Չնայած Երևանի ժամանցային կենտրոնների աճին, մեծ մասը դեռևս չեն ապահովում հաշմանդամություն ունեցող մարդկանց լիարժեք մասնակցությունը: Թեքահարթակների, մայթին հավասարեցված մուտքերի և վերելակների բացակայությունը հաճախ ստիպում է նրանց դիմել ուրիշների օգնությանը կամ հրաժարվել այցելել իրենց նախընտրած մշակութային և ժամանցային վայրերը:
Հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը մշակութային և ժամանցային կյանքին ոչ թե պարզապես հաճույք է, այլ հիմնարար իրավունք, որը երաշխավորվում է միջազգային և տեղական օրենսդրությամբ։ Հայաստանը դեռևս 2007 թվականին ստորագրել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան, սակայն փաստացի իրագործումը դեռ հեռու է պահանջվող մակարդակից։
Սեյրանը, ով գրեթե ամեն օր բախվում է այս խնդիրներին, պատմում է․
«Շատ վայրերում թեքահարթակները սխալ են կառուցված, իսկ սրճարաններն ու ռեստորանները հիմնականում չունեն հարմարեցված սանհանգույցներ։ Հաճախ ստիպված եմ հրաժարվել որոշ վայրերից կամ դիմել ուրիշների օգնությանը՝ հասնելու համար այնտեղ, որտեղ լինելու իրավունք ունեմ»։
Մեր կատարած ուսումնասիրությունը ցույց տվեց, թե իրականում ինչքանով են Երևանի մի շարք մշակութային և ժամանցային վայրեր հարմարեցված հաշմանդամություն ունեցող անձանց։
Երևանի մշակութային հաստատությունների մատչելիությունը զգալիորեն տարբերվում է։ Օրինակ՝ Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի մուտքի մոտ թեքահարթակ չկա, մինչդեռ Պատանի հանդիսատեսի թատրոնում, Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, «Մոսկվա» կինոթատրոնում և Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում մուտքը հարմարեցված է։
Այնուամենայնիվ, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի ներկայացուցիչները նշում են, որ նույնիսկ այն վայրերում, որտեղ մուտքը մատչելի է, ներսում միջանցքներն ու սանհանգույցները հաճախ մնում են աննպատակահարմար․
«Օրինակ՝ թատրոններում չկա հնարավորություն հանելու նստատեղը, որպեսզի սայլակով այցելուն հարմար տեղավորվի։ Տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար ձայնային հրահանգներով տեղեկատվությունը հիմնականում բացակայում է»։
Թանգարանների դեպքում պատկերը նույնքան անհավասար է։ Մատենադարանում թեքահարթակ կա, բայց դրսի աստիճանների պատճառով հասանելիությունը բարդանում է։ Թումանյանի, Իսահակյանի, Չարենցի և Խաչատրյանի տուն-թանգարանները դեռևս չունեն հարմարեցված մուտքեր։
Միաժամանակ, կան նաև դրական օրինակներ՝ Մարտիրոս Սարյանի թանգարանը, Հայաստանի պատմության թանգարանը և ազգային պատկերասրահը ապահովված են թեքահարթակներով, վերելակներով և հատուկ կահավորված սանհանգույցներով։ Սարյանի թանգարանում գործող «Խոսող կտավներ» նախագիծը, օրինակ, հնարավորություն է տալիս տեսողության խնդիրներ ունեցող այցելուներին «լսել» նկարչի գործերը։
Իսկ ժամանցի վայրերի դեպքում ուսումնասիրությունը ցույց տվեց, որ Երևանի մոտ 12 սրճարաններից և ռեստորաններից միայն 5-ն ունեն թեքահարթակներ և մայթին հարմարեցված մուտքեր։
