03.04.2026
Կատեգորիա
Մշակույթ
ցուցահանդես

Մարտի 3-ին Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Տրդատ» ցուցասրահում տեղի ունեցավ ՀՀ վաստակավոր ճարտարապետ Մարտին Միքայելյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը։ Բացմանը ներկա էին Մարտին Միքայելյանի որդիները, աշակերտները և բարեկամները, ինպես նաև բոլոր նրանք, ովքեր պարզապես եկել էին ճարտարապետի հիշատակը հարգելու կամ իր գործունեությանը ծանոթանալու նպատակով։ Ցուցահանդեսը ստացել էր «Ես 100 տարեկան եմ և այսօր էլ հաշվետու եմ» խորագիրը․ ցուցահանդեսի համադրող, Մարտին Միքայելյանի ուսանող, պրոֆեսոր-ճարտարապետ Կարեն Բալյանը բացատրեց, թե ինչու են որոշել խորագիրը առաջին դեմքով գրել․ 

«Մտածում էինք, թե ինչպիսին կարող է ցուցահանդեսը լինել, և մի լուսանկար տեսանք՝ Ջերմուկի առողջարանի վիտրաժը, այդտեղից ծնվեց այս գաղափարը․ դիմեցի Ավետին (Մարտին Միքայելյանի կրտսեր որդին)․ «Ես կարծում եմ՝ Մարտին Գրիգորյեվիչը ամեն ինչ լուսանկարում էր, ինչ կառուցում էր», ասաց․ «Հա, իհարկե», և այդտեղից ծնվեց այն միտքը, որ ցուցադրությունը իր կողմից է, ոնցոր Մարտին ՄԻքայելյանը ինքը ներկայացնում է իր արված գործերը»։ 

Ցուցահանդեսի սրահում մեկ ամբողջ պատի երկարությամբ կախված էր Մարտին Միքայելյանի նախագծած շենքերի լուսանկարներից հավաքված կոլաժը, բոլոր լուսանկարները արված էին ճարտարապետի կողմից։ Մարտին Միքայելյանի միջնեկ որդին՝ Ալեք Միքայելյանը, մեկնաբանեց իր հոր ներդրումը ճարտարապետության մեջ․ 

«100-ից ավելի իրականացված նախագծեր․ ճարտարապետները նախագծում են, բայց ոչ բոլորն են կառուցվում, իր մոտ, բոլորը նշում են, որ ամենաբարձր տոկոսն էր նախագծերի, որոնք կառուցվել են։ Նաև աշխարհագրությունն էր շատ լայն․ Հայաստանի 30 բնակավայրերում կառույցներ ունի»։

Ցուցահանդեսի կազմակերպման գործում իրենց ներդրումն են ունեցել թանգարանի աշխատակիցները, Մարտին Միքայելյանի որդիները, իր եղբոր դուստրը, իր ուսանող Կարեն Բալյանը և շատ ուրիշներ։ Ցուցահանդեսի բացմանը ելույթ ունեցավ ճարտարապետ Աշոտ Կանայանը, ով պատմեց Մարտին Միքայելյանի հետ ծանոթության մասին և իրենց աշխատանքային փոխհարաբերությունների մասին։ Հանդես եկան նաև ճարտարապետի որդիները՝ Ալեք և Ավետ Միքայելյանները, որոնք թանգարանին նվեր մատուցեցին հայրական արխիվից մասունքները։ Արարողության ընթացքում հնչեցին բազում պատմություններ և գովերքի խոսքեր՝ ուղղված Մարտին Միքայելյանին։

Ցուցահանդեսը հնարավորություն է տալիս ծանոթանալու Մարտին Միքայելյանի հետ ոչ միայն որպես ճարտարապետի, այլև որպես գեղանկարչի և բանաստեղծի։ Թանգարանի տնօրեն Զարուհի Հայրապետյանն իր բացման խոսքում պատմեց ճարտարապետի՝ գրելու հանդեպ սիրո մասին, իր առաջին գրական փորձերի մասին 10 տարեկանում, և ինչպես էր ճարտարապետը ոգեշնչվում Չարենցով, Տերյանով և Իսահակյանով։ 

Միջոցառման այցելուների շարքում կարելի էր նկատել նաև երիտասարդների, որոնց թվում կային ճարտարապետական համալսարանի ուսանողներ։ Նրանք նույնպես իրենց գնահատականը տվեցին ցուցահանդեսի վերաբերյալ․ 

«Ես ճարտարապետականի 3-րդ կուրսի ուսանող եմ։ Շատ ուրախ եմ, որ ճանաչում ենք նման ճարտարապետի ու հնարավորություն ունենք ծանոթանալու իր հատակագծերին, գծագրերին և գործերին։ Գործերից շատերը առայժմ գտնվում են շատ վատ վիճակում ու ռեստովրացիայի կարիք ունեն, և, որպես ապագա ռեստովրատոր, ինձ հետաքրքիր էր ծանոթանալ գործերին, հասկանալ, թե ինչպիսի մեծ ճարտատապետներ են եղել ինձանից առաջ և սովորել նրանցից»։

Ցուցահանդեսից դուրս գալիս այցելուներին հնարավորություն էր տրվում իրենց տպավորություններն ու կարծիքները հանձնել թղթին։ Թանգարանի տնօրեն Զարուհի Հայրապետյանի խոսքով՝ ցուցահանդեսը տալիս է եզակի հնարավորություն այցելուներին ծանոթանալու շնորհաշատ ճարտարապետի ստեղծագործական ուղուն և վերարժավորելու նրա՝ մեզ թողած ժառանգությունը։

Էլիզա Մարգարյան