Այս համոզմունքն է ընկած բլոգեր Ալինա Բեգինյանի գործունեության հիմքում, ում հետ զրուցել ենք գրքերի կարևորության մասին:
Ալինայի համար գրականությունը փորձառություն է։ Նա վստահ է, որ դասական հեղինակների գործերը թույլ են տալիս «տողերի արանքում» տեսնել այն ամենը, ինչ կատարվում է մերօրյա հասարակության մեջ:
«Ես կարդացել եմ Դոստոևսկու բոլոր ստեղծագործությունները և վստահ կարող եմ ասել, որ դրանց շնորհիվ շատ լավ հասկանում եմ ժամանակակից հասարակությունը։ Ժամանակներն անցնում են, բայց գրեթե ոչինչ չի փոխվում. այն, ինչ հեղինակները գրել են 200 տարի առաջ, տեղի է ունենում նաև հիմա»,- նշում է Ալինան։
Նրա խոսքով՝ գրքերի միջոցով մարդը ծանոթանում է բնավորության գրեթե բոլոր տեսակներին և սովորում, թե ինչպես է ճիշտ վարվել տարբեր իրավիճակներում՝ վատ հետևանքներից խուսափելու համար։ Նա շեշտում է, որ յուրաքանչյուր գիրք հեղինակի կողմից տրված անգնահատելի փորձ է, որը դու փաստացի չես ապրում, բայց բարոյապես ու հոգեպես անցնում ես այդ ուղով։
«Դու աճում ես, և դա անգնահատելի է։ Սա հոգևոր աճ է։ Ամեն գրքի հետ դու ավելի ու ավելի ես բարձրանում։ Այդ պատճառով, իհարկե, դասական գրականությունը մեծ ազդեցություն ունի մարդու վրա». հենց այս փիլիսոփայությունն է ընկած Ալինայի գործունեության առանցքում: Եվ թե ինչպես կարելի է սոցիալական հարթակները ծառայեցնել այս առաքելությանը, Ալինան լավագույնս գիտի դրա մասին:
Նա սկսել է իր ուղին որպես բլոգեր շատ պատահական, բայց կարողացել է կարճ ժամանակում հոբբին վերածել կայուն ու կարգապահ աշխատանքի, որի գլխավոր նպատակը, իր խոսքով, լսարանին օգտակար լինելն է:
«Երբ ես գիտակցեցի, որ կարելի է մարդկանց տալ այն, ինչը կարող է օգնել իրենց կյանքում, այդ ժամանակ հասկացա, որ պետք է դա կատարելագործեմ և բլոգը դարձնեմ մշտական ու կայուն։ Որոշեցի տեսանյութեր նկարահանել ոչ թե պարզապես այն ժամանակ, երբ ցանկություն կունենամ, այլ դա դարձնել կարգապահ, ճիշտ կազմակերպված բլոգ, որը առաջին հերթին օգտակար է մարդկանց համար», -նշում է Ալինան:
Բացի այն, որ Ալինան իր բլոգն ունի, որտեղ կիսվում է գրքերի մասին իր կարծիքով, նա նաև ունի մի նախագիծ՝ գրքի օնլայն ակումբը, որն այսօր ավելին է իր համար, քան ուղղակի գրքի քննարկումները:
«Սկզբում, երբ իմ մեջ առաջացավ նման «համայնք» ստեղծելու միտքը, ես ուզում էի դրա մեջ դնել ոչ միայն որևէ գրքի քննարկում, այլ ավելի մեծ ու ավելի խորքային գաղափար, և ինչպես վերջերս գրել էր գրքի ակումբի մասնակիցներից մեկը՝ մեր գրքի ակումբը պարզապես ակումբ չէ, այլ շատ խորը հոգեբանական օվկիանոս է», -պատմում է Ալինան։
Նրա խոսքով՝ ակումբը իրենց հնարավորություն է տալիս ոչ միայն գրքի խորը վերլուծություն անել, այլև պարզապես շփվել տարբեր թեմաների շուրջ, և եթե որևէ մեկին օգնություն է պետք, նրանք անպայման օգնում են: Ալինայի գնահատմամբ դա մի կողմից պարզապես կանանց համայնք է, որտեղ միմյանց հետ կիսվում են օգտակար բաներով, իսկ երկրորդ հերթին արդեն գրքի քննարկումն է՝ որպես հաճելի հավելում։
«Կարելի է ասել՝ համատեղում ենք հաճելին օգտակարի հետ», -հավելեց Ալինան:
Զրույցի վերջում փորձեցինք մի քանի կարճ հարցերի միջոցով ամփոփել Ալինայի գրական նախասիրություններն ու ընտրությունը.
-Դասական թղթե գիրք, թե՞ էլեկտրոնային։
-Անկասկած՝ թղթե։
-Մեկ գիրք, որը խորհուրդ կտայիք բոլորին։
-Դա հաստատ Դոստոևսկին է, թող լինի «Ապուշը»։
-Եթե հնարավորություն ունենայիք հանդիպելու գրական որևէ հերոսի, ո՞ւմ կընտրեիք։
-Կարծում եմ՝ կընտրեի Դոստոևսկու «Մեռյալ տնից գրառումներ»-ի հերոսին, բայց քանի որ այն ինքնակենսագրական է, հավանաբար կհանդիպեի հենց հեղինակի՝։
-Գիրք, որը բոլորի մոտ հիացմունք է առաջացրել, բայց դուք այդքան էլ համաձայն չեք այդ մտքին։
-Վերջերս կարդացի Մարիա Կորելիի «Սատանայի վիշտը» բեսթսելերը։ Թեև գաղափարը վատը չէր, բայց ոճն ու մակերեսայնությունն ինձ չհամապատասխանեցին։ Դոստոևսկուց հետո դժվար է կարդալ գրքեր, որտեղ պակասում է հոգեբանական խորությունը։
Զրույցն արվել է ռուսերեն, թարգմանությունը՝ հեղինակի