Ավելի լավ պատկերացնելու համար կարող եք դիտել ստորև տեղադրված քարտեզը. կանաչ գույնով նշված են այն վայրերը, որոնք հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց համար, իսկ կարմիրով՝ որտեղ հարմարություններ չկան։
Այս խնդրի վերաբերյալ հետաքրքրեց նաև այն հարցը, թե արդյոք Երևանի քաղաքապետարանն է վերահսկում հաշմանդամություն ուենցող անձանց անխոչընդոտ մուտքը դեպի մշակութային և ժամանցային վայրեր։ Պարզվեց, որ այս հարցը մասնակիորեն գտնվում է Երևանի քաղաքապետարանի իրավասության ներքո։ Քաղաքապետարանի լրատվության բաժնից տեղեկացանք, որ շինթույլտվություն ստացող բոլոր նոր շենքերը պարտադիր պետք է ապահովված լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված հարմարություններով։ Սակայն հին և մասնավոր կառույցների նկատմամբ նման վերահսկողություն գործնականում չի իրականացվում։
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն նշում է, որ Երևանը դեռ հեռու է մատչելիության ստանդարտներից։
«Խնդիրը միայն թեքահարթակը չէ՝ դռները ծանր են, բռնակները՝ անհարմար, իսկ սանդուղքների չափերը՝ սխալ։ Այս ամենը վկայում է վերահսկողության բացակայության մասին», — նշում են ՀԿ-ում։
Նրանց խոսքով՝ վերջին տարիներին որոշակի առաջընթաց կա հասարակական տրանսպորտի ոլորտում, բայց մնացած ոլորտներում փոփոխությունները մասշտաբային չեն։
Ուսումնասիրելով միջազգային փորձը՝ կարելի է ասել, որ հիմնկանաում ժամանցային և մշակութային վայրերը հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց։ Օրինակ՝ Ստրասբուրգում, Ամստերդամում, Բեռլինում մշակութային կենտրոնները ունեն առանձին հարմարեցված մուտքեր հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Կան նաև մի շարք թանգարաններ, թատրոններ, որոնք հարմարեցված են տեսողական և լսողական խնդիրներ ունեցող անձանց համար։
Սեյրանը նաև նշեց, որ վերջերս է վերադարձել Եվրոպայից և նկատել է, որ Ֆրանսիայում ու Գերմանիայում նույնիսկ փոքր սրճարաններն ունեն երկրորդ մուտք՝ թեքահարթակով կամ շարժական վերելակով։ Բոլոր սանհանգույցներն էլ հարմարեցված են հատուկ սահմանված կարգով։ Այնտեղ մարդը իրեն կարող է լիովին անկախ զգալ։
Ի՞նչ անել․ առաջարկներ և լուծումներ
ՀԿ-ից նշում են, որ անհրաժեշտ է ոչ միայն խստացնել վերահսկողությունը, այլև բարձրացնել հանրային իրազեկվածությունը։
«Պետք է հասկանալ, որ մատչելիությունը վերաբերում է ոչ միայն հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց, այլ նաև տեսողական, լսողական հաշմանդամություն ունեցողներին։ Բացի այդ, հանրությունը պետք է սովորի պարզ կանոններ՝ օրինակ՝ չկայանել ինքնագլորը թեքահարթակի առջև կամ մայթերի մեջտեղում», - շեշտում են նրանք։
Երևանը շարունակում է զարգանալ, սակայն քաղաքը դեռևս մնում է մասնակիորեն անհասանելի իր քաղաքացիների համար։ Մատչելիության բացակայությունը ոչ միայն խախտում է մարդու հիմնարար իրավունքները, այլև նվազեցնում է մարդկանց կյանքի որակը՝ զրկելով նրանց հասարակության լիարժեք անդամ լինելու հնարավորությունից։ Պետական կառույցների, բիզնես ոլորտի և հասարակության համագործակցությունը կարող է փոխել իրավիճակը։ Մատչելիությունը պետք է դառնա մշակույթի մաս՝ ինչպես Եվրոպայում, որտեղ «քաղաք բոլորի համար» գաղափարը վաղուց իրականություն է դարձել։