտոնյաները վստահեցրին, որ ապրիլի 1-ից հետո քաղաքացիները կկարողանան իրենց բանկային քարտերից ազատորեն կանխիկացնել գումար բանկոմատներից։ Կանխիկացման սահմանափակումներ չեն նախատեսվում։

Անահիտ Գալստյանը, անդրադառնալով դժգոհություններին, նշեց, որ ցանկացած նոր փոփոխություն անհանգստություն կարող է առաջացնել, երբ դեռ նոր և անսովոր է, բայց հենց այդպես են փոփոխությունները լինում. ամեն դեպքում թոշակառուն հաջորդ ամիս հետվճար ստանալով դժվար թե դժգոհ կմնա։ Հետվճարի առավելագույն չափը փետրվարից կկազմի 10 000 դրամ կամ կատարված անկանխիկ գործառնությունների 20 տոկոսը։ Այսպիսով, անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստացողները լրացուցիչ գումար ստանալու հնարավորություն կունենան։

Մելանյա Գրիգորյան