03.11.2026
Կատեգորիա
Հասարակություն
ճոպանուղի

Ալավերդու ճոպանուղին, որը երկար տարիներ եղել է քաղաքի աորտան, այժմ մնացել է որպես պատմական ժառանգություն՝ վկայելով այն ժամանակաշրջանի մասին, երբ արդյունաբերությունն ու աշխատավորական մշակույթը կերտել են քաղաքի պատմությունը։

Ալավերդու պղնձաձուլական գործարանի կողմից կառուցված ճոպանուղին միանգամից դարձավ քաղաքի տնտեսության ու սոցիալական առանցքը։ Երբ գործարանը տարիների ընթացքում մեծացրեց արտադրական ծավալները, միաժամանակ մեծացավ աշխատողների թիվը, ինչն առաջացրեց նաև բնակելի թաղամասերի կառուցման անհրաժեշտություն։

Եվ երբ համայնքն ու արդյունաբերությունը զարգանում են այսպիսի տեմպերով, երբեմն պահանջվում է ոչ միայն նոր տրանսպորտային լուծումներ, այլև մի ամբողջ սոցիալական համակարգի կառուցում: 

1977 թվականին, երբ Ալավերդու կյանքը սկսում էր նույնպիսի ուժեղ տեմպերով զարգանալ, ճոպանուղին դարձավ ոչ միայն գործարանի աշխատակիցների փոխադրամիջոցը, այլև վերածվեց էքստրեմալ արկածների յուրահատուկ խորհրդանիշի՝ քաղաքի անցյալն ու ապագան փոխկապելով իրար։ 

Շահագործման առաջին տարիներին ճոպանուղին միայն հասարակ տրանսպորտ չէր: Այն դարձավ քաղաքի զարկերակը։ Ասում են, թե առաջին տարիներին ճոպանուղին օրական տեղափոխում էր մինչև 900 ուղևոր։ 1990-ականների ծանր տարիներին, երբ պատերազմն ու սոցիալ-տնտեսական ճգնաժամերը շարունակում էին ազդեցություն ունենալ երկրի տարբեր շրջանների վրա, Ալավերդու ճոպանուղին մնաց «երբևէ անփոփոխ» ու նույնքան հուսալի։ Որպեսզի պատկերացնենք այս փոքրիկ վագոնի նշանակությունը, պետք է հիշենք, որ այդ ժամանակ, մասնավորապես երկրաշարժից հետո, երբ վառելիքի ներմուծումը դարձել էր գրեթե անհնար, միակ փոխադրամիջոցը, որով հնարավոր էր տեղափոխվել, ճոպանն էր: 

Չնայած նրան, որ ճոպանուղին սոցիալական դեարակատար էր, այնուամենայնիվ մնում էր որպես գործարանի սեփականություն և շահագործվում էր համայնք-սեփականատեր համագործակցությամբ: 2010-ականների կեսերին այն դադարեց գործել:

Բայց ո՞րն է ճոպանուղու թողած հետքը։ Ինչպե՞ս կարող ենք այս խորհրդանիշը պահպանել նաև մեր ներկա իրականությունում։ 

Այդ հարցին այսօր պատասխանում են մարդիկ, ովքեր տեսնում են ճոպանուղին ոչ միայն որպես պատմական հուշարձան, այլև՝ տնտեսական զարգացման նոր հնարավորություն։ 

Համայնքային իշխանությունները և մի շարք հասարակական նախաձեռնություններ պարբերաբար բարձրացնում են ճոպանուղու վերագործարկման գաղափարը՝ այն դիտելով ոչ միայն որպես պատմական արժեք, այլև՝ զբոսաշրջային և համայնքային զարգացման հնարավորություն։ Այժմ Կառավարության հետ համատեղ իրականացվում են բանակցություններ՝ ճոպանուղին համայնքին նվիրաբերելու, հետագայում նաև շահագործելու նպատակով: Իսկ ալավերդցիները շարունակում են հույս հայտնել, որ երբևէ նորից կտեսնեն իրենց քաղաքի խորհրդանիշ դարձած ճոպանուղու վերածնունդը:

Լիլիա Ալավերդյան